Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ

20:16 03.10.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից` քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում Արցախի անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ,

Հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին,

Հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ Վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.

Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:
Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք ԱՀ և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը ԱՀ նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ ԱՀ իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:
Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:
Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

23:30 23.06.2025

Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

23:22 23.06.2025

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակն է տարել: F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական ակումբը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»: «Բորուսիայի» կազմում իր առաջին գոլն է խփել անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը: Նիկո Կովաչի թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը: ...

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

23:13 23.06.2025

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 71-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից […] ...

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

22:59 23.06.2025

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 կատարված չափման […] ...

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

BACK_TO_TOP