Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք. Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+21.09 oC

Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք. Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը

21:14 07.03.2024

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հարցում ՀՀ մոտեցմանը, առկա համաձայնությանն ու ակնկալիքներին, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի միջավայրին՝ Միրզոյանը հայտնել է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցել Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ»։ Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայացմանը՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:
Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. «Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ
«Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղության օրակարգին: Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողել է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք։»
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»։
Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանեն Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:
Արարատ Միրզոյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվել է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է, որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։

«Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք:»
Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավորություններ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրներին և տարածաշրջանին՝ Արարատ Միրզոյանն արձագանքել է. «Խաղաղության օգուտների մասին խոսելը փոքր-ինչ անիմաստ է, քանի որ խաղաղության օգուտներն ինքնին պարզ են: Սա անվիճելի թեմա է»:

Միրզոյանը նշել է.

«Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական ​​թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»:
Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում

23:59 31.05.2025

Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում

Երեխաների միջազգային օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում երեխաները բացահայտեցին ծառերի խնամքի գաղտնիքները և ծանոթացան թափոնների տեսակավորման գործընթացին։ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում նրանք սիրով խնամեցին կենտրոնում պահվող շներին՝ սովորելով, […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 31.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Զովունիում կառուցվող նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել. վերջինը հիվանդանոցում մահացել է

23:40 31.05.2025

Զովունիում կառուցվող նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել. վերջինը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել:  Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի մասին ոստիկանության […] ...

Էրդողան. Թուրքիան աշխատում է Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման կազմակերպման ուղղությամբ

23:26 31.05.2025

Էրդողան. Թուրքիան աշխատում է Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման կազմակերպման ուղղությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու համար։ Նա այս մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ զրույցում։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Մեր նախագահը նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը […] ...

Նիգերիայում մարզիկներ տեղափոխող ավտոբուսը կամրջից ընկել է. կան տասնյակ զոհեր

23:14 31.05.2025

Նիգերիայում մարզիկներ տեղափոխող ավտոբուսը կամրջից ընկել է. կան տասնյակ զոհեր

Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից: Զոհվել է 21 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից։ Այս մասին հայտնել է Punch թերթը։ Ավտոբուսում 30 մարզիկ է եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք վերադառնում էին Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում անցկացվող սպորտային փառատոնից։ Դեպքը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունը

22:58 31.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելական բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի ոչնչացման փաստը: Բանակի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ նա ոչնչացվել է Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տարածքում հասցված կետային հարվածի արդյունքում: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ի մարտական ​​շտաբը գտնվում էր կլինիկայի շենքի տակ, որտեղ հարվածի պահին գտնվում էր […] ...

BACK_TO_TOP