Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+27.09 oC

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։

Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահի ելույթը.

«Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, երբ համախմբվել ենք Ավազայում՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովին։

Թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի կառավարությանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նաև ՄԱԿ-ի Բարձր ներկայացուցչին՝ տիկին Ռաբաբ Ֆաթիմային, ով հանդիսանում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ՄԱԿ-ի երրորդ համաժողովի քարտուղարը, ինչպես նաև նրա թիմին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առաջնահերթությունները ՄԱԿ-ի օրակարգում պահելու հարցում ցուցաբերած առաջնորդության համար։

Տիկնայք և պարոնայք,

Մուտքը համաշխարհային շուկաներ կենսական նշանակություն ունի ներառական և կայուն զարգացում ապահովելու համար։ Ժամանակակից փոխկապակցված աշխարհում ապրանքների, ծառայությունների և մարդկանց տրանսսահմանային հոսքերը համընդհանուր բարօրության հզոր շարժիչ ուժ են։ Սակայն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները շարունակում են բախվել լուրջ մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհագրական սահմանափակումներով, որոնք հաճախ խոչընդոտում են իրենց լիարժեք ներգրավվածությունը համաշխարհային առևտրում, տնտեսությունների դիվերսիֆիկացիան և ներդրումների ներգրավումը՝ դանդաղեցնելով մեր համատեղ առաջընթացը Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ։

Այս մարտահրավերները հաղթահարելու և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կյանքը և տնտեսությունները փոխակերպելու համար մենք այսօր ունենք հստակ և ապագային միտված ճանապարհային քարտեզ։ «Ավազայի Գործողությունների ծրագիրը» մի ամբողջական փաստաթուղթ է, որը պարունակում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ստանձնած հաստատուն քայլեր, հանձնառություններ և արդյունքներ՝ ուղղված հատկապես նոր առաջացող սպառնալիքների սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը։ Նոր Գործողությունների ծրագրի հինգ առաջնահերթ ուղղությունները հիմնվում են Վիեննայի գործողությունների ծրագրի վրա և ուղղակիորեն արձագանքում են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած ամենահրատապ մարտահրավերներին։

«Ավազայի Գործողությունների ծրագիրը» կարող է ծառայել որպես ուղեցույց՝ խթանելու ավելի սերտ համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, տարանցիկ երկրների, ՄԱԿ-ի, դրա գործակալությունների, ինչպես նաև միջազգային զարգացման կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների միջև՝ օգնելով մեզ արագ ու զգալի առաջընթաց ապահովել ընդհանուր առաջնահերթությունների ուղղությամբ։

Սակայն նոր Գործողությունների ծրագրի հավակնությունները կոնկրետ արդյունքների վերածելը լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով ֆինանսավորման սղությունը, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։ Ակնհայտ է՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները դա չեն կարող անել միայնակ։ Մեզ անհրաժեշտ է ուժեղացված տարածաշրջանային համագործակցություն՝ դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև։ Պետք է վերացնել մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի վրա դրված արհեստական և շարժառիթներով պայմանավորված արգելքները։ Սա ոչ միայն գործնական անհրաժեշտություն է, այլ նաև կենսական՝ տնտեսական և սոցիալական իրավունքները, զարգացման իրավունքը և համապարփակ տարածաշրջանային ու գլոբալ կապակցվածությունը երաշխավորելու համար։

Մենք կարևորում ենք զարգացման գործընկերների կողմից տրանսսահմանային ենթակառուցվածքներում ներդրումների ծավալների ավելացմանը ուղղված էական աջակցությունը՝ առևտուրը ավելի արագ և արդյունավետ դարձնելու համար ։

Պետք է նաև երաշխավորենք, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները լիարժեքորեն ներգրավված լինեն համաշխարհային թվային և կանաչ փոխակերպման գործընթացներում՝ խուսափելու համար գլոբալ տնտեսության մեջ նրանց հետընթացից։

Անհրաժեշտ է նաև ամրապնդել դիմակայունությունը կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում։ Հայաստանը, որպես կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի հաջորդ հյուրընկալող և նախագահող երկիր, չի խնայելու ջանքերը այս կարևոր օրակարգը առաջ մղելու և ապահովելու համար, որ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները կապակցված լինեն և լիարժեքորեն օգտվեն իրենց հարուստ կենսաբազմազանության պաշարներից։

Տիկնայք և պարոնայք,

Ես ներկայացնում եմ երկիր, որն արդեն երեք տասնամյակից ավելի բախվում է աշխարհագրական սահմանափակումների և բարդ աշխարհաքաղաքական միջավայրի հետևանքներին։ Երկու հարևանների հետ փակ սահմաններով, ոչ մի ուղիղ ելք դեպի օվկիանոս կամ ծով, առևտրի, տրանսպորտի և բեռնափոխադրման ոլորտում առկա եզակի խնդիրներով՝ ՀՀ կառավարությունը լիովին գիտակցում է ներառական կապակցվածության, բաց սահմանների և հուսալի ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը համաշխարհային շուկաներին ինտեգրվելու համար։

Այս ըմբռնմամբ ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը վկայում է իմ երկրի հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նկատմամբ՝ միաժամանակ խթանելով ներառական կապակցվածություն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներուժ ունի մեր տնտեսությունները դարձնելու առավել բարեկեցիկ և դիմակայուն: Տնտեսական շահերի համադրումը վաղուց սպասված խաղաղության և կայունության հետ՝ նախագծի առանցքում դնելով, այն նպատակ ունի ստեղծել գործնական առևտրային պայմանավորվածություններ՝ հիմնված ընդհանուր շահերի վրա՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում՝ տեսլականը վերածելով իրականության։

Ձերդ Գերազանցություններ,

Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին խորին շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի կառավարությանը և ՄԱԿ-ին՝ այս համաժողովը կազմակերպելու համար։ Մենք ակնկալում ենք բովանդակային և արդյունավետ քննարկումներ՝ մի ապագա կերտելու ուղղությամբ, որտեղ դեպի ծով ելք չունենալը այլևս չի դիտարկվի որպես սահմանափակում, այլ՝ նորարարության, դիմակայունության և ընդհանուր բարօրության մեկնարկային կետ։

Թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է բազմակողմ արդյունավետ համագործակցությանը բոլոր գործընկերների հետ՝ իրագործելու «Ավազայի Գործողությունների ծրագիրը» դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը

09:31 06.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից և նշում, […] ...

Axios. ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին

09:22 06.08.2025

Axios. ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին

Վաշինգտոնի վարչակազմը պլանավորում է ընդլայնել պաղեստինյան Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, հաղորդում է ամերիկյան Axios պորտալը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Սպիտակ տանը քննարկել են «Գազային օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ-ի դերի զգալիորեն ընդլայնման ծրագրերը»։ Ամերիկացի պաշտոնյաների շրջանում աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է […] ...

Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկությունները

09:11 06.08.2025

Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկությունները

Քաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 06.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

08:54 06.08.2025

Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համար

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP