15:38 07.07.2025
Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։
Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային մասնակիցներ Հայաստանում
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը, ինչը, ըստ նրա, ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության պետական քաղաքականությանն ու ռազմավարությանը:
«ՀՀ կառավարությունը վարում է միջազգային խոշոր մրցաշարերը մեր երկրում անցկացնելու քաղաքականություն, և տափօղակի հոկեյի ու կարատեի առաջնություններից հետո սա այս տարվա երրորդ խոշոր մրցաշարն է: Նախատեսվում է անցկացնել նաև վոլեյբոլի մրցաշարը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունում առանձնահատուկ ընդգծված է խաղային մարզաձևերի խրախուսման քաղաքականությունը, և բասկետբոլի առաջնությունը ևս այդ համատեքստում է:
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգան», որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների շրջանում. ավելի քան 8700 դպրոցականներ մասնակցեցին համայնքային փուլին: Եզրափակիչ խաղը և երկրպագուների ներկայությունը ցույց տվեցին, որ խաղային մարզաձևերով զբաղվելու ներուժը մեր երկրում շատ մեծ է»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս օրերին ևս բազմաթիվ երկրպագուներ կքաջալերեն մեր հավաքականին:
Նախարարի գնահատմամբ՝ սպորտային մեծ տոն է նախատեսվում. մրցաշարին մասնակցում է 21 հավաքական՝ 400 մասնակցով, շուրջ 1000 արտասահմանցի երկրպագուներ ու կամավորներ: Ընդ որում՝ սա ռեկորդային ցուցանիշ է թիմային մարզաձևերից Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակցության տեսանկյունից:
Երկրպագուների աջակցությունը կամրապնդի Հայաստանի հավաքականի հաջող ելույթները
Խաղերը հեռարձակվելու են Առաջին ալիքով և միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքով՝ հասանելի դառնալով նաև հեռուստադիտողի համար և նպաստելով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
«ՀՀ կառավարությունն իրականացնում է ամբողջական ֆինանսավորում. առաջնությանը նախապատրաստվելիս կատարվել են նաև ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, որը կնպաստի նաև մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ ջանքերի և կազմակերպչական աշխատանքների համար:
Նախարարը կոչ է արել երկրպագուներին հնարավորինս ակտիվ լինել և ձեռք բերել տոմսեր՝ իրենց ներկայությամբ խրախուսելով մարզիկներին:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ երկրպագուների ակտիվ աջակցությունը նաև կամրապնդի Հայաստանի հավաքականի հաջող ելույթները:
Ակումբային և համալսարանական սպորտի զարգացումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակումբային սպորտի զարգացումն առանցքային է ինչպես բասկետբոլի, այնպես էլ տարբեր մարզաձևերի պարագայում: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծին, որտեղ առանձնակի կարևորվում են ուսանողական սպորտի զարգացումն ու ակումբների ձևավորումը:
«Տարբեր երկրներում, հատկապես բասկետբոլի դեպքում, մարզաձևի զարգացումն ապահովվում է համալսարանական ակումբների միջոցով. առանձին նպատակ ունենք խրախուսելու հենց սպորտային ակումբների ձևավորումը բուհական ենթակառուցվածքներում՝ դա փոխկապակցելով նաև ուսումնառության գործընթացի հետ: Այս ինստիտուցիոնալ խրախուսումը, վստահ եմ, ուսանողական ակումբային սպորտի զարգացման հնարավորություն է տալու: Արդեն իսկ որոշ բուհեր գնում են այս ճանապարհով՝ տարբեր մարզաձևերից ձևավորելով թիմեր: Կմտածենք նաև առանձին լիգաների ձևավորման մասին: Սա կարող է լինել շատ լավ միջավայր՝ արդեն ավելի բարձր տարիքում տվյալ մարզաձևում ներգրավվածությունն ապահովելու առումով: Հավաքականներն էլ ակումբներում խաղացող մարզիկներից ավելի մեծ ընտրություն անելու հնարավորություն կունենան»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Բասկետբոլային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու քայլ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն արդեն մեկ ամսից ավելի է՝ ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի ընթացքում մի շարք ընկերական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Շվեյցարիայի՝ բավական ուժեղ թիմերի հետ: Հուլիսի 9-ին էլ ընկերական հանդիպում է սպասվում Վրաստանի հետ, որը ևս բավական ուժեղ հավաքական է: Արթուր Նազարյանը նշել է, որ Երևան են ժամանելու բազմաթիվ հավաքականներ, և սպասվում է բարդ մրցակցություն։
«Առաջնության շրջանակում թույլ մրցակիցներ չկան, բոլոր հավաքականները բավականին ուժեղ են, և սպասվում է շատ լուրջ մրցակցություն։ Ֆավորիտների թվում են Լատվիան, Թուրքիան, Մոնտենեգրոն և Խորվաթիան, որոնք բասկետբոլային գերտերություններ են։ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Լատվիայի հետ, որը բավականին լուրջ փորձություն է լինելու»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հայ բասկետբոլիստները լիովին պատրաստ են առաջնության մեկնարկին և ունեն բավարար ներուժ: Նրա խոսքով՝ լավագույն տասնյակում հայտնվելը բավական հաջող արդյունք կլինի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի համար:
Նազարյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ ընդգծելով, որ այս ընթացքում կատարվել է մեծածավալ աշխատանք։
«Նման միջոցառում հնարավոր չէ կազմակերպել առանց պետության աջակցության։ Անգամ պատրանք չենք կարող ունենալ, որ նման մրցաշարի թեկուզ մեկ երրորդը կարելի է իրականացնել առանց պետական աջակցության և հոգածության։ Բացի այդ՝ թիմային մարզաձևերի պատմության մեջ Հայաստանում կունենանք ռեկորդային թվով մասնակիցներ։ Սա մեզ հնարավորություն կտա բասկետբոլային քարտեզում զբաղեցնել արժանի տեղ և ցույց տալ, որ կարող ենք կազմակերպել նման մեծ միջոցառումներ: Շատերի համար, ի դեպ, անակնկալ էր, որ Հայաստանը ցանկություն հայտնեց նման մասշտաբի մրցաշար կազմակերպելու»,- ասել է Արթուր Նազարյանը:
Նա նաև տեղեկացրել է՝ առաջնությանը հետևելու նպատակով Հայաստան կժամանեն ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ:
Առաջնության հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում:
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...