22:09 03.10.2020
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույց է տվել «Arab News Daily» պարբերականի ՄԱԿ-ի թղթակից (Նյու Յորք) Եփրեմ Քոսաիֆին՝ նշելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան պարզապես հարձակում չէ հայերի դեմ, այլ հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ։
Հարց. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ վերջին բախումները ամենաթեժը դարձան 1990-ականներից հետո: Լուրջ մտահոգություններ կան` կապված տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման հետ, որի մեջ կարող են ներքաշված լինել Ռուսաստանն ու Թուրքիան։ Մենք մանրամասն կզրուցենք այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանի հետ` Նյու Յորքում: Պարոն դեսպան, շնորհակալ եմ մեզ միանալու համար:
Վերջին մի քանի օրերի ընթացքում հակասություններ արձանագրվեցին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև` բախումների կապակցությամբ: Նախագահ Մակրոնը Թուրքիային շատ հստակ ազդակ է հղել, որ վերջինիս ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են Ֆրանսիայի համար։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ևս մատնանշում է, որ արտաքին միջամտություն կա։ «Reuters»-ը հաղորդել է, որ Թուրքիան օտարերկրյա վարձկանների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմելու: Որքանո՞վ եք մտահոգված օտարերկրյա միջամտությամբ և արտաքին ուժերով, որոնք աստիճանաբար սկսում են ներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ:
Պատասխան․ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինչպես Դուք ինքներդ արդեն նշեցիք, կան բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ արտաքին ահաբեկիչ մարտիկների և վարձկանների միջամտության վերաբերյալ, և արդեն իսկ միջազգային հանրության և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների կողմից հստակ կոչեր են հնչել։ Օտարերկրյա վարձկանները, որոնք, ըստ էության, հավաքագրվում և տեղափոխվում են Թուրքիայի աջակցությամբ (և այո, եկեք իրերն իրենց անուններով նշենք), խիստ վնասակար տարրեր են, և դրանց գործունեությունն ու տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի պետք է կասեցվի:
Հ․ Շատ է խոսվել այս հակամարտության բռնկման կամ վերսկսման ժամկետների մասին։ Ի՞նչ կարող եք ասել ժամկետների վերաբերյալ։ Ինչո՞ւ այժմ։
Պ․ Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին նախորդել է երկար տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով բացահայտորեն և հետևողականորեն քարոզած ատելության խոսքի և հայատյացության վտանգավոր հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսում էր ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և փառաբանում այդ հանցագործությունները կատարողներին։ Դրա հետ մեկտեղ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսել մահացու հարձակողական սպառազինություն ձեռք բերելու վրա և բացահայտորեն սպառնացել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին՝ խոստանալով ուժ կիրառել: Նրանց համար, ովքեր հետևել են, ամենևին անակընկալ չէր այն, որ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ միայն ատելության խոսքի դասական օրինակ էր, այլև, ինչպես մենք արդեն գիտենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն` հստակ ցեղասպան նպատակներով։
Հարձակումը նաև տեղի է ունենում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի ֆոնին, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հիվանդության դեմ պայքարն է: Ակնհայտորեն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է օգտվել համավարակի հետևանքով աշխարհում ի հայտ եկած խոցելիություններից՝ ինչպես նաև իր սեփական երկրի ներսում առկա անկայունությունների լույսի ներքո:
Սա պարզապես հարձակում չէ հայերի դեմ: Սա հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը:
Հ․ Խոսելով ՄԱԿ-ի մասին. ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և բոլոր կողմերին կոչ է ուղղել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բնականաբար, Ադրբեջանն ու Հայաստանը հրաժարվեցին վերադառնալ բանակցությունների: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին: Ի՞նչ է անհրաժեշտ նստելու և բանակցելու համար, և, առաջին հերթին, արդյո՞ք դա հնարավոր է:
Պ․ Հայաստանը երբեք չի հրաժարվել խաղաղ բանակցություններից, մենք ընդգծել ենք նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների` Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավվելու կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, իրոք, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին և դադարեցնել մարտերն ու նվազեցնել լարվածությունը: Սակայն Ադրբեջանը, կարծես, մտադիր չէ հետևելու այդ կոչին:
Կցանկանայի նաև հիշեցնել, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ էր արել COVID-19 համաճարակի վաղ շրջանում: Դեռևս մարտին նա կոչ էր արել աշխարհում դադարեցնել ռազմական գործողությունները` լռեցնել զենքերը, կասեցնել հրետանին, վերջ տալ օդային հարվածներին: Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, ով աջակցեց այս կոչին, և ավելի քան 170 երկրներ ևս միացան այդ նախաձեռնությանը: Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց սատարել Գլխավոր քարտուղարի կոչին, այլ նաև դիմեց լայնածավալ ռազմական ագրեսիայի, ինչի ականատեսն ենք մենք այսօր:
Հ․ Ո՞րն է այսօր՝ ներկայիս պայմաններում, Մինսկի խմբի դերը: Արդյո՞ք այն դեռ ունակ է զսպելու հակամարտությունը: Արդյո՞ք ակնկալում եք, որ դրա անդամները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, կհաղթահարեն այլ հակամարտությունների շրջանակներում ձևավորված տարաձայնությունները և կհամախմբվեն Հայաստանի շուրջ:
