Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը

19:11 25.02.2022

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում։
Երևան, 2022թ. փետրվարի 24

«Եվրոպական խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022թ. փետրվարի 24-ին Երևանում անցկացրին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) երկրորդ նիստը՝ կարևորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը.

Սա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ նախորդ տարվա մարտ ամսին ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին հանդիպումն էր և առիթ հանդիսացավ դրա կիրարկման ընթացքը դիտարկելու համար: Մենք ողջունում ենք արձանագրված առաջընթացը և քաջալերում Հայաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումների ուղին: Մենք նաև շեշտում ենք ԵՄ զգալի աջակցությունը, օրինակ՝ արդարադատության բարեփոխումների կարևոր ոլորտում:

Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագիրը զգալիորեն կխթանի ներդրումները առանցքային ոլորտներում՝ ներառյալ ռազմավարական տեսանկյունից կարևոր միակցող նախագծերը և աջակցությունն առավել խոցելի շրջաններին, ինչպես նաև գնահատում ենք ԵՄ ջանքերը՝ օգնելու Հայաստանին հաղթահարել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքները:

Վերջերս՝ նոյեմբերին, ստորագրված Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կարևոր քայլ է, որից շոշափելիորեն կշահեն ինչպես ԵՄ, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները և բիզնեսները: Միակցվածության ընդլայնումը կօգնի խթանել մարդկանց միջև շփումներն ու թափ հաղորդել տնտեսական աճին:

Ի թիվս շոշափելի արդյունքների հասնելու այլ որոշակի քայլերի՝ մենք ողջունել ենք նաև «Հորիզոն Եվրոպա» հետազոտական և նորարարական ծրագրի շրջանակներում Հայաստանի ասոցացման կարգավիճակի վերաբերյալ վերջին համաձայնագիրը և Եվրոպոլի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը:

Չնայած Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ստեղծված դժվարություններին՝ մենք արժևորում ենք, որ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին: Արդյունքում, Հայաստանի կառավարությունը հստակ մանդատ ստացավ երկրում հետագա բարեփոխումներ իրականացնելու, կառավարումը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և տնտեսությունն արդիականացնելու համար: Մենք շեշտել ենք քաղաքականության մեջ բևեռացումը նվազեցնելու անհրաժեշտությունը և կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին դրսևորել զսպվածություն: Մենք նաև կարևորել ենք, որ բոլոր բարեփոխումներն իրականացվեն իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև առաջարկել ենք սահմանադրաիրավական բոլոր հարցերի վերաբերյալ հայցել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը և հետևել դրան:

Մենք վերահաստատում ենք մեր անփոփոխ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացվող գործընթացին՝ հիմնվելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքների վրա:

Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը՝ աջակցելու վստահության մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև անմիջական հաղորդակցության ուղիներ ստեղծելու և ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին վերադարձնելու միջոցով: Մենք խրախուսում ենք ակտիվացնել ԵՄ-ի ներգրավվածությունը՝ լուծելու չլուծված այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են մնացած բոլոր հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, հակամարտության տարածքում մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը:

Մենք անընդունելի ենք համարում 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ժամանակավոր մուտքը Հայաստանի տարածք, ինչը համարվում է Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացն ունի էական նշանակություն: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում սահմանային գոտիներից դուրս բերել բոլոր զինված ուժերը և վերադառնալ մինչև 2021թգ մայիսի 12-ը առկա ելման դիրքեր՝ էսկալացիան կանխելու և տեղի բնակչության իրավունքները երաշխավորելու նպատակով:

2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նշանակալի հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար: Մենք աջակցում ենք այս նպատակին հասնելու Հայաստանի կառավարության հավակնություններին և խրախուսում ենք հետագա առաջընթացը: Մենք նաև մեծապես աջակցում ենք Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն ուղղված վերջերս գործադրված ջանքերին, քանի որ դրանց հաջողությունը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և կայունությանը:

Մենք անհամբեր սպասում ենք մեր միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը և 2023թ. Բրյուսելում կամ Ստրասբուրգում կայանալիք Կոմիտեի 3-րդ նիստին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP