19:24 29.07.2022
Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։
Պարոն Գրիգորյան, աշխարհաքաղաքական կենտրոններից վերջերս հնչում են գնահատականներ, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, և այսպիսով` տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու լրջագույն հնարավորություն կա: Հայաստանի իշխանությունը տեսնո՞ւմ է նման հնարավորություն:
Այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն և քաղաքականություն ուղղակի վկայությունն է այն բանի, որ նման հնարավորություն տեսնում ենք: Այդ հնարավորությունը ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ: Կարծում եմ՝ ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության նվիրվածությունը խաղաղության օրակարգին կարևոր գործոն է միջազգային տարբեր հարթակներից հնչող գնահատականների համար:
Ինչ ճանապարհային քարտեզ եք պատկերացնում խաղաղության օրակարգի իրագործման համար:
Այդ օրակարգը հայտնի է. սահմանագծման և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներ Ադրբեջանի հետ, որն արդեն մեկնարկել է, և օգոստոսի երկրորդ կեսին նախատեսված է սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում…
Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը ձգձգում է այդ հարցերի լուծումը:
Սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը օգոստոսի երկրորդ կեսին նշանակվել է ադրբեջանական կողմի առաջարկով: Հայկական կողմը երկրորդ հանդիպմանը պատրաստ էր և հունիսին և հուլիսին: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով մենք բազմիցս արտահայտել ենք մեր պատրաստակամությունը: Վերջերս համացանցում հայտնվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին դիվանագիտական ճանապարհներով մեր փոխանցած առաջարկների փաթեթը, որն այսօր էլ ուժի մեջ է: Մենք մի քանի այլ առաջարկներ էլ ենք արել, և մեծապես շահագրգիռ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է: Իհարկե՝ նախագծի արևելք-արևմուտք հատվածի կոնկրետ երթուղու հարցը քննարկելի է, մենք երբեք չենք շեշտել միայն մի տարբերակի հնարավորությունը և մեզ նույնքան անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետև դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը: Կոմունիկացիաների հարցով եռակողմ աշխատանքային խմբում, որ համանախագահում են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, մենք որոշակի առաջընթաց ենք նկատում և տրամադրված ենք շարունակել նույն ոգով:
Այս երկու քայլերի՞ց է ուրեմն բաղկացած խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ: Ղարաբաղի կարգավիճակը ի՞նչ է լինելու:
Ոչ, ձեր նշած ճանապարհային քարտեզի և խաղաղության օրակարգի կուլմինացիան, իհարկե, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Դուք գիտեք, որ Ադրբեջանն այս առումով ներկայացրել է հինգ կետեր և Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա:
Ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչու՞մը: Հայաստանն այսինքն ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի՞:
Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ դա մեր օրենսդրության մաս է: Բազմիցս ենք ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչել են դեռևս 1991 թվականին ստորագրված և հետագայում վավերացրած ԱՊՀ ձևավորման մասին համաձայնագրով: Եվ սա այսօր թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի օրենսդրության մաս է: Դա պետք է արտահայտել նաև երկկողմ մակարդակով: և ինչպես ասել ենք, նման հեռանկարի մեջ մեզ համար անընդունելի ոչինչ չկա և Հայաստանը, այո, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի:
Իսկ Ղարաբաղը, ինչ է լինելու Ղարաբաղի հարցը և կարգավիճակը:
Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ:
Այսինքն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծմա՞ն:
Նման գաղափար նույնպես կա: Բայց այս պահին վաղ է որևէ նման բանաձևի մասին խոսելը:
Իսկ ԼՂ հայության համար ի՞նչ անվտանգության երաշխիքներ պիտի լինեն:
ԼՂ հայության անվտանգության ապահովման միջազգային երաշխիք կա, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունն է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է:
Մեծ հաշվով Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
Մեծ հաշվով, կարծում եմ, մենք ընթանում ենք այդ ճանապարհով:
Իսկ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը:
Հումանիտար հարցերի լուծումը խաղաղության պարտադիր ուղեկիցն է: Այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Այդ բոլոր հարցերն, իհարկե, պետք է հասցեագրվեն: Հայաստանն, ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների 130 մարմիններ է փոխանցել Ադրբեջանին: Մենք պատրաստ ենք ակտիվորեն համագործակցել նաև այս հարցի շուրջ և նույնը ակնկալում ենք Ադրբեջանից: Հայկական կողմը Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան 770 անհետ կորած անձ ունի: 44-օրյա պատերազմում մեր անհետ կորած անձանց թիվը 203 է:
Նախորդ օրը ՏԿԵ նախարարությունը հայտարարեց, որ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսվում է սկսել օգոստոսին: Դա Լաչինի միջանցքի նոր երթուղի՞ն է: Իսկ երբ է ավարտվելու շինարարությունը:
Այո: Շինարարությունը կավարտվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետում:
Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարներն ինչպե՞ս եք գնահատում:
Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ, այն է՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, և սկսել օդային բեռնափոխադրումներ երկու երկրների միջև: Հայաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը հուլիսի 11-ին ունեցած հեռախոսազրույցում համաձայնվել են կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները և հետագա քայլեր ձեռնարկել: Միանշանակ է, որ մենք հավատարիմ ենք մնալու այդ պայմանավորվածություններին, մանավանդ որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը, թե՛ ԵՄ-ն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
22:49 23.06.2025
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքըՔուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...
22:44 23.06.2025
Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...
22:33 23.06.2025
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge CupՏաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:13 23.06.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...