Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

22:19 30.11.2018

Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.

«Հարգարժան պարոն Թրուշարդ,

Տիկնայք և պարոնայք,

 ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն այսօր շնորհվում է «Նեշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին: Մի մարդու, որ իր նորարարությամբ բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տարածման գործում։ Ես մասնագիտական մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց կասեմ հետևյալը։

 Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է` տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաև մարտահրավեր են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։

 Հայաստանի և ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախևառաջ, ապրելով աշխարհա­քա­ղա­քական բարդ տարածաշրջանում` մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ նաև մեր տնտեսական աճն ու զարգացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ընդերք: Դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալ: Իսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը մշտապես աչքի է ընկել:

 Մենք ոչ միայն ուրախ ենք այդ նոր բացվող հնարավորությունների համար, այլև պիտի ամեն ջանք գործադրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ։ Հենց այդ է պատճառը, որ ես մեր նոր ձևավորվող կառավարության առաջնային խնդիրներից եմ համարում  Հայաստանն ագրարային, հանքար­դյու­նա­բերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը: Եվ բնավ նկատի չունեմ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցում: Ընդհակառակը, մենք պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների օգտագործմամբ զարգացնենք և նոր մակարդակի հասցնենք նաև մեր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Մենք պետք է ինովացիոն լուծումներով ոչ միայն դյուրացնենք համապատասխան ոլորտում և ընդհանրապես բոլոր ոլորտներում աշխատողների հոգսը, այլև բարձրացնենք արտադրանքի որակն ու արդյունավետությունը:

 Այն, ինչ արել և անում են տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, անհնար է մեկնաբանել այլ կերպ, քան հեղափոխություն։ Մենք հեղափոխականներ ենք, և հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ, նորարարություն, ինչպես նաև կյանքի ու աշխատաոճի երիտասարդացում։

 Սիրելի պարոն Թրուշարդ,

 Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսևորվելու հնարավորություն եք ընձեռել: 

 Մենք Ձեզ ընկալում ենք որպես դաշնակից աշխարհն ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի նորարար դարձնելու համամարդկային գործում։ Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մարդը և ինչ իդեալների հետևից պետք է գնա։ Այս մրցանակով մենք ցանկանում ենք նաև գնահատել Ձեր գործը և պարզապես մեծարել Ձեզ։ Եթե նույնիսկ Դուք չունեք դրա կարիքը, դրա կարիքն ունենք մենք։ Մենք հասարակություն ենք, որը գնահատում է մարդու աշխատանքը և ներդրումը, առավել և՜ս գնահատում է մեծ մարդու մեծ ներդրումը։

 

 Պարոն Թրուշարդ,

 Մեզ համար մշտապես պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր երկրում և վայելել Ձեր ներկայությունը։ Կրկին շնորհավորելով այս մրցանակին արժանանալու առիթով՝ մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ։ Գիտեմ, որ սա Ձեր առաջին այցելությունը չէ Հայաստան, և թույլ տվեք հույս հայտնել, որ նաև վերջինը չէ։

 Շնորհակալություն»։

 «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը:  Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և կարևորել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը: Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ և համոզմունք հայտնել, որ դրանց թիվը գնալով կավելանա` հաշվի առնելով կառավարության` ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը: Իր խոսքում նա անդրադարձել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում կրթության դերակատարությանը` ընդգծելով դրա կարևորությունը և մասնավորապես, ինժեներական բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP