23:40 06.09.2018
Տնտեսագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եկամտահարկի դրույքաչափերի մեջ փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած 2 մոդելներին:
«Հարկային բարեփոխումների ծրագրի գլխավոր կետ է հայտարարվել եկամտային հարկը, որի նվազեցման տարբեր սցենարներ են քննարկվում: Սակայն, ի վերջո, բոլոր հաշվարկները կատարվում են հարկային մուտքերի՝ պլանի կատարման և շահութահարկի և շահաբաժինների հարկման դրույքաչափի հետ ուղղակի ազդեցության հանգամանքը հաշվի առնելով: Մտահոգություն կա, որ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը թույլ է տալու ձեռնարկություններին ավելացնել (բացահայտել) վճարվող աշխատավարձի գումարը, հետևաբար, շահութահարկի հաշվարկման նպատակով ավելանալու են ծախսերը, ըստ այդմ, վտանգ կա, որ կնվազեն ոչ միայն եկամտային հարկի, այլև շահութահարկի մուտքերը:Այս մտահոգությունն, իմ կարծիքով, մասամբ, տեղին է:
Ի վերջո, հարկային բարեփոխումը մեզանում ներկա փուլում դժվարանում է բարեփոխման կիսատության, անավարտության պատճառով, որովհետև մեկ հարկատեսակի փոփոխությունն առանց ամբողջական և համապարփակ լուծման մի կողմից` չի ունենալու այն արդյունքը, որը ծրագրվում է, մյուս կողմից` ունենալու է սահմանափակումներ և այս կամ այն ձևով պահպանելու է ստվերը: Մինչդեռ, իմ կարծիքով, վերջնական նպատակը պիտի լինի ստվերի վերացումը, ինչը թույլ կտա նվազ դրույքաչափերով ապահովել բյուջեի կատարումը` պահպանելով սոցիալական բաղադրիչը»,- գրել է նա:
Նրա կարծիքով` վատ կառավարվող, վատ վարձատրվող ապարատի պայմաններում, կոռուպցիոն ռիսկերը բարձր են, և, հետևաբար, բարդ համակարգերի ներդրումը և վերահսկումը դժվար է: Իդեալական լուծում կլիներ, իհարկե, համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի ներդրումը՝ եկամտահարկի սահուն և աճող սանդղակով, ինչը նաև թույլ կտար իրականացնել ճշգրիտ հասցեական սոցիալական քաղաքականություն: Սակայն, եթե տեխնիկապես երկիրը և հարկային համակարգը այդ քայլին պատրաստ է, ապա վարչական և քաղաքական առումով որոշումը չի կայացվում:
«Հարկային մարմինների մոտ կա մտահոգություն, որ եթե եկամտային հարկի դրույքաչափը այս կամ այն սցենարով 20 տոկոսից՝ շահութահարկի դրույքաչափից պակաս լինի, ապա բիզնեսը կնախընտրի ավելացնել աշխատավարձերը, միգուցե, նաև ստանանք ներկա իրավիճակի հակառակ պատկերը և չենք ունենա թաքցված աշխատողներ, այլ դեռ ավելցուկ մեռյալ հոգիներ, որոնց վրա դուրս կգրվի աշխատավարձ, ինչն, ի վերջո, նվազեցնելու է շահութահարկի և շահաբաժինների հարկման գումարները: Այս իսկ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ին «լայվով» ներկայացրած քննարկվող երկու տարբերակներում էլ` 23 տոկոս միասնական համահարթեցված դրույքաչափով և երկաստիճան 20 տոկոս (մինչև 150 հազար ամսական եկամուտի դեպքում), և 25 տոկոս (150 հազար ամսական շեմը գերազանցող եկամտի համար) սանդղակով եկամտահարկի մոդելները նպատակ ունեն ստերիլացնել եկամտահարկի ազդեցությունը շահույթի վրա և պահպանել շահութահարկի մուտքերը:Շրջանառության, արտոնագրային կամ հաստատագրված հարկով աշխատող ձեռնարկությունների համար նման խնդիր չի առաջանա, սակայն խոշոր ընկերությունների մասով նման մտահոգություն առկա է:
Վարչապետի բարձրաձայնած երկրորդ տարբերակին, կարծես թե, երկիրը դեռ պատրաստ չէ, իսկ առաջին՝ ունիվերսալ 23 տոկոս դրույքաչափով հարկումն, այնուամենայնիվ, շահութահարկի դրույքաչափից բարձր է և ցույց է տալիս հարկային մարմնի առաջնահերթություն՝ պլանի կատարումը»,- գրել է նա:
Տնտեսագետի կարծիքով՝ սպասվող հարկային մուտքերի փոխհատուցման համար անհրաժեշտ է վերանայել ոչ միայն եկամտային հարկի դրույքաչափերը, այլև՝ գույքահարկի: Եթե երկիրն անցնում է անուղղակի հարկերի վրա հիմնված հարկային համակարգից դեպի ուղղակի հարկերի վրա հիմնված հարկահավաքություն, ապա եկամտահարկի, շահութահարկի հետ մեկտեղ անհրաժեշտ է մեկ միասնական մոտեցման ներքո բարեփոխման մեջ ներառել նաև մյուս ուղղակի հարկը՝ գույքահարկը:
Հայկ Բալանյանը կարծում է, որ անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ.
1. Թույլ տալ ներկայացնել քաղաքացիներին տնային տնտեսությունների միասնական հարկային և գույքային հայտարարագիր` ներառելով այդ տնային տնտեսության մեջ ապրող ընտանիքի անդամներին՝ աշխատող և ոչ, խնամառու և խնամակալ, մերձավոր բարեկամներին, որոնք սպառումն իրականացնում են միասնաբար, այսինքն երախաներին, տատեր-պապերին, այլ մերձավորներին, որոնք ապրում են միասին կամ մեկ խնամառուի եկամտուների հաշվին: Հասկանալի է, որ Դուբայում ապրող և աշխատող եղբայրն այդ ընտանեկան տնտեսության հայտարարագրի մեջ չի կարող ներառվել: Այս հանգամանքը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում ապրողների համար, իհարկե, արտադրական գույքի առանձին հաշվառմամբ:
2. Սահմանել անձնական գույքի գույքահարկի աճող և էֆեկտիվ սանդղակ շարժական և անշարժ (ավտոմեքենաներ, նավակներ և այլն) գույքի մասով, այդ թվում` թույլ տալ քաղաքացուն հարկվել որպես տնային տնտեսություն: Օրինակ. մեկ շնչին քաղաքացուն ընկնող, ենթադրենք՝ 50 հազար ԱՄՆ դոլարից բարձր գույքը ենթակա է հարկման 1 տոկոս դրույքաչափով, 100 հազար ԱՄՆ դոլարից բարձրը՝ 2 տոկոսով, մեկ միլիոնը՝ 5 տոկոսով: Եթե քաղաքացին ուզում է այդ գույքահարկը նվազեցնել իր ընտանիքի անդամների քանակով, ապա պիտի ունենա հնարավորություն ընտանեկան տնտեսության միասնական հայտարարագիր ներկայացնելու` ներառելով այդ ընտանեկան տնտեսության բոլոր անդամների գույքը և եկամուտները և օգտվելով ամեն շնչին բաժին ընկնող նվազեցման իրավունքից: Այսպիսի մեխանիզմը թույլ կտա իրականացնել ինչպես արդյունավետ հաշվառում՝ բացահայտելով պատկերը, այնպես էլ գույքահարկի հարկման տիրույթից դուրս կթողնի ցածր եկամուտներ ունեցողներին և միջին դասակարգը` հարկային բեռը կենտրոնացնելով հարուստների վրա:
Այս գույքահարկի հարկման մեխանիզմն, ի վերջո, պիտի հիմք հանդիսանա նաև եկամտային հարկի հարկման մեխանիզմի կայացման համար: Պարզ ասած` չորս անձ ունեցող ընտանեկան տնտեսության համար մինչև 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չհարկվող գույքը ողջամիտ շեմ է միջին դասակարգի համար, իսկ ներդրված համակարգը թույլ կտա իրականացնել ապագայում և՛ եկամուտների բազմաստիճան հարկումը, և՛ իրականացնել արդյունավետ հասցեական սոցիալական քաղաքականություն՝ տրանսֆերներն ուղղելով իսկապես անապահով ընտանիքներին:
