Քաղհալածյալ ներկայանալն ինքնահաստատվելու բավական մաշված մեթոդ է. ԲՀԿ պատասխանն Էդմոն Մարուքյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Քաղհալածյալ ներկայանալն ինքնահաստատվելու բավական մաշված մեթոդ է. ԲՀԿ պատասխանն Էդմոն Մարուքյանին

15:30 17.12.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի որոշ հայտարարությունների: «Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների» վերտառությամբ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«1. Պնդում առաջին.

Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։

-Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն Մարուքյանի և իր թիմի, հստակ և սպառիչ էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը թե՛ «Շանգրիլայի» և թե՛ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման մասով։ Որպես իրավաբան, Մարուքյանը, կարծում ենք, տեղյակ պիտի լինի Հայաստանի Սահմանադրությանը, որտեղ որևէ արգելանք չկա սեփականություն ունեցող մարդկանց համար՝ զբաղվելու քաղաքականությամբ և օրենսդիր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է «Շանգրիլային», ապա Մարուքյանը, որպես օրինակելի օրենսդիր, հրաշալի տեղյակ է խորհրդարանում ընդունված օրենքին, ըստ որի, 100 միլիոն դոլար ներդրման դեպքում տրվում է նշյալ արտոնությունը և այսօր էլ ցանկացած ոք, ով պատրաստ է նման ներդրում անել, ինչպես «Շանգրիլայի» ներդրողները, կարող է ունենալ նույնպիսի պայմաններ։

Ի դեպ, ևս մեկ պարզաբանում հատուկ Մարուքյանի համար։ Էդուարդո Էռնեկյանը, առանց նշյալ 100 միլիոն դոլարի ներդրումն ապահովելու, արդեն ունի լիցենզիա` օդանավակայանի տարածքում կազինո հիմնելու, սակայն չի օգտվում այդ հնարավորությունից այն պարզ պատճառով, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում նշյալ բիզնեսը շահութաբեր լինել չի կարող։ Ուստի հորդորում ենք Մարուքյանին ցույց տալ, թե որտե՞ղ է տվյալ դեպքում ոլորտի մենաշնորհը։ Այն, պարոն Մարուքյան, պարզապես չկա։

2. Պնդում երկրորդ՝ Մարտի 1-ի մասով:

«Բարգավաճ Հայաստանը» և Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել են, որ կողմ են Մարտի 1-ի օր առաջ բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այս պահին ընթանում է բավականին ակտիվ քննություն Մարտի 1-ի գործով, այսօր արդեն նոր Հայաստանում որևէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա, և գոնե մենք վստահ ենք, որ Մարտի մեկի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետևում չէ։ Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումից հետո բոլոր չարախոսները, այդ թվում՝ Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն։

3. Պնդում երրորդ․ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, որն ազդեցություն ունի քաղաքական համակարգի վրա:

Ստիպված ենք Էդմոն Մարուքյանի համար, որպես կլասիկ քաղաքական գործչի, ևս մեկ անգամ պարզաբանել օլիգարխ բառի ստուգաբանությունը։
Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնը օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ պետական որևէ պաշտոն չի զբաղեցրել և դուք չեք կարող բերել որևէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կապիտալը ծառայեցվել է որևէ բիզնես նպատակի։ Չի եղել և չի կարող լինել նման փաստ։

4.Պնդում չորրորդ․ Ծառուկյանի հարստության մեջ բազմաթիվ ճեղքեր կան:

