23:02 15.07.2023
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 15-ին Կինոյի տանը եզրափակվեց Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց փառատոնի միջոցով Հայաստանն ու հայկական կինոն ճանաչելի դարձնելու գաղափարը: «Հայկական կինոն այսoր ավելի լավ վիճակում է, քան կար, սակայն ժամանակներն են փոխվել. բոլորը ցանկանում են նկարահանել «Եռանկյունի» կամ «3 գումարած 2»: Ամեն տարի փոխվում է հայկական կինոն: Այսօր այն նման է իր ժամանակին և շատ գեղեցիկ է»,-ասաց Խաչատրյանը՝ կարևորելով այն փաստը, որ նաև հայ կանայք են սկսել կինո նկարահանել:
Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ փառատոնի՝ «Հետ նայելով գալիքին» կարգախոսն այն մասին է, որ պետք է առաջ գնալ, ոչ թե փորձել ամփոփել փառատոնը: «Մենք սովոր ենք հոբելյանների ընթացքում խոսել անցած ճանապարհից, ինչը հաճելի է, բայց չի նպաստում առաջխաղացմանը: Փառատոնի յուրաքանչյուր տարին անկրկնելի է, հետևաբար ժամանակի ոգին զգալ փորձելը, կինոյի լեզվով ինչ-որ բաներ կանխորոշելը ամեն տարվա առաջնահերթությունն է, գրավականն ու մարտահրավերը և այդ իմաստով 20-ը հերթական տարի է, ցավոք, բավականին տխուր, նյարդային, ինչը երևում է էկրանին, բայց դրա հետ հարաբերվելը մեզ համար ավելի կարևոր է, քան ուղղակի դրական էմոցիաներ փոխանցելը, որի համար փառատոնը լավագույն առիթը չէ»,-շեշտեց Ավետիսյանը:
Անդրադառնալով փառատոնի միջոցով Հայաստանին ու Արցախին վերաբերող լրջագույն խնդիրները միջազգային հարթակում բարձրաձայնելուն՝ Ավետիսյանը նշեց, որ իրականությունն այնպիսին է, որ անգամ քաղաքական, դիվանագիտական, խնդիրների հետ ավելի ուղիղ առնչություն ունեցող գործիքակազմն է խնդրահարույց խնդիրների լուծման շուրջ, իսկ արվեստը միշտ էլ միջնորդավորված ազդեցություն է ունենում այդ ամենի վրա: Նա հիշեցրեց, որ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը՝ «Լուկա»-ն, զուգահեռ ցուցադրել են նաև Ստեփանակերտում՝ ընդգծելով, որ Արցախի խնդիրը բոլորի համար շատ կարևոր է:
Փառատոնի փակմանը Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ «Արծաթե ծիրան» ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը», հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։
Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», «Արծաթե ծիրան»-ի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։
FIPRESCI մրցանակը տրվեց Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին» կինոնկարին:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն նաև ստացավ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Արծաթե ծիրան» ստացավ Արման Այվազյանի «Քարերը» վավերագրական ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։
Փառատոնի հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։
Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia-ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» կինոնկարը:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ ականավոր կինոռեժիսոր Լավ Դիասը արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին։
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվել են երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում բացման ֆիլմը՝ «Լուկա»-ն։ Ներկայացվել է նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր. տեղի է ունեցել իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։
Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից էին նաև Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։
«Ոսկե ծիրան»-ը 2023-ին անցկացվում է հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով ցուցադրեց ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից:
Փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապատերանը փառատոնի գլխավոր հովանավորն է։
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...
11:50 11.08.2025
Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեմանԹուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...
11:40 11.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 19 դեպք՝ խարդախության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 15 […] ...
11:31 11.08.2025
Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերինՆոր Զելանդիան սեպտեմբերին կորոշի՝ ճանաչե՞լ Պաղեստինը որպես պետություն, թե՞ ոչ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ «Նախարարների կաբինետը սեպտեմբերին պաշտոնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Նոր Զելանդիան պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, և եթե այո, ապա երբ և ինչպես», – ասել է Փիթերսը New Zealand Herald-ի հաղորդմամբ։ Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 […] ...
11:10 11.08.2025
Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայություններըԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և […] ...