Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.57 oC

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

Արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել. «Նախ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել գլոբալ տեխնոլոգիական ոլորտում ունեցած ներդրման համար և շնորհավորել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցանակը կարևորում է, քանի որ դրա միջոցով Հայաստանը՝ որպես պետություն, իր հարգանքի տուրքն է մատուցում այն անձանց, ովքեր շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ժամանակակից կյանքի ձևավորման գործում: «Եվ սա նաև ինչ-որ առումով գլոբալ այդ պրոցեսներին մեր մասնակցության մի ձևաչափ է, որը մենք շատ ենք կարևոր համարում։ Իհարկե, նաև նման մասշտաբի գործիչների այցելությունը Հայաստան, նրանց շփումները մեր ուսանողների, գործարար համայնքի, տեխնոլոգիական ոլորտի հետ, կարծում եմ կարևոր և լրացուցիչ խթան է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար: Այս մրցանակաբաշխությունը նաև մեզ օգնում է ստուգել, համոզվել տեխնոլոգիական, կրթության ոլորտում մեր ռազմավարական պատկերացումների ճշգրտությունը: Սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,- հավելել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հետաքրքիր օրինաչափություն է նկատել բոլոր դափնեկիրների հետ շփումներում այն առումով, որ նրանք բոլորն էլ իրենց անցած ճանապարհը, գործունեությունը վերհիշելիս, միշտ անդրադառնում են դպրոցին, ինչը նշանակում է, որ անկախ հետագա կյանքի ընթացքից, կրթությունից, բոլորի կյանքում դպրոցը շատ էական դեր է կատարում: «Եվ այն, որ մեր բոլոր հյուրերը անպայման մի փոքր դրվագ հիշում են իրենց դպրոցից այսպիսի հաջողությունների հասնելուց հետո, ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան կարևոր է ընդհանրապես կրթական ենթակառուցվածքների գոյությունը երկրում, որը մեր Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է: Եվ մենք կրթության՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, հետբուհական կրթության ոլորտում, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ լուրջ ծրագրեր ենք իրականացնում»:

Իր խոսքում երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Յոշիակի Դեյմոն Հագիվարային ուսանողների հետ իր փորձով կիսվելու և հետագայում շփումը շարունակելու պատրաստակամության համար։

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք կրկին Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից հարգանքի և գնահատանքի տուրք մատուցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 15-րդ դափնեկիր պարոն Յոշիակի Հագիվարային»։

Վերջինս շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար: Իր խոսքում անվանի գիտնականը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետևողական իրականացումը:

* * *

Դր․ Յոշիակի Դեյմոն Հագիվարան AIPLAB կոնսորցիումի հիմնադիրն է, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ, IEEE մշտական անդամ (IEEE Life Fellow), AAIA անդամ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) նշանավոր շրջանավարտ:

Յոշիակի Դեյմոն Հագիվարան ավարտել է ԱՄՆ-ի Փասադենայում գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech)՝ ստանալով էլեկտրատեխնիկայի ոլորտում ֆիզիկայի մասնագիտացմամբ դոկտորի (PhD) կոչում՝ 1975 թվականին: 1975-2008 թվականներին Sony-ում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել պատկերի սենսորների և թվային տեսախցիկի չիպ-սեթի վաղ մշակումներում, ներառյալ ADC, DRAM, բարձր արագությամբ Cache SRAM բուֆերային հիշողության չիպերը, միկրոկոնտրոլերների չիպերն ու իրական ժամանակի բարձր արտադրողականության պրոցեսորները։ 1992 թվականին նա եղել է JEDEC հիշողության ստանդարտացման կոմիտեի անդամ, ինչպես նաև՝ Միջազգային ստանդարտների կոմիտեի (IEC) IEC TC47 Տեխնիկական հանձնաժողովի նախագահ։

Պարոն Հագիվարան նաև եղել է Միջազգային ծրագրային կոմիտեի նախագահ և Գործառնական կոմիտեի անդամ IEEE Electron Device Society (EDS) -ի կողմից հովանավորվող ICMTS կոնֆերանսներում և IEEE Solid State Circuits Society (SSCS) -ի կողմից հովանավորվող ISSCC կոնֆերանսներում, որտեղ նա նաև շարունակաբար եղել է IEEE ISSCC Ասիական կոմիտեի նախագահ և ISSCC Միջազգային տեխնիկական ծրագրերի (international technical program (ITC)) ղեկավար:

Նա եղել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) էլեկտրատեխնիկայի և կիրառական ֆիզիկայի դեպարտամենտների հրավիրյալ պրոֆեսոր, Ճապոնիայի Կիրյու քաղաքի Գունմա համալսարանի էլեկտրատեխնիկայի դեպարտամենտի հրավիրյալ պրոֆեսոր, աշխատել է որպես Ճապոնիայի Կյուշու կղզու Կումամոտո քաղաքի Սոջո համալսարանի Տեղեկատվական գիտության և տեխնոլոգիայի դեպարտամենտի լրիվ դրույքով պրոֆեսոր և ներկայումս հատուկ նշանակված պրոֆեսոր է Սոջո համալսարանի նախագահի գրասենյակում։

2008 թ․ հիմնադրել է AIPLAB կոնսորցիումը և աշխատել որպես Արհեստական բանականության գործընկեր համակարգի (AIPS) լաբորատորիայի նախագահ։ Մինչ օրս շարունակում է լինել Ճապոնիայի Ածուգի քաղաքում գտնվող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահը՝զբաղվելով AI Robot Clean Energy SDGs (մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների) համակարգային լուծումների մշակմամբ։ Պարոն Հագիվարան եղել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության (SSIS) Կրթական հանձնաժողովի նախագահը և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը որպես անդամ։ Նա Կալտեքի (Caltech) պատվավոր շրջանավարտ է, AAIA անդամ, IEEE մշտական անդամ և IEEE EDS, IEEE SSCS, IEEE CS, IEEE գերհաղորդականության խորհրդի, IEEE նանոտեխնոլոգիայի խորհրդի, IEEE սենսորների խորհրդի և IEEE համակարգերի խորհրդի անդամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP