«Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում»․ Վահրամ Դումանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+14.09 oC

«Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում»․ Վահրամ Դումանյան

17:43 12.08.2022

Երիտասարդության միջազգային օրը նշվել է ՀՀ ամբողջ տարածքում․ կիզակետում «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանն էր։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:

Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «The Body Shop»-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառումներին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է երիտասարդներին այս լուսավոր տոնի կապակցությամբ՝ առանձնակի նշելով հրազդանցի երիտասարդներին․

«Քանի որ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Հրազդանը, ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ հրազդանցի երիտասարդներին․ դուք համայնքի ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ կարողացաք ապացուցել, որ արժանի եք «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսին։ Մաղթում եմ, որ հետայսու ևս լինեք այդպես համախմբված, նախանձախնդիր և ապահովեք այս տարվա ընթացքում իրականացվող երիտասարդական միջոցառումների շարունակականությունը»։

Նախարարը կոչ է արել բոլոր երիտասարդներին լինել նորարար ցանկություններում և նպատակներում, համարձակ՝ որոշումներում և հետևողական՝ գործողություններում։ Նա վստահություն է հայտնել, որ պետությունը երիտասարդների հուսալի աջակիցն է․

«Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Ըստ այդմ՝ վստա՛հ եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է իրականացնել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և հատկապես մարզային երիտասարդության ինքնիրացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը»։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան ևս շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Նա հատկապես կարևորել է ավագ սերնդի և երիտասարդների համատեղ մասնակցությունը միջոցառումներին, ինչին ականատես է եղել Հրազդանում, և ինչն էլ հենց համահունչ է այս տարվա խորագրին՝ «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար»։ Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ համերաշխությունը և համագործակցությունը շատ կարևոր են՝ դիմակայելու ապագայի մարտահրավերներին և համատեղ ջանքերով հասնելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Միջոցառման ընթացքում ներկաներին համառոտ ներկայացվել է տեսանյութ-հաշվետվություն՝ պետական աջակցությամբ երիտասարդական ոլորտում իրականացված ծրագրերի վերաբերյալ։

Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները, պետական աջակցության առանցքային ծրագրերը։ Նա հատկապես ընդգծել է դրամաշնորհային հատկացումները, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, արտերկրում երիտասարդական միջոցառումներին մասնակցության ծախսերի փոխհատուցմանը, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը միջազգային ծրագրերին՝ փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռքբերման տեսանկյունից։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի և վերջինիս հայաստանյան ներկայացուցիչների։

Արթուր Մարտիրոսյանը երիտասարդներին կոչ է արել նաև ակտիվորեն մասնակցել առաջիկայում Հայաստանում անցկացվելիք «STARMUS» գիտության, արվեստի ու երաժշտության 6-րդ միջազգային փառատոնին, որն աննախադեպ իրադարձություն է բոլորիս համար։

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը որպես հյուրընկալող կողմ ևս ողջունել է երիտասարդներին և վստահեցրել, որ համայնքը մշտապես պատրաստակամ է լսելու և աջակցելու նրանց նախաձեռնություններին։ Ըստ համայնքապետի՝ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ համայնքի զարգացման և երիտասարդական կյանքի ակտիվացման։

Միջոցառման շրջանակում երիտասարդական տարբեր կազմակերպություններ առանձին տաղավարներով հյուրերին ներկայացրել են իրենց գործունեությունն ու անցած ճանապարհը, նպատակներն ու անելիքները աշխատաշուկա, կրթություն, նոր հմտությունների ձեռքբերում, կամավորություն և այլ ոլորտներում։

Ոգևորված հրազդանցի երիտասարդները վստահեցրել են, որ իրենց ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ հարազատ քաղաքի կյանքի աշխուժացմանը կնպաստեն ոչ միայն «Երիտասարդական մայրաքաղաքի» ժամանակաշրջանում, այլև հետագա տարիներին։

Օրվա շրջանակում կանցկացվեն քննարկումներ, ինտերակտիվ խաղեր, վարպետության դասեր, շրջայցեր Հրազդանի տեսարժան վայրերով, իսկ երեկոն կամփոփվի «Nemra» խմբի համերգով։

Երիտասարդների միջազգային օրը տարաբնույթ միջոցառումներով նշվել է նաև ՀՀ մյուս մարզերի համայնքներում:

«Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում»․ Վահրամ Դումանյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

23:57 23.06.2025

Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

23:46 23.06.2025

Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերել

Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

23:40 23.06.2025

Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

23:36 23.06.2025

Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներ

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP