Պետք են խստագույն միջոցներ համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Պետք են խստագույն միջոցներ համավարակը հսկողության տակ առնելու համար. վարչապետ

15:09 21.05.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք: Ընդհանուր արձանագրվել է 70 մահ:

Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ և այնտեղից զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ այն մասին, որ հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ դրական ախտորոշումով: Եվ դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների և մահերի թիվը գրանցում են որպես կորոնավիրուսով առաջացած մահեր:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կրկին անգամ ընդգծել, որ կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել: Եվ, ի վերջո, մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել կամ ավելի ճիշտ՝ պատկերացնում ենք: Եվ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների:

Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է. մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի: Ընդ որում, գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել, և մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված նաև սոցիալական ցանցերում, թե ինչու, օրինակ, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում: Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է: Եվ մենք պետք է ապահովենք, որ նաև պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են: Մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր կրեն, այդ թվում՝ նաև միջանցքներում, նաև ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ, որպեսզի պատշաճ սոցիալական հեռավորություն ապահովվի»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պարետատունն անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի: «Եվ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության: Ընդ որում, ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ անհրաժեշտ պայմանները չեն պահում ո՛չ հաճախորդները, ո՛չ էլ վարորդները, ինչը նույնպես փակ տարածք է:

Պարետատունը սահմանել է կանոններ իրավաբանական անձանց համար, թե հակահամաճարակային ինչ կանոններ պետք է պահպանեն: Հաջորդ խնդիրը, որը շատ կարևոր է՝ մեր տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն սահմանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների, իրավաբանական անձանց նկատմամբ:

Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, երևի այդքան էլ պատեհ չէ արձանագրել, բայց առաջինը նախ պետք է պահել սոցիալական հեռավորություն։ Եթե բաց տարածքներում սոցիալական հեռավորության պահպանման հարցում վստահ չենք, իրար հետ խոսելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ ունենալով կամ սոցիալական պատշաճ հեռավորությունը պահելով, որովհետեւ խոսելու ընթացքում վարակվելու հավանականությունը շատ մեծ է:

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ես խնդրում եմ, կոչ եմ անում՝ եկեք, այսպես ասած, փչացած հեռախոսի ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածենք կորոնավիրուսի մասին: Կորոնավիրուսի մասին Հայաստանի կառավարության տված բոլոր տեղեկությունները՝ առանց բացառության, բոլոր տեղեկությունները և գնահատականներն օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, կախված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է։ Այսօր աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, թե 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը, և նոր գիտելիքի կամ նախկինում արձանագրված գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ՝ եկեք արձանագրենք այս լրջությունը։ Ինձ համար գործնական և գաղափարական առումով կորոնավիրուսի դեմ պայքարի մի գերարդյունավետ միջոց կա՝ դա անհատական պատասխանատվությունն է։ Սրանից ավելի արդյունավետ միջոց չի կարող լինել, իհարկե, զուգահեռ նաև այլ միջոցներով: Եվ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության, այդ թվում՝ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակում, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասել է վարչապետը:

Կառավարությունը հաստատել է 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը

Կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը: Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով ներկայումս աշխարհում առկա ընդհանուր իրադրությունը՝ մասնավորապես, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում սեփական մասնակցությամբ խթանել ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումների իրականացմանը: Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպությունների առկա և հնարավոր ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Կատարված ներդրումները մշտապես լինելու են ՀՀ կառավարության դիտարկման դաշտում, հիմք ընդունելով այն փաստը, որ «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր կազմակերպություն, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է դիտարկել մինչև 50 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ կատարելով փայի ձեռք բերումը տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամ։ Իրականացվելիք ներդրումները նպաստելու են Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված հակաճգնաժամային ռազմավարության նպատակների իրականացմանը և տնտեսության զարգացմանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն մի շարք պայմանները: Մասնավորապես՝ մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ առաջարկը մանրամասն և բուռն քննարկվել է կառավարությունում ձևավորված հակաճգնաժամային աշխատանքային խմբի հանդիպումների շրջանակում, որի նպատակը Հայաստանում ներդրումները խթանելն է:

Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա

Կառավարությունը հաստատել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի ընդունելության գործընթացի կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց և ընդունելության քննությունների ընթացքում պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները: Որոշմամբ առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դիմորդները նախօրոք տեղյակ են եղել թե ինչ քննություններ պետք է հանձնեն և պատրաստվել են հանձնել ընդունելության 2 կամ 3 քննություն: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Այն մասնագիտությունները, որտեղ ընդունելության համար դիմորդի հայեցողությամբ նախատեսված է եղել կամընտրական առարկաների քննություններ՝ կրկին թողնվել է դիմորդի հայեցողությանը՝ իր ցանկությամբ ընտրելու մեկ քննություն:

Դիմորդները ընդունելության քննության եւ մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը։ Նախարարի խոսքերով՝ այնպես են արել, որ գործընթացը զորակոչին նույնպես չխանգարի ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։

Հայաստանում կիրականացվեն մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ

Կառավարությունն ընդունել է որոշում ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ: Կիրականացվեն թվով 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննում, թվով 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև թվով 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը:

Մասնավորապես` նախատեսվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Վայոց ձորի Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում, Արագածոտնի մարզի Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում, Արարատի մարզի Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում, Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում և այլն: Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար: Կիրականացվի նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման ծրագիրը` համաֆինանսավորմամբ Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնով և ՌՈՔԵՄՓ (ROCHEMP – Regional Office for Cultural Heritage Enhancement, Management and Protection) ծրագրով:

Սպանդանոցներին կտրամադրվեն տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր՝ գյուղատնտեսական կենդանիների գնման նպատակով

Հանրապետությունում սպանդանոցներին գյուղատնտեսական կենդանիների գնումներ կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման՝ պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի գնման ուղղությունները լրացնել նոր՝ սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնման ուղղությամբ: Եվ այդ նպատակով տրամադրվող վարկերի առավելագույն շեմը նախատեսվում է սահմանել սպանդանոցների մակերեսից ելնելով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2 մլն դրամ հաշվարկով։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնել է, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ գործում է 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ է մատուցում: «Կառուցման փուլում է գտնվում 82-ը, որից նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործի: Մնացածը սպանդանոցները, նախնական տվյալներով, կգործեն մինչև տարեվերջ: Իսկ ընդհանուր առմամբ հանրապետությունում առկա է 70-80 սպանդանոցի պահանջարկ»,- ասել է Արթուր Ասոյանը:


Հաստատվել են «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները: Որոշման ընդունումը բխում է հավանության արժանացած «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից և միտված է կանոնակարգելու ծրագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի նախաորակավորման փուլի ընթացակարգի կազմակերպմանը և մասնակիցներին ներկայացվելիք պահանջների հաստատմանը։ Արդյունքում՝ կկազմակերպվի և կանցկացվի թափանցիկ և բաց մրցույթ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, հիշեցրել է, որ «Մասդար» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում առաջարկել էր գին, որն այդ պահին միջազգային ստանդարտներով բավական ցածր էր:

«Այս մրցույթի կարգը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ինքը «Մասդար» ընկերությունից ստացել է այսպիսի առաջարկ, ո՞ր ընկերությունն է, որ կարող է ավելի լավ առաջարկով հանդես գալ, բայց «Մասդար» ընկերությունն ունենալու է նախապատվություն: Եթե առաջարկվի իր նախկինում առաջարկված գնից ցածր գին՝ «Մասդար» ընկերությունը հնարավորություն է ունենալու այդ առաջարկած ցածր գնից 0.1 ցենտ պակաս գնով իրականացնել նախագիծ: Եթե կառաջարկվի այնպիսի գին, որը ցածր կլինի այնքան, որ «Մասդար» ընկերությունը չի կարողանանա 0.1 ցենտի չափով ավելի ցածր գին առաջարկել՝ նշանակում է կհաղթի այն ընկերությունը, ով առաջարկել է ամենացածր գինը»,– ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նման պրակտիկա ՀՀ-ում չի եղել, եւ հույս կա, որ ՀՀ-ն այս մրցույթով կստանա իր համար շահավետ տարբերակներ: Վարչապետի խոսքերով՝ պետք է փորձել այսպիսի մրցութային կարգերը կիրառել հնարավորինս լայն, որպեսզի մրցակցությունը պահպանվի:

«Այս պարագայում մենք համոզված կլինենք, որ ունենք օբյեկտիվ գին, որ ուրիշների հնարավորություններն չենք սահմանափակել և, ի վերջո, ստացել ենք ամենաշահավետ առաջարկը Հայաստանի Հանրապետության համար, ինչը շատ կարևոր է նաև Հայաստանի տնտեսական իմիջի համար: Եվ սա շատ հստակ ուղերձ է բոլոր հնարավոր ներդրողներին, որ մենք իսկապես Հայաստանում մենաշնորհները հաղթահարել ենք և հրավիրում ենք բոլորին՝ ներդրումներ անելու Հայաստանի Հանրապետությունում և ամեն ինչ անում ենք այդ ներդրումների անվտանգությունը ապահովելու համար:

Կարծում եմ՝ մեր ներդրումային միջավայրի համար չափազանց կարևոր է, որ մենք արբիտրաժի գործուն մեխանիզմը ներդնենք: Իհարկե, այստեղ էլ կա խնդիր. 2018 թվականի ամռանից այս թեման քննարկվում է, ես մի քանի հանձնարարականներ եմ տվել: Շատ կարևոր է ընտրել ճիշտ մոդելը, որպեսզի այն աշխատի: Կարելի է ասել՝ բա ինչո՞ւ մինչեւ հիմա արբիտրաժ չկա: Չկա մի պարզ պատճառով. մենք ուզում ենք համոզված լինել, որ ճիշտ մոդելն ենք ընտրում, և համակարգը գործադրելուց հետո աշխատելու է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կոնցեպտուալ փոփոխություններ՝ քրեական դատավարության համակարգում

Կառավարությունը հավանություն է տվել չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, նախատեսվում է ներդնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի արդյունքում ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում և մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը, որի արդյունքում քրեաիրավական վիճակն էականորեն կփոխվի:

Կառավարությունն արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով թույլատրվել են «Նակի», «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ, «Բոնիլատ», «Կապավոր», «Չերամիզիա ինթերնեշնլ» ՍՊԸ-ներին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Նակի» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 120 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 44 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 2 աշխատատեղ: Նախատեսվում է  ստեղծել 10 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 72 մլն դրամ, որից 42 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 44 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

«ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ն իրականացնելու է մետաղական լիստերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։ Նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումների ձեռքբերման համար, իսկ 33.4 մլն դրամը նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումների և հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:

«Բոնիլատ» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է կաթնամթերքի արտադրության համար (ք. Երևան և Արագածոտնի մարզ)՝ իրականացնելով 84 մլն դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 48 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 8-10 նոր աշխատատեղ` 95,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 480 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 84 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 12.6 մլն դրամ:

«Կապավոր» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում) (ք. Ստեփանակերտ), կիրականացնի 429.5 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 270 աշխատատեղ, կստեղծվի 20-25 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 429.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 22.7 մլն դրամ:

«Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը զբաղվելու է կերամիկական սպասքի արտադրությամբ (Կոտայքի մարզ)։ ՍՊԸ-ն արդեն իսկ իրականացրել է 2.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում, նախատեսում է ևս 759 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 38 աշխատատեղ, կստեղծվի ևս 162 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 934 մլն դրամ, որից 96.7 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 918.6 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 759 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 38 մլն դրամ: «Չերամիզիա ինթերնեշնլ» ընկերությունը կառավարության որոշմամբ կօգտվի նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

13:33 11.07.2025

Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն:  Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

BACK_TO_TOP