20:46 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:
Ինչպես տեղեկացրին վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում:
«Ես խոսում եմ տարածաշրջանի իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Բայց նաև կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի ես որոշ նկատառումներ ներկայացնեմ այդ կապակցությամբ:
Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը լավ առիթ է համարել այսօրվա հանդիպումը և տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ ԶՈՒ հրամկազմի հետ կիսվել է տեսակետներով և տեղեկատվությամբ:
«Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:
Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակագի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը և անդրադարձել կոնկրետ մի քանի կետերի:
«Գիտեք, որ նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել եմ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ: Եվ սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:
Շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:
Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:
Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջապափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հարապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային: «Նախընտրական շրջանում ես էլի մի քանի անգամ ասել եմ, որ սա մեր օրակարագն է: Եվ դուք հիշում եք այդ, այսպես ասած, «սարսափազդու» փաստաթղթի արտահոսքի պայմաններում և օրերին կառավարության նիստում ես հայտարարեցի, որ մենք ընդունում ենք այդ օրակարգը և ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ:
Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար:
Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը:
Եվ այս առումով էլ պիտի արձանագրեմ, որ մեր մոտեցումները և դիրքորոշումները խնդրի գոյության հատվածով, համահունչ են միջազգային հանրությանը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ:
«Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված և կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը:
«Մենք բոլորս շատ մեծ պատասխանատվության տակ ենք և պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն: Հետևաբար ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը:
Իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ:
«Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա:
Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է. «Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»:
Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...