Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ԱՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.62 oC

Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ԱՀ ՄԻՊ

10:50 29.11.2022

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ հենց գյուղատնտեսական տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում առավել ինտենսիվ բնույթ են կրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները, որոնք ահաբեկելու և բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն:

«Ադրբեջանական իշխանությունները և նաև այդ երկրի նախագահը տարբեր առիթներով այսօր էլ փորձում են այդ միջադեպերը ներկայացնել ոչ թե որպես հրադադարի ռեժիմի համատարած խախտումներ, այլ տարբեր տեղանքներում հատուկենտ արձանագրվող դեպքեր: Բայց միայն այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի ընթացքում արդեն 11 դեպք կա արձանագրված, երբ ադրբեջանական կողմն ուղիղ կրակոցներով դադարեցրել, խանգարել է գյուղատնտեսական աշխատանքները, խոսում է այն մասին, որ դրանք հատուկենտ չեն և հետևողականորեն ու համակարգային կերպով իրականացվող քաղաքականության բաղադրիչներ են»,-մանրամասնեց Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ կրակում են, որպեսզի այդ հողատարածքները չօգտագործվեն, մարդիկ չմշակեն իրենց հողամասերը, որոնք գյուղերի բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն են:

«Եթե մարդը չի կարողանում եկամուտ ունենալ, նա վաղ թե ուշ որոշելու և լքելու է իր բնակավայրը. սա է Ադրբեջանի հիմնական նպատակը: Եթե դրան գումարենք նաև ոտնձգություններն Արցախի ենթակառուցվածքային խոցելիության ուղղությամբ՝ նկատի ունեմ կապի խափանումները կամ գազամատակարարման հետ կապված խնդիրը՝ 2022 թվականի մարտին, ապա ամբողջության մեջ այս ամենը հենց խոսում է Արցախը հայաթափելու ադրբեջանական քաղաքականության մասին»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր հիմնական գործառույթների շրջանակում այս փուլում փաստերի հավաքագրում է իրականացնում՝ համապատասխան տեղեկանքներ և զեկույցներ պատրաստելու նպատակով:

Գեղամ Ստեփանյանը փաստեց, որ այդ զեկույցները ներկայում, իրոք, տեղեկատվության առաջնային աղբյուր և նյութ են դառնում միջազգային տարբեր դերակատարների համար:

«Մշտապես տպավորություն կար, որ Արցախում այդ փաստերը հավաքագրում, զեկույցներ ենք պատրաստում, բայց Եվրոպայում, Ռուսաստանում կամ Ամերիկայում որևէ մեկը չի ծանոթանում դրանց և մեծ հաշվով ազդեցությունը չեն ունենում, բայց կարող եմ ասել, որ այդպես չէ: Եվրոպական խորհրդարանում կազմակերպված քննարկման նախօրեին՝ մինչև Բրյուսել այցելելը, հրապարակել էինք օգոստոս ամսվա ընթացում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ մեր զեկույցը էսկալացիայի և Լաչինի միջանցքի հետ կապված դեպքերի մասին: Հանդիպումների և քննարկումների ժամանակ համոզվել եմ, որ համապատասխան անձինք, իրոք, կարդում են այդ զեկույցները և ամբողջությամբ տեղեկացված են իրավիճակի մասին»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ բացի այդ զեկույցներից ցանկացած դեպքի կամ մի քանի դեպքերի վերաբերյալ հանդես են գալիս հայտարարությամբ, որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով և ուղարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, միջազգային ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններին:

Արցախի ՄԻՊ-ի հիմնական գործառույթն այս իրավիճակում, ըստ Գեղամ Ստեփանյանի, միջազգային տարբեր դերակատարներին իրազեկելն է և հետևողական պահանջը՝ միջազգային կազմակերպությունների ներգրավված լինելու և իրենց ազդեցությամբ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը:

«Ասել, թե բավարարված ենք միջազգային արձագանքով, այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև իրապես իրավիճակն ավելի գործուն քայլեր և ավելի գործուն ներազդեցություն է պահանջում, բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ այս ճակատը բաց թողնելու իրավունք չունենք. պետք է որքան հնարավոր է ավելի ակտիվ և արդյունավետ շարունակենք այն աշխատանքը, որը պատերազմի ժամանակ ենք իրականացրել և հրադադարի հաստատումից հետո այս երկու տարիների ընթացքում»,-ասաց Արցախի Օմբուդսմենը՝ հայտնելով, որ ներկայում ՄԻՊ աշխատակազմի կողմից պատրաստվում է ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա դեպքերի վերաբերյալ հակիրճ տեղեկանք, որով կներկայացվեն նաև թե արդյունքում ինչպիսի վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը, մարդու իրավունքների ինչպիսի խախտումների են հանգեցրել Ադրբեջանի նման գործողությունները: Պաշտպանը տեղեկանքը կհրապարակի նաև անգլերեն, ռուսերեն ու ֆրանսերեն և կուղարկի տարբեր մարմինների և միջազգային կառույցների:

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի հարյուրավոր խախտումներից Արցախի ՄԻՊ-ը և իրավապահ մարմինները հիմնականում հաշվառման են ենթարկում այն դեպքերը, որոնք նյութական կամ մարդկային վնասի են հանգեցրել:

«Դեռևս ամբողջական չենք ամփոփել 2022 թվականի տվյալները, բայց երկու տարիների ընթացքում մինչև այս տարվա նոյեմբերի 13-ն արձանագրվել է 121 դեպք, երբ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումների կրակոցները Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչների ուղղությամբ հանգեցրել են մարդկային կորուստների, մարմնական և նյութական վնասների: Դրանց հետևանքով սպանվել է 18 անձ, այդ թվում՝ 3-ը քաղաքացիական: Նրանցից երկուսը սպանվել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, մեկը կենսական նշանակության՝ ջրամատակարարման խողովակների վերանորոգման ժամանակ: Սպանության փորձի է ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):Կան դեպքեր, որ քաղաքացիական բնակչությունը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, ենթարկվել է ֆիզիկական բռնության: Մասնավորապես գրանցվել է ութ դեպք է, երբ քաղաքացիական անձինք մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվելուց հետո, նրանցից հինգի պարագայում բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարդիկ ենթարկվել են ծեծի և խոշտանգման»,-ներկայացրեց Պաշտպանը:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի հրապարակած վիճակագրական տվյալների՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում թիրախավորվել են 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ դեպքերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմն, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, ռուս-ուկրաինական ռազմագործողությունների առիթից, փորձում է ապակայունացնել իրավիճակը նաև Արցախի շուրջ:

«Նրանց անպատժելիությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ բացակայում է խաղաղապահների հստակ սահմանված մանդատն այն տեսանկյունից, թե ինչպիսի արձագանք պետք է լինի, եթե ադրբեջանական կողմը դիմում է ուժի կիրառման: Այս հարցի մասին բարձրաձայնել ենք նաև օգոստոսի դեպքերի վերաբերյալ հրապարակված զեկույցում՝ քննարկման առարկա դարձնելու խաղաղապահների մանդատի հարցը, որովհետև առանց միջադեպերի ուսումնասիրության և հանցագործներին պատժի ենթարկելու հստակ մեխանիզմի, հնարավոր չէ հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը»,- համոզմունք հայտնեց ՄԻՊ-ը:

Անդրադառնալով միջադեպերից հետո գյուղատնտեսական աշխատանքները շարունակելու հարցին, մեր զրուցակիցն այս առումով կարևորեց ռուս խաղաղապահների ներդրումն ու դերը:

«Այսօր մենք ունենք մոտ 30 համայնք, որոնք պատերազմի հետևանքով շփման գծին շատ մոտ են հայտնվել՝ սկսած 150 մետրից մինչև 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերը նկատի ունեմ: Խաղաղապահները ներկայությունն այդ տարածքներում թույլ է տալիս, որպեսզի մարդիկ զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով: Բայց ցավալիորեն, նաև կան դեպքեր, երբ հենց խաղաղապահների ներկայությամբ են տեղի ունեցել հրադադարի խախտումներ, ինչպիսին օրինակ Մարտակերտում քաղաքացիական անձի՝ տրակտորիստի սպանությունն էր: Իհարկե, խաղաղապահների ներկայությունը զսպող ազդեցություն ունենում է, բայց կրկին պետք է նշեմ, որ դեպքերի,միջադեպերի, իրագործված հանցագործությունների համար ադրբեջանական կողմը պետք է պատասխանատվության ենթարկվի, առանց որի, անպատժելիության մթնոլորտում, նման միջադեպերը շարունակելու են կրկնվել»,- հավելեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա նոյեմբերին ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով ընդհատված գյուղատնտեսական աշխատանքները շարունակելուն, ապա ըստ Գեղամ Ստեփանյանի, մասնավորապես՝ Խրամորթի պարագայում նոյեմբերի 5-ին առաջին կրակոցների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվեցին, որոնք խաղաղապահների ժամանելուց հետո վերականգնվել էին: Նոյեմբերի 12-ին, երբ հակառակորդի կողմից կրակոցները կրկնվեցին գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվեցին:

«Ունենք ձևավորված փորձ, երբ նման դեպքերից հետո այցելում են խաղաղապահները և հնարավոր է լինում վերականգնել աշխատանքները»,- եզրափակեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

BACK_TO_TOP