Որևէ ճեղք չկա, պարո՛ն Մարուքյան։ Գագիկ Ծառուկյանի կապիտալը՝ առաջին լումայից մինչև վերջինը, պարզ ու թափանցիկ է եղել, և տարբեր իշխանությունների կողից հարկային պերմանենտ ստուգումները որևէ չարաշահում եթե հայտնաբերած լինեին, ապա մեկ րոպե անգամ չկասկածե՛ք, որ այդ մասին վաղուց ազդարարած կլինեին։ Հիշե՛ք Սերժ Սարգսյանի հրահանգը հարկային մարմիներին` սկսել լայնամասշտաբ ստուգումներ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ձեռնարկություներում։ Վստահեցնում ենք Ձեզ, նման համակարգված և հետևողական ստուգումներ հայաստանյան որևէ տնտեսվարողի մոտ չի եղել։ Ու եթե որևէ չարաշահում լիներ, վստահ ենք, չեք կասկածում, որ մեծ սկանդալը իրեն սպասեցնել չէր տա։

5.Պնդում հինգերորդ․ Քոչարյանը՝ ԲՀԿ հիմնադիրն է։

Հարգելի՛ պարոն Մարուքյան, ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն ու մեր թիմակիցներն են՝ ժողովրդի հետ միասին։ Եվ եթե Քոչարյանը որևէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին, ինչպես նրան սատարող որոշ քաղաքական ուժեր։

6.Պնդում վեցերորդ․ Մարուքյանը պնդում է, որ Ծառուկյանն իրեն սպառնում է։

Պարո՛ն Մարուքյան, Դուք չափից ավելի մեծամիտ, ինքնավստահ և չհիմնավորված բարձր ինքնագնահատական ունեք։ Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը Ձեզ ընդհանրապես նկատի։ Գուցե դա Ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան և Դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։ Ձեր հույսերը զուր են։ Քաղհալածյալ ներկայանալը, պարո՛ն Մարուքյան, քաղաքական դաշտում ինքնահաստատվելու բավականին մաշված մեթոդ է, ուստի փորձեք ինքնահաստատվելու շատ ավելի ազնիվ տարբերակներ գտնել։

7. Պնդում յոթերորդ․ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո արաբական ներդրումների մասին։

Պարո՛ն Մարուքյան, եթե չենք սխալվում, Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, լավ տիրապետում եք հայաստանյան օրենսդրությանն ու պետք է, որ գոնե նվազագույն գիտելիքներ ունենայիք՝ հասկանալու համար, որ ցանկացած ներդրող պահանջում է հստակ երաշխիքներ և որևէ ներդրողի ո՛չ Ծառուկյանը և ո՛չ էլ որևէ մեկը չեն կարող ստիպել ներդրումներ անել քաղաքական այն միջավայրում, որը տվյալ ներդրողի համար խնդրահարույց է։ Այո՛, նշյալ ներդրողները պատրաստ էին ներդրում անել և իրենց ներդրումների երաշխիքը կարող էր լինել միայն ԲՀԿ-ն, եթե ստանար առավելագույն քվե։

8.Պնդում ութերորդ․ Ծառուկյանը հրահանգել է «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամների՝ քվեարկելու հօգուտ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Պարո՛ն Մարուքյան, «Ծառուկյան» խմբակցությունում որոշումները կայացվում են բաց քննարկումների արդյունքում, և նշյալ հարցի վերաբերյալ որոշվել է յուրաքանչյուր պատգամավորի քվեարկությունը թողնել ազատ։ Իսկ եթե անդրադառնանք քվեարկություններին, ապա ևս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ Դուք, Էդմո՛ն Մարուքյան, քանիցս կողմ եք քվեարկել և պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերը։ Հիմա ո՞վ է նախկին իշխանությունների հետ համագործակցողը։ Կարծում ենք, այս հարցի պատասխանը շատ հստակ է։ Եվ Դուք ԲՀԿ թիմում, այդ թվում նաև մեր նախկին պատգամավորների մեջ չեք գտնի որևէ մեկին, ով կասի, որ Ծառուկյանն իրեն հրահանգել է կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին։ Եթե Ծառուկյանը նման հրահանգ տված լիներ, ապա մեր րոպե անգամ չկասկածեք, որ ամբողջ թիմը մեկ մարդու պես կկատարեր քաղաքական այդ որոշումը։ Չի եղել նման բան և դուք, որպես կլասիկ քաղաքական գործիչ, պետք է որ հրաշալի հասկանաք քաղաքական որոշման և ազատ քվեարկության տարբերությունը։
Ի դեպ, բացակայությունների մասին։ Հիշեցնենք, որ ըստ «Պառլամենտմոնիթորինգի», դուք Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկն եք, բայց ի տարբերություն ձեզ, մենք չենք պնդում, որ ձեր բացակայությունները եղել են անհարգելի։

9.Պնդում իններորդ․  2015 թվականին Ծառուկյանը մենակ թողեց ժողովրդին, պատճառաբանելով, թե արյուն կթափվի։

Հարգարժան պարոն Մարուքյան, մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ գործիչներ, որոնք իրենց քաղաքական նպատակները իրագործելու և իշխանության գալու համար ոչնչի առաջ կանգ չեն առնի, անգամ՝ զոհերի։ Դուք, իհարկե, դա չեք հասկանա, սակայն ժողովուրդը հասկացավ և գնահատեց, որ Գագիկ Ծառուկյանի համար իր յուրաքանչյուր հայրենակցի անվտանգությունը շատ ավելի բարձր արժեք է, քան ցանկացած իշխանություն։

10.Պնդում տասներորդ․ Դուք Ծառուկյանի մոտ չեք գնացել և դա եղել է ձեր որոշումը։

Դիտեք այսօր ձեզ քաջ հայտնի Գևորգ Շահինյանի հարցազրույցը և ձեր այդ մի պնդման պատասխանն էլ այնտեղ կստանաք։ Ընտրովի քաղաքական ամնեզիան այս դեպքում Ձեզ չի փրկի:

11.Պնդում տասնմեկերորդ․ եթե չլիներ Էդուարդ Բաբայանը, ապա «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում կլիներ երկրորդ քաղաքական ուժը։»

Փաստորեն, պարոն Մարուքյան, դուք ինքներդ եք ընդունում, որ Էդուարդ Բաբայանը շատ ավելի մեծ հեղինակություն և քաղաքական կշիռ ունի, քան ամբողջ «Լուսավոր Հայաստանն» իր քաղաքական թիմով և հովանավորով միասին վերցրած։ Սա այն դեպքն է, երբ մենք միանգամայն համաձայն ենք ձեզ հետ։

Եվ վերջում․

Այդուհանդերձ, մի ճիշտ խոսք դուք ձեր 40 րոպեանոց ելույթի վերջում ասացիք, որ մեր երկրի առաջ բազում խնդիրներ կան և պետք է զբաղվել բացառապես այդ խնդիրների լուծմամբ։ Հարգելի պարոն Մարուքյան, ահա արդեն քանի օր է ձեզ փորձ է արվում բացատրել, որ պետք չէ երկրի առջև ծառացած խնդիրները թողած՝ ամեն օր ամբողջ թիմով թիրախ դարձնել Գագիկ Ծառուկյանին։ Ի վերջո, Ծառուկյանը, որպես, այո՛, հզոր մարդ, դեբատների ավարտին սեղմեց ձեր ձեռքը և նաև «Լուսավոր Հայաստանին» շնորհավորեց խորհրդարան անցնելու կապակցությամբ։ Նախահարձակ եղել եք դո՛ւք, դեբատը չեք մարսել դո՛ւք, պարոն Մարուքյան, և ձե՛ր թիմը, ովքեր օրեր շարունակ, տարբեր եթերներից և մամուլի տարբեր հարթակներից խոսում էին միմիայն ու բացառապես Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստանի» մասին։ Իսկ երբ մեզ անհիմն մեղադրում են, մենք պատասխանում ենք։ Այդպես եղել է միշտ, և այդպես է լինելու նաև այսուհետ։

Կարծում ենք, երեկ ուղիղ եթերում ձեր շարադրած որևէ պնդում անպատասխան չմնաց։ Եթե բաց հարց ձեզ համար դեռ մնացել է, հիշեցրեք` դա էլ կպարզաբանենք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

BACK_TO_TOP