ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

19:02 28.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կատարված աշխատանքը գնահատելու անհրաժեշտությունը:
«Տարեցտարի էական առաջընթաց ունենք որակի առումով. դա վկայում է այն մասին, որ տարբեր կառույցների և մեր գործընկերների կողմից իրականացվող աշխատանքը միայն բարելավվում է: Բարձր նվաճումները և մեր մարզիկների գրանցած պրոֆեսիոնալ հաղթանակները բոլորիս ոգևորում են: Այս տարի արդեն 422 մեդալ ունենք, ինչը ռեկորդային ցուցանիշ է և նախորդ տարվա արդյունքից էականորեն ավելի բարձր է: Սա մեր պրոֆեսիոնալ մարզիկների գրանցած հաջողությունների վկայությունն է, սակայն կարևոր է նաև չմոռանալ, որ սպորտն առաջնային նշանակություն ունի հանրության շրջանում առողջ ապրելակերպի տարածման և ֆիզիկական ակտիվության խրախուսման համար: Եվ այս պարագայում շատ կարևոր են մասսայական սպորտի միջոցառումները, որպեսզի տարեցտարի խթանենք հանրության՝ դրանց մասնակցելու ցուցանիշները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մասսայական սպորտի միջոցառումներին 38 հազար մասնակից ունենալն էական ցուցանիշ է՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը կարող է ավելանալ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերը վերջին տարիներին էապես նպաստել են մասսայական սպորտի զարգացմանն ու տարածմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի շարքը հաջորդ տարվանից կհամալրվի ևս 2-ով. դպրոցականների համար սիրողական մրցաշարեր կանցկացվեն նաև սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից:
«Հաջորդ տարվա համար մեր առջև նպատակ ենք դնելու՝ յուրաքանչյուր մարզից կունենանք մասնակից դպրոցական և թիմեր՝ հասնելով դպրոցների մասնակցության առնվազն 30 տոկոս ցուցանիշի: Այն խնդիրները, որոնք արդեն կարողանում ենք լուծել, մեզ թույլ են տալիս առաջ շարժվել ու նոր թիրախներ ու նպատակներ սահմանել: Այս պահին իսկապես կարևոր թիրախ ունենք՝ ընդլայնել դպրոցների մասնակցությունը: Կան դպրոցներ, որոնք գրեթե հարյուր տոկոսով մասնակցում են բոլոր միջոցառումներին, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բավարար ջանք չեն գործադրում՝ այս ամենի մասնակիցը դառնալու համար: Այս ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և նշել՝ արդեն ունեցած փորձը բավարար հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարելու նաև այս թիրախային նպատակը:
«Սպորտի զարգացման ռազմավարությամբ, որն այժմ քննարկվում է, ավելի մեծ թիրախներ ենք սահմանել, քանի որ վստահ ենք՝ հանրության համար էական նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը: Մեր առաջնային խնդիրն է՝ երեխաների շրջանում ձևավորել այդ կենսակերպը: Հաջորդ տարվանից սկսելու ենք մեկ այլ խոշոր ծրագիր՝ մարզերում տիպային մարզահամալիրների կառուցումը, որի նպատակն է մեծացնել տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունը: Նմանատիպ 2 նախագիծ ենք պլանավորել Եղեգնաձորում և Բերդում: Վստահ եմ, որ այս նախագծի իրականացումն էլ ավելի կխրախուսի մեր հանրության մասնակցությունը սպորտային միջոցառումներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նշենք՝ մասսայական սպորտի զարգացման ու առողջ ապրելակերպի խթանման նպատակով այս տարի անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի շարքը՝ սեղանի թենիս, դպրոցականների թիմային խճուղավազք, խճուղային հեծանվավազք, լող և խճուղային կրոսավազք մարզաձևերից: Այս մրցաշարերին 2023 թվականին ավելի քան 6700 մարդ է մասնակցել:
2023 թվականին առաջին անգամ ուժային կառույցների միջև անցկացվել են բանակային խաղեր՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Մրցաշարին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Դատախազության 8 թիմեր՝ 144 մասնակիցներով:
ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 4 փուլով անցկացվել է նաև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը: Համայնքային փուլերին ավելի քան 12 հազար աշակերտ է մասնակցել, որից 1-3-րդ դասարաններ՝ 527 դպրոց, 5270 աշակերտ, 4-6-րդ դասարաններ՝ 674 դպրոց, 6740 աշակերտ: Եզրափակիչ մրցումներն անցկացվել են Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Գյումրիում անցկացվել են 1-3-րդ դասարանների միջև եզրափակիչ մրցումները: Հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արմավիրի մարզի թիմը: Վանաձորում՝ 4-6-րդ դասարանների միջև անցկացված եզրափակիչ մրցումներում, հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի թիմը:
ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև էլ անցկացվել է «Սպարտակիադա» մարզական միջոցառումը, որն անցկացվել է 4 փուլով: «Սպարտակիադային» 8 մարզաձևերից ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 19,200 աշակերտներ:
Մրցանակային տեղեր գրաված մարզերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույքով: Հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի թիմը՝ 695 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզը՝ 640 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզը՝ 540 միավորով: Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են նաև 4-ից 11-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերը՝ միջոցառմանը լավագույնս մասնակցելու համար:
Նշենք՝ 2023 թվականին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երկու փուլով՝ նախընտրական և եզրափակիչ, անցկացվել է նաև «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մարզական միջոցառումը: Երկրորդ՝ հանրապետական եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Գյումրիում, 110 մարդ է մասնակցել:
Միջոցառման հաղթող և մրցանակակիր թիմերը, դրանց անդամները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի վկայագրերով, շնորհակալագրերով, հավաստագրերով, մեդալներով, մասնակից բոլոր երեխաները՝ նվերներով (մարզահագուստ), մարզագույքով, գավաթներով:
Ընդհանուր առմամբ՝ նախարարության կողմից կազմակերպված մասսայական միջոցառումներին 2023 թվականին ավելի քան 38 հազար մարդ է մասնակցել:
Միաժամանակ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանի սեղանի թենիսի, աթլետիկայի և հեծանվային մարզաձևերի ֆեդերացիաները, ինչպես նաև ՀՀ լողի հայկական դաշնությունը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի կազմակերպչական հարցերով ցուցաբերած աջակցության համար:
Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա միջոցառման ծրագրով անցկացված մարզաձևերի գլխավոր մրցավարները՝ Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Դրաստամատ Մուրադյանը (բասկետբոլ), Արման Փիրոյանը (բազկամարտ), Վահան Դիմաքսյանը (շախմատ) և Վլադիմիր Բադալյանը (հրաձգություն):
Երևան քաղաքում անցկացված մարզական մասսայական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ հասարակական կարգ ու կանոն պահպանելու համար՝ ՀՀ ոստիկանությանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

08:50 15.05.2025

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

08:39 15.05.2025

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

08:28 15.05.2025

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի հարավային Մանիտոբա նահանգում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի թագավորական ոստիկանությունը (RCMP): «Լակ դյու Բոննեում ոստիկանները հայտնաբերել են երկու դի: Մայիսի 13-ին RCMP-ին տեղեկացվել է, որ նրանք հայտնվել են կրակի ճիրաններում»,-ասվում է RCMP-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Իրավապահները շարունակում են միջադեպի հետաքննությունը։ ԱՄՆ Մինեսոտա նահանգը և Մանիտոբա […] ...

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

08:20 15.05.2025

Reuters. Թրամփը չի գնա Թուրքիա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրին։ Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հայտնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։ Թրամփը նախկինում չէր բացառել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:10 15.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

BACK_TO_TOP