Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

21:24 27.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև․

 

Սիրելի ժողովուրդ,

 

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

 

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

 

Սփյուռքի հպարտ հայություն,

 

Եղբայրներ եւ քույրեր.

 

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։

 

Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:

 

Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։

 

Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ:

 

Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է, եւ այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:

 

Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

 

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:

 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին:

 

Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:

 

Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:

 

Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին:

 

Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավելեւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ, որ կարեւոր է նաեւ, հանրային արգահատանքի:

 

Որեւէ բան, որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:

 

Սիրելի ժողովուրդ,

 

Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:

Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:

 

Եւ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:

 

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

 

Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:

 

Եւ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

 

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք:

 

Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։

 

Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:

 

Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել Ազատ եւ Երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:

 

Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ՝

 

Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,

Եւ տեսել քմծիծաղը ստի,

Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,

Մեր ոգին հանձնվել չգիտի:

 

Եւ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:

 

Եւ ուրեմն,

 

Կեցցե՛ Ազատությունը

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

 

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը

 

Կեցցե՛ Հայոց բանակը ու Հայ զինվորը

 

Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում,

 

Ազատ եւ Երջանիկ Արցախում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

22:57 08.05.2025

Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանը

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

22:48 08.05.2025

Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցում

Երկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

22:38 08.05.2025

Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը:   ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

22:24 08.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

22:16 08.05.2025

Սահմանային իրավիճակից մինչև Սևանի հիմնախնդիրներ. զրույց Գեղարքունիքի մարզպետի հետ

Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

22:09 08.05.2025

Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...

BACK_TO_TOP