15:51 25.11.2021
Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, ատեստավորման խրախուսմանը, ինչպես նաև համընդհանուր ներառականության բարելավմանը:
«Նոր գործիքակազմերը թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական գործընթացի կառավարման մեխանիզմները»,- նշել է Վահրամ Դումանյանը` հակիրճ ներկայացնելով հիմնական փոփոխությունները:
Ուսուցչի մասնագիտական չափորոշիչ. նորույթ
Նախագծի հիմնական նորույթներից մեկն ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացության սահմանումն է՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի նկարագիր: Մասնագիտական չափորոշիչների հաստատման լիազորությունը վերապահվել է կրթության կառավարման լիազոր մարմնին: Առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչների հետ։ Ըստ այդմ` ուսուցչի որակավորման տարակարգ հասկացության սահմանումը ևս խմբագրվում է:
Կփոխվեն տարակարգերի շնորհման և ատեստավորման կարգերը
Առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման կարգավորումը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար պարտադիր պետք է անցնել բոլոր նախորդ աստիճաններով: Այսինքն` այսօր տարակարգի առավել բարձր աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցիչը հնարավորություն չունի դիմելու միանգամից բարձր տարակարգի համար, ինչն էլ ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման տեսանկյունից խոչընդոտ է դիտվում։ Խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի իրավունքի չպահպանվելը։ Առաջարկվող փոփոխություններն արվել են նշված սահմանափակումները վերացնելու և գործընթացը դյուրացնելու տրամաբանությամբ: Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել ուսուցչի տարակարգի իրավունքը դադարեցնելու բավարար հիմք։
Սահմանվել է դրույթ հիմնադրի միջոցների հաշվին ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ շնորհելու հնարավորության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ստացած բազմաթիվ դիմումները և առաջարկները։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ամբողջական բարեփոխման համար առաջարկվում է վերանայել նաև ատեստավորման գործընթացը: Միատեսակ ատեստավորման փոխարեն՝ կներդրվեն հանրակրթության պետական չափորոշչից բխող վերապատրաստումներ: Հնարավորություն կտրվի կիրառելու ատեստավորման տարբեր համակարգեր, այդ թվում՝ գիտելիքի ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը:
Դպրոցը կունենա երկու ղեկավար. նորույթ
Առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչական մասի ղեկավարին: Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային և վարչատնտեսական: Վարչական ղեկավարը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն: Առաջարկվող մոդելով՝ վարչատնտեսական մասի կառավարիչը կիրականացնի դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը՝ ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնելով միայն ուսումնական գործընթացի պլանավորում։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվի վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա կզբաղվի միայն մանկավարժական աշխատողների մրցույթների կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ` վարչատնտեսական կառավարչի հետ համագործակցելով պլանավորման և դասաբաշխման, տարիֆիկացիայի կազմման հարցերում:
Դպրոցի կառավարման նմանօրինակ մոդել կիրառվում է ԱՄՆ-ի, Եվրոպայի կրթական հաստատություններում:
Տնօրենը կնշանակվի և կատեստավորվի. նորույթ
Մեկ այլ փոփոխությամբ` տնօրենի թափուր պաշտոնի համալրումը կկատարվի նշանակման միջոցով. այդ գործառույթն առաջարկվում է վերապահել կրթության պետական կառավարման լիազոր մարմնին` ԿԳՄՍ նախարարությանը` հստակեցնելով մի շարք դրույթներ:
Կառավարման խորհրդի կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգային փուլերը հաղթահարած թեկնածուներից մեկին կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը` նախարարը, կնշանակի տնօրեն 3 տարի ժամկետով:
«Տնօրենի նշանակովի լինելը թույլ կտա լուծել արմատացած այն խնդիրը, երբ կոլեգիալ կառավարման մարմինը վերածվում էր ընդամենը տնօրեն ընտրող ոչ մասնագիտական մարմնի: Ընդ որում` կառավարման խորհուրդը կունենա տնօրենին անվստահություն հայտնելու իրավունք` հավասարակշռելով նշանակման սկզբունքը»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը:
Բացի դրանից՝ գործող տնօրենների համար հավաստագրման փոխարեն՝ առաջարկվում է կիրառել ատեստավորում, որի հիմքում կդրվի դպրոցի զարգացման ծրագրի կատարողականը։ Ատեստավորման արդյունքում՝ նրա հետ պայմանագիր կկնքվի ևս 3 տարով: Գործընթացը կարող է շարունակվել մինչև սահմանված կարգով պաշտոնավարման ավարտը:
Հավաստագրման ընթացակարգից հանվել է հարցազրույցի փուլը, որի բացը կլրացվի՝ թեստավորման հարցաշարում ներառելով իրավիճակային և կառավարչական հմտությունները ստուգող հարցեր:
Ներառականության ընդլայնում
Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներն ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ցանկում: Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն: Ուսուցման դժվարություններ կարող են ունենալ նաև օժտված երեխաները, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում, սոցիալապես անապահով են, հակամարտությունների հետևանքով դարձել են ծնողազուրկ, ունեն լեզվական և այլ խնդիրներ:
Այլ փոփոխություններ
Նախագծով արվել են փոփոխությունների մի շարք այլ առաջարկներ դպրոցներում հեղինակային և միջազգային նախագծերի իրականացման վերաբերյալ: Սահմանվել է Կառավարության լիազորող նորմ՝ այլընտրանքային կրթական ծրագրի հաստատման և փորձաքննության համար:
Ակնկալվում է տեսանելի փոփոխություն
Ամփոփելով և կարևորելով նախագիծը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանրակրթության օրենքի փոփոխությամբ՝ ոլորտում տեսանելի փոփոխություններ կունենանք:
«Ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա դպրոցի բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դռան, լուսամուտի, տանիքի, խողովակի, սալիկի և այլ հարցերով։ Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից։ Այսինքն՝ տնօրենը զբաղվելու է կրթության բովանդակությամբ, այն բոլոր հարցերով, որոնք կապված են բացառապես կրթության բովանդակության և որակի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրի անդամները նիստի ընթացքում ծավալել են շահագրգիռ քննարկում ներկայացված նախագծի վերաբերյալ: Դիրքորոշում են հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Հավելենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի, հետևաբար այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի համապատասխան ռեժիմով:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:55 09.07.2025
Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցըՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակության կազմում մասնակցել է Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի Ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Նիստերի ընթացքում հաստատվել է Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ […] ...
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Արգենտինայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խորապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը՝ Արգենտինային մաղթելով խաղաղություն, բարգավաճում և շարունակական առաջընթաց»,-նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ En el #DíadelaIndependencia de la República #Argentina, extendemos nuestras más […] ...
17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...
17:40 09.07.2025
Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոնԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը, ով վաստակել է 20 միավոր։ Թադե Մարտիրոսյանի թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ։ ...
17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ...