20:12 05.12.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:
«Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի այդ, դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։
«Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են:
«Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։
«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։
Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։
Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել:
«ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից:
Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը:
Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»:
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։
Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։
Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը:
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...