«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է». Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է». Ժաննա Անդրեասյան

18:10 03.02.2023

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով է միայն հնարավոր ստեղծել բովանդակություն ու ստանալ արդյունք:

«Կարևոր է հասկանալ, թե արտադպրոցական կրթությունը ինչ խնդիր պետք է լուծի կրթական համակարգում: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է և այն հնարավորությունները, որ բոլոր հնարավոր գործիքներով բացում ենք նրա առջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դա նաև ֆորմալ կրթական հաստատությունների որակը բարձրացնելու ճանապարհ է:

«ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիր». նպատակը

Թեմայի համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրին», որը գործող օրենք է և հստակ պատկերացում է տալիս, թե ինչ փոփոխությունների ուղղությամբ պետք է աշխատել:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ծրագրի վերջնական նպատակն է ունենալ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն յուրաքանչյուրին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն:

«Շատ կարևոր է, որ ռազմավարությամբ կրթությունը հանրահռչակում ենք իբրև հանրային բարիք, որը պետք է ապահովի կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ձևավորի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Այս համատեքստում արտադպրոցական կրթությունը և ոչ ֆորմալ կրթական համակարգը դառնում են ծրագրի կարևոր բաղադրիչ»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարը:

Նա ներկայացրել է ծրագրի երեք հիմնական ուղղությունները: Առաջինը, որը առանցքային է, համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումն է: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում յուրաքանչյուրի համար պետք է հասանելի լինեն որակյալ կրթական ծառայությունները:

Երկրորդ ուղղությունը կրթության արդյունավետության բարձրացումն է՝ նորարար գործիքներով համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու ծախսարդյունավետ և թափանցիկ եղանակներով:

Վերջին ուղղությունը կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումն է՝ ստեղծելու կրթական ծառայություն և բովանդակություն, որը կարող է հետաքրքիր լինել աշխարհին: Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ պետական քաղաքականությամբ պետք է խրախուսվի նմանատիպ ծառայությունների զարգացումը, և այսօր արդեն իսկ հաջողությամբ իրականացվող ծրագրեր կան. դրանք են՝ «Թումոն», «Արմաթը»:

Ըստ ոլորտների՝ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագրի» թիրախները

Պլանավորվում է՝ մինչև 2030 թվականը 5 տարեկան բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ, ինչը էական է նրանց հետագա կրթական արդյունքի տեսանկյունից: 3-5 տարեկան երեխաների համար սահմանված թիրախներն են՝ 2026 թվականից ապահովել 85 տոկոս ընդգրկվածություն, 2030 թ.՝ 95 տոկոս:

Հանրակրթության ոլորտում ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակի նվազեցման խնդիրը ևս թիրախային է: Հարցը քննարկվել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ Կրթության տեսչական մարմնի նիստում: Արտադպրոցական ուսուցումը գալիս է օգնելու նաև այս խնդրի լուծմանը:

Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ 2030 թ. սահմանված է անգրագիտության մակարդակի նվազեցում՝ մինչև 5 տոկոս:

«Պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչպես ենք դրա չափելիությունն ապահովելու»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախնական և միջին մասնագիտական կրթության թիրախ է ոլորտում ընդգրկվածության մեծացմանը նպաստելը, հատկապես այն մասնագիտություններում, որոնք հանրային զարգացման համար ունեն ռազմավարական նշանակություն:

Բարձրագույն կրթության ոլորտում, որպես թիրախ, նախարարն ընդգծել է.

«Առանցքային է, թե ավագ դպրոցի շրջանավարտների քանի տոկոսը պետք է բուհ ընդունվի: Սա կարևոր է երկրում մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Պետական քաղաքականությամբ շարունակաբար պետք է խրախուսել բոլորի կարողությունների զարգացումը, ինչը սոցիալական վիճակի բարելավման կարևոր ուղղություններից է, քանի որ կրթությունն աղքատության հաղթահարման կարևոր մեխանիզմներից մեկն է»:

Առանձնացվել են բոլոր մակարդակներում կրթական ծառայությունների կազմակերպման թիրախները՝ կախված տարբեր խնդիրներից: Օրինակ՝ նախադպրոցական ոլորտում ծառայությունների իրականացումը նախատեսվում է համայնքային կազմակերպությունների կողմից: Հանրակրթության ոլորտում կառավարման մեխանիզմները վերանայման փուլում են, իսկ ՄԿՈՒ ոլորտում համատեղ կառավարման ձևաչափեր են նախատեսվում՝ նաև ձեռնարկատիրական ոլորտի խթանման միջոցների ներդրմամբ: Բարձրագույն կրթության ոլորտում թիրախային են բուհերի մրցունակության բարձրացումը և օտարերկրյա ուսանողների թվի մեծացումը:

Նախարարն անդրադարձել է նաև մանկավարժների վարձատրության բարձրացման մեխանիզմներին, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ:

«Մարտի կեսին պետք է հաստատենք գործողություների ծրագիրը: Այն շուտով կներկայացվի հանրային քննարկման»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ներկաների հարցերին:

Քննարկման մասնակիցներին ողջունել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:29 06.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի  մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP