21:09 21.05.2023
-Երբ ամռանը առավոտյան արթնանում եմ, պատուհանից դուրս եմ նայում․․․ այդ օդը, այդ ջերմությունը․․․ տանը լինելու այդ զգացողությունը ուրիշ ոչ մի երկրում չեմ զգում․․․
Վիրտուոզ ջութակահար Ռոբերտ Ստեփանյանը ծնվել է Երևանում, մեծացել՝ Մոսկվայում, որպես երաժիշտ թրծվել ու կայացել՝ Եվրոպայում։
-7 տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան։ Շատ տարիներ ապրել եմ Մոսկվայում, շատ կարճ ժամանակ Բելգիայում եմ ապրել, մոտ մեկուկես տարի Ավստրիայում, հետո նաև Գերմանիայում, հիմա հիմնականում ապրում եմ Ֆրանսիայում, բայց սիրտս միշտ եղել է Հայաստանում, մեր հայրենիքում։
Հայրենիքից հեռու, օտարության մեջ ապրելը դժվար է, բայց նաև արտերկրում, հատկապես Եվրոպայում ապրելը դասական երաժշտի կայացման համար շատ կարևոր հանգամանք ու պայման է։ Մեր հայրենակից բոլոր հռչակավոր դասական երաժիշտները շեշտում են այդ փաստը։
-Ես երջանկություն եմ ունեցել ոչ միայն ապրել տարբեր երկրներում, այլև խոսել այդ լեզուներով։ Երբ հասկանում ես լեզուն, որով գրել է կոմպոզիտորը, բոլորովին այլ կերպ ես ընկալում նրա երաժշտությունը։ Օրինակ՝ եթե գիտես գերմաներեն, սկսում ես լրիվ այլ խորությամբ հասկանալ Բրամսի երաժշտությունը։ Կարծում եմ՝ սա մի փոքր մոտեցնում է երաժշտին ու կոմպոզիտորին բաժանող տարածությունն ու ժամանակը։
Միկրոկենսաբանների, քիմիկոսի և տնտեսագետի ընտանիքում Ռոբերտի ապագան էլ այս ոլորտներից մեկում էին նախատեսում ծնողները։ Մյուս կողմից, ընդհանուր զարգացվածության համար գրեթե բոլորն ընտանիքում նաև երաժշտական կրթութուն ունեին։ Գերդաստանում կային նաև պրոֆեսիոնալ երաժիշտներ՝ հայտնի դաշնակահարուհիներ Էլզա և Ռոզա Թանդիլյանները։ Ռոբերտի հորաքույրն էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամ էր։
-Արվեստն ու դասական երաժշտությունը միշտ կարևոր տեղ են ունեցել մեր ընտանիքում։ Դասական համերգների գնալն ավանդույթ էր։ Մեր տանը միշտ որակյալ երաժշտություն էր հնչում։ Այդ մթնոլորտում եմ մեծացել։
Եվ երբ հերթը հասավ Ռոբերտի երաժշտական կրթությանը, նա ընտրեց սաքսոֆոնը։ Երաժշտական դպրոցում սաքսոֆոնի դասարան չկար, և Ռոբերտին հորդորեցին ջութակ նվագել՝ հաշվի առնելով նրա բացառիկ երաժշտական լսողությունը։ Հետո ընտանիքով տեղափոխվեցին Մոսկվա և հենց այնտեղ Ռոբերտը սկսեց արդեն լրջորեն զբաղվել երաժշտությամբ։
-Իմ 1-ին ուսուցիչը Տատյանա Վորոբյովան էր, ով հռչակավոր ջութակահար և ուսուցիչ Բորիս Գոլդշտեյնի ուսանողն է եղել։ Ամեն դետալին, ամեն մի նոտային ուշադրություն էր դարձնում։ 2 օրը մեկ պարապում էր հետս, իր տուն էր կանչում, մի 2 ժամ պարապում էինք, հետո կերակրում էր ինձ (ծիծաղում է), հետո 20-րդ դարի մեծ ջութակահարների տեսագրություններ էր միացնում։ Հետո տեսանյութն ընդհատում էր, օրինակի վրա բացատրում, վերլուծում ու սովորեցնում՝ ինչպես նվագել․․․ դա երջանկություն էր, գիտե՞ք։ Հենց այդպես ես այսօր իմ ուսանողների հետ եմ աշխատում։
Որքան էլ, որ զարմանալի կարող է թվալ, Ռոբերտ Ստեփանյանը սովորելու հետ միաժամանակ շատ վաղ հասակում երաժշտական դպրոցում դասավանդելու առաջարկ ստացավ և սիրով ընդունեց այն։
-14 տարեկան էի։ Մոսկվայում ինձ ընդունել էին երաժշտական դպրոց, որ դաս տամ՝ չնայած դա ոչ լեգալ էր (ծիծաղում է)։ 2 փոքրիկ աշակերտ ունեի։ Հաճելի էր։ Մի պահ հասկացա, որ երբ դասավանդում եմ, ինքս ավելի շատ բան եմ սովորում, քան երբ մենակ եմ պարապում։ Հետո արդեն երբ սկսեցի համերգներ ունենալ, երաժշտական դպրոցից դուրս եկա։
Կրթությունը շարունակվեց Մոսկվայի՝ Պ․Ի․Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիային կից Ակադեմիական Երաժշտական Ուսումնարանում՝ Զորիա Շիխմուրզաևայի մոտ, հետո հենց Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայում՝ Արա Բոգդանյանի մոտ, որն ի դեպ, լեգենդար ջութակահար Դավիդ Օյստրախի աշակերտն էր եղել։
-Ես բախտավոր եմ, որ հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել, բայց մեր արվեստում կատարելությունը սահման չունի։ Որպես երաժիշտ՝ ես ամբողջ կյանքումս սովորում եմ ու ամբողջ կյանքումս իրականությունն եմ փնտրում երաժշտության մեջ։
