Վրաստանի խորհրդարանի նոր նախագահի ընտրության և Արչիլ Թալակվաձեի ու Կախա Կուճավայի խորհրդարանական պաշտոններում ռոտացիայի հետ կապված ընթացակարգերը կսկսվեն ապրիլի 27-ին: Հաղորդում է jnews.ge-ն։

Խորհրդարանի նախագահը պաշտոնանկ է համարվում՝ հրաժարականի մասին իր հրապարակային հայտարարության պահից: Նրա պարտականություններն այժմ կատարում է առաջին փոխխոսնակը:

 

Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում «Վրացական երազանքը» առաջադրել է Կախա Կուճավային, որը տասներորդ գումարման խորհրդարանում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Նախկին նախագահ Արչիլ Թալակվաձեն կընտրվի փոխխոսնակի պաշտոնում:

Խորհրդարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են լրիվ կազմի մեծամասնությամբ:

«Հաշվի առնելով այն փաստը, որ երկար ամիսների լարված բանակցությունները, որոնց ես մասնակցում էի կուսակցության նախագահի հետ միասին, ավարտվեցին համաձայնագրով, կարծում եմ, որ խորհրդարանում քաղաքական գործընթացները հետագայում ճիշտ վարելու համար ավելի լավ կլինի, եթե ես թողնեմ խոսնակի իմ զբաղեցրած պաշտոնը, և այս պաշտոնի համար մենք կներկայացնենք մի անձնավորության, որն ավելի չեզոք ճանապարհով կառաջնորդի աշխատանքը:

Հետևաբար, մենք որոշեցինք կատարել ռոտացիա: Հիմա, երբ խորհրդարանում մենք ունենք ներկայացուցչական ընդդիմություն, ես հավատում եմ, որ իմ տեղն իմ գործընկերների կողքին, դահլիճում լինելն է, այլ ոչ թե խոսնակի կարգավիճակով: Ինձ համար մեծ պատիվ էր լինել 9-րդ և 10-րդ գումարումների խորհրդարանի նախագահ»,- այսպես է բացատրել Թալակվաձեն խորհրդարանի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառը: