13:09 01.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին:
Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 1-ի հերթական նիստի աշխատանքները:
Ինչպես գիտեք, 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Եվ հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող, ինչպես արդեն ասել եմ, իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում: Կուզենայի, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ներկայացներ կոնկրետ ցուցանիշները: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, ավելի կոնկրետ՝ 750.2 մլրդ դրամ՝ այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա՝ ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Եվ այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլն դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց, համապատասխան հարկատեսակների մասով, վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: Իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 49 մլրդ դրամ ընդամենը: Այս տարբերության պայմաններում անգամ, գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52.5 մլրդ դրամ:
Պետք է նշեմ, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ դրամ: Իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունը և զուտ եկամուտները համեմատենք միմյանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի շուրջ 54 մլրդ դրամ: Այսքանը, ըստ էության, պարոն վարչապետ:
Միաժամանակ զեկուցեմ, որ առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրված գործարքների տարբերությունն ենք համեմատել, և տարբերությունը բացարձակ թվով կազմում է մոտ 24 մլն հատ, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 24 մլն հատով ավելի գործարքներ են կատարվել, քան նախորդ տարի, և 25 մլն-ով ավելի են կատարվել, քան 2019 թվականի ընթացքում: Շնորհակալություն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Հովհաննիսյան, այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ 52 մլրդ դրամը առանց դրոշմանիշային վճարների:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Ոչ, պարոն վարչապետ: 52.5 մլրդ դրամը՝ դրոշմանիշային վճարները ներառյալ, ճշտված ցուցանիշի նկատմամբ մաքուր, այսպես ասած, գերակատարված ծավալներն են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իսկ եթե դրոշմանիշային վճարները հանենք՝ մինուս 9 մլրդ՞:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Եթե դրոշմանիշային վճարները չեզոքացնենք, զուտ հարկային եկամուտները համեմատենք, այդ տարբերության մեջ ոչ թե պակասում, այլ ավելանում է 53.8 մլրդ դրամ, և եթե չեզոքացնենք ճշտված տվյալները: Սակայն ճշտված տվյալները մենք հաշվի ենք առնում, քանի որ դրանք մեզ համար այս պահին տեսանելի են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Լավ, հիմա զուտ եկամտային մասով՝ արձանագրենք, որ պլանը հընթացս ենք ճշտել, ճշտված պլանի նկատմամբ ինչքա՞ն ենք ավելի հավաքագրել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Պարոն վարչապետ, առաջարկում եմ այս տարբերությունն արձանագրել ըստ բյուջետավորման կանոնների, որը համապատասխան է հենց Ձեր հարցադրմանը, և այդ տրամաբանությամբ ավելի գերակատարումը կազմում է 52.5 մլրդ դրամ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Համաձա՞յն չեք, պարոն Ջանջուղազյան: Համեցեք:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան – Շնորհակալ եմ: Պարոն վարչապետ, նախ կուզենայի նշել, որ մենք այն, ինչ դեռևս անցյալ նիստի ժամանակ պատրաստ չէր հանրայնացնելու, հիմա դրա դռներն ենք բացում, և քննարկումը, ըստ էության, վերաբերում է նույն թեմային: Պարզապես այն ժամանակ դեռ չունեինք վերջնականացված կանխատեսումները:
Երկրորդը՝ երկու տարբեր համեմատություններ իրար հետ, որպեսզի ներդաշնակ լինեն. մեկը վերաբերում է այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատությանը, մյուսը վերաբերում է նախորդ տարվա հետ համեմատած հարկային եկամուտների հավաքման փոփոխությանը: Այս տարվա ընթացքում մենք արդեն մի անգամ առիթ ունեցել ենք 40 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտների մակարդակը: Եվս 30 մլրդ դրամով մենք ավելացրեցինք վերջերս: Բայց այս ավելացումը չի վերաբերել հենց եռամսյակներին ու կիսամյակներին: Այն տարածվել է ամբողջ տարվա վրա: Հետևաբար, հիմա, երբ մենք կիսամյակի հետ ենք համեմատում, ըստ էության, կիսամյակի ծրագրային ցուցանիշը չենք վերանայել: Կիսամյակի ծրագրային ցուցանիշը եղել է ի սկզբանե բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամին համահունչ բացվածք ներկայացնող մեծություն: Հետևաբար, մենք կքննարկենք, ինչպես պայմանավորվել ենք, թե այս նոր կանխատեսումների լույսի ներքո ինչպիսին կլինեն զարգացումները՝ տնտեսության արդեն ճյուղային կառուցվածքի տեսակետից, որքանով համախառն ներքին արդյունքի հավանական մեծությունը կհանգեցնի հարկային եկամուտների ավելացման: Ես ուղղակի կուզենայի ներկայացնել, որ այդ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ մենք հարկային լրացուցիչ եկամուտների միջակայք կարող ենք ունենալ ՝ 43 մլրդ-ից մինչև 77 մլրդ դրամ: Բայց դա ճշգրտման անհրաժեշտություն ունի, և, ըստ այդմ, նորից կվերանայենք:
Կուզենայի նաև նշել, որ այս վերանայումը տարընկալման տեղիք չտա. մենք գտնվում ենք 2022 թվականի բյուջետային գործընթացի այն փուլում, երբ պիտի վերանայենք և միջնաժամկետ ծախսերի ծրագիր ունենանք առաջիկա 3 տարիների ժամանակահատվածի համար, ինչպես նաև 5 տարիների ժամանակահատվածի համար պարտքի փոփոխության սցենար ունենանք: Այսինքն՝ սա դրանով է պայմանավորված: Եվ համաշխարհային տնտեսության նկատմամբ փոփոխված վերաբերմունքով և տնտեսության համեմատաբար ավելի արագ վերականգնման նշաններով: Սա էի ուզում ավելացնել: Այստեղ կիսամյակի հետ համեմատությունը կարևոր է հաջորդ ժամանակահատվածի մեր ճշգրտումները անելու տեսակետից: Շնորհակալ եմ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Կուզենայի պարոն Ջանջուղազյանի դիտարկմանն ավելացնել միայն, որ կիսամյակային վերանայում տեղի է ունեցել 40 մլրդ դրամի բյուջեի եկամուտների ավելացումից հետո: Եվ կհիշեցնեմ, որ ի սկզբանե նախատեսված էր կիսամյակի մասով 665 մլրդ դրամ, և վերանայումից հետո այն կազմեց 683 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք մեկ անգամ վերանայել ենք՝ 40 մլրդ դրամն ավելացնելուց հետո: Այո, վերջին՝ անցյալ շաբաթվա ընթացքում 30 մլրդ դրամ տարեկան եկամուտների ավելացումից հետո դեռևս վերանայումներ չեն եղել: Շնորհակալություն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այլ հարցեր կա՞ն թեմայի հետ կապված: Չկան:
Հաջորդ հարցը՝ պարոն Քերոբյան, կուզենայի ներկայացնեք գյուղմթերքի արտահանման տվյալները. ի՞նչ իրավիճակ ունենք նախորդ տարիների համեմատ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան – Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, վերջերս շատ ենք քննարկում գյուղատնտեսության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ոռոգման հետ կապված հարցերը: Բայց ուզում եմ ասել, որ արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է: Ծիրանի՝ մինչ այս պահը եղած արտահանումները կազմում են 21000 տոննա՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատած: Ասեմ, որ մենք արդեն գերազանցել ենք նախորդ տարվա ամբողջ ծավալը. եղել է 19700 տոննա, իսկ հիմա արդեն 21000 է: Եվ մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ մոտավորապես 50-70 տոկոս ավելի արդյունք ունենալ ծիրանի մասով:
Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք ենք արտահանել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է, և մենք կարող ենք այդ արդյունքն ակնկալել արդեն ամբողջ տարվա համար:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Իսկ 2019 թվականի հետ համեմատություն ունե՞նք:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյան – 2019-ին և 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին նույնիսկ մի փոքր՝ 2 տոկոս ավելի: Այնպես որ, այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Շնորհակալ եմ:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...