Եվ այսպես, 11 տարեկանում 1-ին համերգը սիմֆոնիկ նվագախմբի հետ, հետո տասնյակ մրցույթներում հաղթանակներ և մրցանակներ։ Մինչև օրս համերգներ արդեն 50-ից ավել երկրներում ու շքեղ դահլիճներում՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ», Փարիզի «Սալ Գավո», Իսպանիայի «Տեատրո Մետրոպոլ» և «Պաբլո Կասալ» համերգասրահ, համագործակցություն Մոսկվայի Ակադեմիական Ֆիլհարմոնիայի հետ, բազմաթիվ համերգներ Չայկովսկսկու անվան համերգասրահում և Մոսկվայի Կոնսերվատորիայի դահլիճներում։
Վերջին տարիներին Ռոբերտ Ստեփանյանը փառատոներ է կազմակերպում և իրականացնում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի տարբեր երկրներում։ Նրա ձայնասկավառակը 2021-ին նոմինացվեց դասական երաժշտության «Գրեմմի» համարվող գերմանական «Opus Klassic Awards» մրցանակաբաշխությանը միանգամից 4 անվանակարգում, ի թիվս Յո Յո Մայի, Անդրեա Բոչելիի, և այլ լեգենդար երաժիշտների։ Եվ առջևում դեռ շատ անելիքներ կան։
-Հիմա առաջիկա համերգների համար ծրագիր եմ մշակում, նոր գործեր եմ սովորում, հաջորդ համերգաշրջանի համար նոր սիդիի ձայնագրություն է սպասվում, միաժամանակ փորձում եմ հասցնել փառատոն կազմակերպել Լատինական Ամերիկայում։ Անելիք միշտ կա, միշտ սովորելու բան կա, շատ հետաքրքիր պրոցես է։
Եվ փաստորեն մեծ երաժիշտ դառնալու ճանապարհին իր սովորածն իրենից փոքրերի հետ կիսելու ցանկությունը չի մարել։ Ռոբերտ Ստեփանյանն այն բացառիկ երաժիշտներից է, որ հիմա և՛ վիրտուոզ կատարող է, և՛ վիրտուոզ ուսուցիչ։ Հիմա նրա տասնյակ ուսանողների թվում միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Նրա ուսանողները հաջողությամբ անցնում են լսումները և աշխատում այնպիսի հռչակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Philharmonia Orchestra, Բի-Բի-Սիի Սիմֆոնիկ նվագախումբը, Մանչեսթերի Կամերային նվագախումբը՝ Manchester Camerata, Մալայզիայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։
-Ես կարծում եմ որ մանկավարժի գլխավոր նպատակը ոչ միայն երաժշտության մեջ, առհասարակ, մաքսիմալ չափով ուսանողի անհատականությունը բացահայտելն է: Ամեն ուսանողի հետ տարբեր, յուրովի մոտեցում է պետք, ամեն ուսանող տարբեր անհատականություն է, տարբեր ֆիզիկական կառուցվածք, տարբեր բնատուր տվյալներ, մտածողություն և տարբեր հուզական աշխարհ ունի։
Այսպես, իր ուսանողների անհատականությունները բացահայտելով, աշխարհով մեկ շրջելով, տարբեր մշակույթների հետ առնչվելով՝ Ռոբերտ Ստեփանյանի սեփական անհատականությունը, անմիջականությունն ու հուզական աշխարհը միևնույն է մնացել է խիստ հայկական։ Դա շատ ցայտուն երևում է նրա հետ ընդամենը մի քանի րոպե զրուցելիս անգամ։ Վերջին տարիներին հաճախ է գալիս Հայաստան ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ չի ուզում հետ գնալ։
-Այս անգամ Երևանում եղածս օրերին հասցրի նաև ներկա լինել ժամանակակից երաժշտության համերգի և հաճելիորեն զարմացա, որովհետև հնչում էին հայ ժամանակակից կոմպոզիտորների շատ հետաքրքիր գործեր ու դա շատ-շատ հաճելի էր ինձ։
Վերջին այցի ժամանակ առիթ ունեցավ նաև Երևանի Պետական Կոնսերվատորիայի ուսանողների հետ վարպետության դաս անցկացնելու։ Ասում է՝ մեծ պոտենցիալ ունեն մեր երիտասարդները։ Թե՛ որպես երաժիշտ և թե՛ որպես ուսուցիչ, Հայաստանում շատ պլաններ ու անելիքներ ունի։ Իր հայուհի կնոջ և հնգամյա որդու հետ ուզում է Հայաստան տեղափոխվել մոտ ապագայում։
-Ինչպես ասում են՝ մենք կանխատեսում ենք, Աստված՝ տնօրինում։ Դրա համար իհարկե շատ կուզեի, շատ մեծ ցանկություն ունեմ ապրել իմ երկրում ու իմ օդը շնչել, տեսնել այս գույները, գունապնակը, որ շատ հարուստ է, մոլորակում երևի ամենահարուստ գունապնակն ունի մեր երկիրը։ Տեսնենք՝ ինչ կլինի, Աստված առաջ։
Զրուցեց Սոնա Ղուկասյանը
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:30 01.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասինՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...