22:16 30.12.2021
Անցնող տարվա ընթացքում մի շարք երկրներում հրաժեշտ տվեցին նախկին ղեկավարներին և դիմավորեցին նորերին։ Նոր ղեկավարներից շատերը, թերևս, դեռ ասելիք կունենան միջազգային կամ տարածաշրջանային քաղաքականությունում, մի մասի պաշտոնավարումն էլ հենց սկզբից ուղեկցվեց աղմկահարույց միջադեպերով։ Ի՞նչ նոր ղեկավարներ հայտնվեցին համաշխարհային բեմում, ինչո՞վ նշանավորվեց նրանց պաշտոնամուտը, և ինչպե՞ս հեռացան նախորդները:
ԱՄՆ
2021 թվականի սկզբին ամբողջ աշխարհի հայացքն ուղղված էր Միացյալ Նահանգներին. հունվարի 20-ին այնտեղ տեղի էր ունենալու նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ 78-ամյա Բայդենն ամենատարեց մարդն էր, որ ստանձնելու էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ Բայդենի պաշտոնավարման առաջին տարին հեշտ չէր, սակայն խնդիրները սկսվել էին դեռ մինչև երդմնակալությունը։
Արարողությունից օրեր առաջ, երբ Կոնգրեսում պետք է պաշտոնապես հաստատեին Բայդենի հաղթանակը, ընտրություններում պարտված նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրավեցին Կապիտոլիումի շենքը։ Ամբոխը, ճեղքելով անվտանգության համակարգը, ներս խուժեց՝ մի քանի ժամով զբաղեցնելով շենքի որոշ հատվածներ։ Արդյունքում՝ 5 զոհ, քրեական գործեր, մեղադրանքներ Թրամփի հասցեին, որի հայտարարություններն, ըստ ամերիկացիներից շատերի, սադրել էին հարձակումը։
ԱՖՂԱՆՍՏԱՆ
Ջո Բայդենի համար սկանդալային դարձավ նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը։ Այդ երկրում 20 տարի անցկացնելուց հետո ամերիկյան ուժերը մինչև օգոստոսի 30-ը քաոսային կերպով դուրս եկան այնտեղից. Թալիբանը օգոստոսի կեսին արդեն գրավել էր մայրաքաղաք Քաբուլը այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին փախել էր երկրից։ Ամերիկյան և միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերմանը զուգահեռ Քաբուլի օդանավակայանում էին հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ երկրից փախչելու հույսով։
Համացանցում տարածվեցին սարսափելի կադրեր, որոնցում օդանավակայանում հավաքված աֆղանները կառչում են վերելք կատարող ինքնաթիռից, միայն թե հեռանան։
Օդանավակայանում տիրող քաոսին ավելացավ ահաբեկչական հարձակումը, որին զոհ դարձավ 180 մարդ, այդ թվում՝ 13 ամերիկացի զինվորական։
Ի վերջո, Աֆղանստանում դարձյալ իշխանության եկան թալիբները։
2021-ի ընթացքում իշխանությունը փոխվեց նաև տարածաշրջանի երկու ախոյան երկրներում՝ Իրանում և Իսրայելում։
ԻՐԱՆ
Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին՝ փոխարինելով Հասան Ռոհանիին։ Իշխանության գալով՝ Ռաիսին հայտարարեց նոր դարաշրջանի սկզբի մասին, որի ընթացքում Թեհրանը կձգտի արդյունավետ համագործակցության բոլոր երկրների, այդ թվում՝ հարևանների հետ։ Վերլուծաբանները Ռաիսիին ավելի կոշտ քաղաքական գործիչ են համարում, քան նրա նախորդ Ռոհանիին։
ԻՍՐԱՅԵԼ
Եթե Իրանում ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, ապա Իսրայելում դրանք շատ ավելի բարդ էին՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելում տեղի էին ունենում արդեն չորրորդ արտահերթ ընտրությունները։ Եթե Քնեսեթ անցած ուժերին հերթական անգամ չհաջողվեր կոալիցիա կազմել, ապա Իսրայելը ստիպված կլիներ գնալ 5-րդ ընտրություններին՝ խորացնելով երկրում տիրող քաղաքական ճգնաժամը։
Այս ընտրությունները վերջ դրեցին Բենիամին Նեթանյահուի 12 տարվա կառավարմանը։ Ի վերջո, երկրում ձևավորվեց նոր կառավարություն։ Ըստ կոալիցիոն համաձայնագրի՝ ռոտացիոն կարգով երկու տարով վարչապետի աթոռը ստանձնեց ազգայնական «Յամինա» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բենեթը, որից հետո Իսրայելը ևս 2 տարով կղեկավարի «Յեշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը՝ մինչև նոր ընտրությունները։
ԼԻԲԱՆԱՆ
Լիբանանը ևս նոր կառավարություն կազմեց՝ առաջինը 2020-ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո։
Նախարարների կաբինետը ղեկավարում է Նաջիբ Միկատին՝ միլիարդատեր, ով մինչ այդ արդեն երկու անգամ եղել էր վարչապետի պաշտոնում։ Միկատին պաշտոնը ստանձնել է երկրի համար շատ դժվարին ժամանակահատվածում՝ այնպիսի տնտեսական ճգնաժամի պայմաններում, որը Համաշխարհային բանկը համարում է վերջին 150 տարվա ընթացքում վատթարագույներից մեկը։
ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիան նույնպես 2021 թվականն ամփոփեց նոր վարչապետով՝ ավարտելով Անգելա Մերկելի ժամանակաշրջանը։ Ընդ որում, երկրում փոխվեց ոչ միայն վարչապետը, այլև իշխող ուժը։ Իշխանությունը քրիստոնեական-դեմոկրատական միությունից անցավ սոցիալ-դեմոկրատներին։ Երկիրը 16 տարի ղեկավարած Անգելա Մերկելը դեռ երեք տարի առաջ էր հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին։ Նա մնում է աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը։ Ընդ որում, 2011 թվականից ի վեր Մերկելը տասը տարի շարունակ գլխավորում էր աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակը։ Իր կառավարման 16 տարիների ընթացքում Մերկելը Գերմանիան և Եվրամիությունը տարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի, միգրացիոն ճգնաժամի, բրեքսիթի, համավարակի և շատ այլ փորձությունների միջով։
Գերմանիայի նոր կանցլերն է սոցիալ-դեմոկրատների ղեկավար Օլաֆ Շոլցը, որը նախկինում զբաղեցրել է տարբեր քաղաքական պաշտոններ, այդ թվում՝ Գերմանիայի փոխկանցլերի և ֆինանսների նախարարի։
Այնուամենայնիվ, ոչ բոլոր երկրներում է իշխանափոխությունը խաղաղ ընթացք ունեցել։ Մի շարք երկրներում 2021 թվականը կհիշվի ողբերգական հեղաշրջումներով, ժամանակավոր կառավարություններով և սպանված նախագահներով։
ՄՅԱՆՄԱ
Փետրվարին Մյանմայում իշխանությունը զավթեցին զինվորականները՝ պաշտոնանկ անելով Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի կառավարությունը։ Վերջինիս բանտարկել էին՝ մեղադրելով ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Զինվորականների կողմից իշխանության զավթումը Մյանմայում զանգվածային բողոքի ալիք բարձրացրեց, որը ճնշվեց կոպիտ ուժով՝ առնվազն 930 զոհ, հազարավոր վիրավորներ և ձերբակալվածներ։
ՍՈՒԴԱՆ
Սուդանում հեղաշրջման երկու փորձ կատարվեց, սակայն իշխանությունը նախկինի պես վարչապետ Աբդալա Համդուկի ձեռքում է։ 2019 թվականի ռազմական հեղաշրջումից հետո տապալվել էր 30 տարի երկիրը ղեկավարող Օմար ալ-Բաշիրի իշխանությունը։ Իշխանության գլուխ էին անցել զինվորական անցումային խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը և քաղաքացիական նախարար Աբդալա Համդուկը։ Սակայն, ըստ երևույթին, ալ-Բուրհանը դժգոհ էր Համդուկից։ 2021-ի սեպտեմբերին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո, հոկտեմբերին Սուդանի վարչապետը ձերբակալվել էր և տնային կալանքի ենթարկվել։ Հեղաշրջման դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո նոյեմբերին ալ Բուրհանը և Համդուկը համաձայնություն էին կնքել, և վարչապետը դարձյալ վերադարձել էր իր պաշտոնին։
ԳՎԻՆԵԱ
Մեկ այլ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել Գվինեայում, որտեղ ապստամբները ձերբակալել են երկրի նախագահ Ալֆա Կոնդեին՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Գնդապետ Մամադի Դումբույան ցրել է կառավարությունը և հաստատվել Գվինեայի անցումային շրջանի նախագահի պաշտոնում։
Իսկ Հայիթիի և Չադի նախագահների համար 2021-ը ողբերգական դարձավ։
ՀԱՅԻԹԻ
Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզին սպանեցին իր նստավայրում։ Երկրի իշխանությունները 40-ից ավելի մարդու ձերբակալեցին, այդ թվում՝ Կոլումբիայի և ԱՄՆ-ի քաղաքացիների, սակայն սպանության պատվիրատուներին մինչ օրս չեն գտել։
ՉԱԴ
Չադի նախագահ Իդրիս Դեբին էլ մահացել է երկրի հյուսիսում աշխարհազորայինների դեմ ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքներից։
ՉԻԼԻ
Տարվա վերջին նախագահական ընտրությունները Չիլիում էին։ Ընտրություններում հաղթող ճանաչված 35-ամա Գաբրիել Բորիչը Չիլիի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահն է և Հարավային Ամերիկայի ամենաերիտասարդ առաջնորդը։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականի ընթացքում աշխարհում տեղի են ունեցել 7 տասնյակից ավելի ընտրություններ, 7 հեղաշրջում կամ իշխանության զավթման փորձ:
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...
13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...
13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...