Պ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդություն իրականացնելու միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է: Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով արտահայտել են հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ իրենց միասնական դիրքորոշումը, և նրանք շատ հստակ հայտարարել են, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Կոչեր են հնչել նաև արտաքին ուժերին և օտարերկրյա մարտիկների ներգրավվածության վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեռու մնան հակամարտությունից: Կարծում եմ ՝ պարզ է, թե ում են ուղղված այդ կոչերը:
Հ․ Ձեր կարծիքով, ի՞նչին է ձգտում Թուրքիան իրականում այս ամենի արդյունքում: Ո՞րն է ձեր ուղերձը միջազգային հանրությանը, և ինչպիսին են Երևանի ակնկալիքները աշխարհից՝ Թուրքիայի առումով։
Պ․ Մենք Թուրքիայի ներգրավվածությունը դիտարկում ենք որպես մեր տարածաշրջան անկայունություն արտահանելու հերթական փորձ: Մենք ականատես ենք հակամարտության գոտում թուրք զինվորականների ներգրավվածության աճին: Սա մի երևույթ է, որ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, թե՛ Արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, հայտնի է:
Հ․ Որքանո՞վ է այս ամենը կապված տարածաշրջանի ռազմավարական կարևոր նշանակության հետ, որն ամբողջ աշխարհին նավթ մատակարարող նավթամուղների միջանցք է հանդիսանում։ Որքանո՞վ է դա կապված այս կարևոր փաստի հետ։
Պ. Դա իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում, և, եթե Ադրբեջանը և Թուրքիան չզսպվեն, դա կարող է հանգեցնել սրման, որի հետևանքները կարող են կործանարար ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա և դրանից դուրս: Ադրբեջանը և Թուրքիան պետք է խելամիտ գտնվեն և հետևեն միջազգային հանրության, ներառյալ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին կոչերին՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա հաղորդագրությունը։ Նրանք պետք է բարեխղճորեն հանձնառու լինեն խաղաղությանը։
Հ․ Ինչպե՞ս են հայերը վերաբերվում տարածաշրջանում ընթացող հակամարտությանը, որը տասնամյակներ է տևել և բազմաթիվ կյանքերի կորստի ու տեղահանության է պատճառ է դարձել: Ի՞նչ նշանակություն ունի այս տարածաշրջանը հայերի գիտակցության մեջ:
Պ․ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը 1991թ-ին: Նրանք բոլոր իրավունքներն ունեն ապրելու իրենց նախնիների պատմական հողում` առանց վախերի և օտարերկրյա հարկադրանքի: Խնդրի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Նրանք այդ իրավունքն իրացրել են հանրաքվեի միջոցով` դեռևս 1991 թվականի դեկտեմբերին՝ միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող Խորհրդային օրենսդրության համապատասխան: Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց անքակտելի իրավունքները: Ամբողջ աշխարհում ապրող հայերը խիստ համախմբված են այս հարցում, քանի որ մենք՝ հայերս, չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի կողմից խրախուսվող և աջակցվող ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում ևս մեկ ցեղասպանություն իրականացվի հայ բնակչության նկատմամբ:
Հ․ Ի՞նչ կասեք ԱՄՆ-ի մասին։ ԱՄՆ առաջնայնությունների տեսակետից` Լեռնային Ղարաբաղը, կարծեմ, 2001թ-ից ի վեր, նկատելի չէ։ Արդյո՞ք ակնկալում եք ավելի ակտիվ ամերիկյան դերակատարություն։
Պ․ Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Մենք շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ դերը և ներգրավվածությունը՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում է արտահայտել վերջին սրացման առնչությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և որպսզի արտաքին դերակատարները զերծ մնան հակամարտության մեջ ներգրավվելուց: Մենք ԱՄՆ-ից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում ՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին:
Հ․ Ո՞վ է ցանկանում սրել այս հակամարտությունը։ Ո՞վ կարող է շահել այս հակամարտությունից։
Պ․ Դժվար է ասել, թե ում է ձեռնտու այս իրավիճակը, բայց, մի բան քաջ հայտնի է ոչ միայն փորձագիտական համայնքին և միջնորդներին, այլ նաև միջազգային հանրությանը, թե ով է իրականում հրահրում այս իրավիճակը, և ով է սկսել ռազմական գործողությունները: Մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի և հարձակողական սպառազինության կուտակմանը, տեսնում ենք ատելության խոսքի ուժգնացումը և ատելության սադրումը, ընդ որում` ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանում բնակվող հայերի, այլև աշխարհասփյուռ հայերի հանդեպ: Այս ամենը շատ լավ փաստագրված է և խստորեն քննադատվել է մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների կողմից: Զարմանալի չէ, որ Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահը առանձնացրեց մի քանի հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և քննադատեց դրանց՝ իր երկրում մարդու իրավունքների խախտումները դատապարտելու համար:
Հ․ Ինչպիսի՞ ուղերձ կհղեիք Ադրբեջանի նախագահին։
Պ․ Ադրբեջանի նախագահին, իրականում, մի քանի անգամ ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շատ հստակ նշել էր, որ այս երկարատև հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
Սա շատ կարևոր ազդակ էր, սակայն, ադրբեջանական կողմից այն շարունակում է անարձագանք մնալ, իսկ բռնության վերջին հրահրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ունակ չէ փոխադարձաբար արձագանքելու այսպիսի կարևոր կոչին: Այսպիսով, ուղերձը բարձրաձայն ու հստակ հղվել է, այն հղվել է Հայաստանի վարչապետի կողմից: Սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից վերջերս իրականացված հարձակումներն ու ագրեսիան մեզ հույս չեն ներշնչում, որ այդ երկրի ղեկավարությունն ունակ է այդ կոչին պատշաճ արձագանքելու:
16:40 19.06.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...
16:30 19.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:22 19.06.2025
Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...
16:10 19.06.2025
Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...
16:00 19.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...