Նաև, որպես հետևանք անհատների սեփականություն հանդիսացող և վարձով տրվող արտադրական, հասարակական նշանակության գույքը քաղաքացիներն ստիպված ներդնելու են աշխատող ձեռնարկությունների գույքի կազմի մեջ՝ գույքահարկի գումարը նվազեցնելու նպատակով: Ի վերջո, ստվերի վերացման տեսակետից, իրավական պատկերն սկսելու է մոտենալ իրական տնտեսավարման հարաբերություններին:
3.Սահմանել, որ անշարժ և շարժական գույքը ենթակա են պարտադիր ապահովագրման, և գույքահարկի գումարի հաշվարկման նպատակով հարկման բազա է ընդունվելու ոչ թե կադաստրային կամ այլ արժեքը, այլ ապահովագրական ընկերությունների գնահատված ամբողջական փոխհատուցման արժեքը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում անշարժ գույքի հարկային բազայի մեջ մտնելու են տան կենցաղային տեխնիկան, շքեղ վերանորոգումը, ի վերջո, շուկայականին մոտ գնահատականները` անկախ կադաստրային արժեքից:
Եթե հարկային համակարգը դեռ պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմին, ապա վերը նշված մեխանիզմով կարելի է հայտարարագրումը պարտադիր դարձնել առավել ռիսկային խմբերի համար` անկախ պետական պաշտոնյա լինելու հանգամանքից: Մասնավորապես, մեծ գույքահարկ վճարող անձինք ամեն տարի պիտի կարողանան ներկայացնել այդ գույքահարկի վճարման համարժեք եկամտի աղբյուրները, ինչը ձեռնարկությունների եկամուտների և իրական բաժնետերերի բացահայտման խթան կհանդիսանա, իսկ սեփականատերերը ստիպված են լինելու բացահայտել գույքահարկի վճարման համար աղբյուր հանդիսացող եկամուտները, հետևաբար՝ ձեռնարկությունների իրական շրջանառությունը, շահույթները և դիվիդենտները:
Նաև անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց, որով քաղաքացիների տարբեր կատեգորիաներ պիտի անցնեն եկամուտների և գույքի պարտադիր հայտարարագրման, արդեն իսկ արտոնելով կամավոր հայտարարագրման հնարավորությունը՝ տնային տնտեսությունների սկզբունքով:
«Հարկային բարեփոխումների ուղին ճիշտ է որդեգրած, սակայն ընտրված ճանապարհի ներքո արդեն իսկ կարելի է ներդնել ուղենիշներ, որոնք ցույց կտան հետագա զարգացման ընթացքը ու հստակ «սիգնալ» կհանդիսանան և՛ ներդրողների, և՛ հարկատուների համար: Ի վերջո, այդ մեխանիզմը՝ հայտարարագրումը, բազմաաստիճան տարբերակված հարկումը ու հասցեական սոցիալական աջակցությունը պիտի վաղ թե ուշ ներդրվի, և անկախ տվյալ պարագայում գույքահարկի մուտքերի ծավալներից՝ ռազմավարության ներկայացումը կդարձնի բարեփոխումներն ինչպես կանխատեսելի, այնպես էլ հանրային աջակցության տեսակետից հաջողած ու անդառնալի»,- եզրափակել է նա:
13:43 02.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին […] ...
13:30 02.05.2025
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումըԷկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...
13:14 02.05.2025
Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր. վարչապետը տեսանյութ է հրապարակելԼոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգի փողոցը»,- գրել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 02.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ըԲացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...
12:54 02.05.2025
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համարԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...
12:44 02.05.2025
Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ինՎաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...