Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում. Ջեյմս Ուորլիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում. Ջեյմս Ուորլիք

14:08 05.03.2019

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը հարցազրույց է հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«- Այսօր ձեր կարծիքով որո՞նք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները:

– Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրուցելը միշտ հաճելի է: Ասեմ, որ թեև այլևս ԱՄՆ-ի կառավարությունում, պետքարտուղարությունում չեմ աշխատում, սակայն հետևում եմ Ղարաբաղյան հակամարտությանը և հույս ունեմ մնալ խնդրի կարգավորման մասնակից: Հույսս, բոլորի հույսն այն է, որ կգտնվի տևական կարգավորում, որը տարածաշրջանին խաղաղություն կբերի: Սակայն, տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տևական խաղաղությունը և դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից: Այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին: Անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տևական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ:

– Հայաստանը նոր կառավարություն ունի: Բացարձակապես նոր, որն իշխանության է եկել հեղափոխությունից հետո: Նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միևնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը:

– Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ (Սերժ – ԱՁ) Սարգսյանի հետ և ունեմ նրա և նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու և տևական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ և անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:

– Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բաց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ:

– Ամեն ինչ սև և սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիևի հետ և դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու և միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եվ իմ տպավորություններով նախագահ Ալիևը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, և հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: Եվ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու ևս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, և ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ: Հավատացած եմ, կա ավելի կարևոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն և որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետև այդ խաղաղությունը, թեև դժվար հասանելի, անչափ կարևոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար:

– Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն: Արդյո՞ք խոսքը դրա մասին է:

– Անշուշտ ոչ: Կան բազմաթիվ գործոններ և յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի և ընդհանրապես ինքնավարության և տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման և մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եվ  ոչ միայն. անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր և ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձևը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, և եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները և համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը:

– Խոսենք «Լավրովի ծրագրի» մասին, որը, համաձայն որոշ փորձագետների, այժմ սեղանի վրա է: Որո՞նք են այդ ծրագրի էլեմենտները և ընդհանրապես այն ինչպե՞ս հայտնվեց:

– Ես կնախընտրեի չօգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ համանախագահը ես էի, մենք աշխատում էինք արտգործնախարար Լավրովի հետ և քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը: Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջև: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու և մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսեր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն և արդյունավետ: Ու թեև ես այլևս համանախագահության գործընթացի մասնակից չեմ, նույնիսկ որպես կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, հույս ունեմ, որ արտգործնախարար Լավրովը կշարունակի ակտիվ դեր խաղալ, ինչպես նաև ամերիկյան և ֆրանսիական կողմերը: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք ջանքերը և բեկում կարձանագրենք: Տեսեք, այս հակամարտությունը չափից ավելի երկար է շարունակվում: Այն չի դառնալու ավելի թեթև և խաղաղության համար այսօրվանից ավելի լավ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժվել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն ավելի է բարդանալու և բախման ռիսկը ավելանալու է: Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թե պատրաստ են առաջ շարժվել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու ավելի լավ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հենց Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգավորել: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ հայերի ևս մեկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնն էլ Ադրբեջանում. արդյո՞ք դուք կարծում եք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել ևս մեկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակվող մահվան դեպքերը շփման գծում, շարունակվող հակամարտության տնտեսական հետևանքները: Իմ կոչը կլինի ոչ թե պարզապես առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. Այժմ ժամանակն է կարգավորելու այս հարցը և կարգավորման ուրվագծերը հայտնի են և սեղանի վրա են: Դրանք կարող են քննարկվել և առաջ քաշվել:

– Դուք այժմ ռուսաստանյան ընկերությունում եք աշխատում: Արդյո՞ք դա չի խոչընդոտում ձեր փորձագիտական ազատությունն ու անաչառությունը: Ես այդ նշեցի հետևյալ պատճառով նաև. վերլուծաբանների շրջանում կա այսպիսի մի կարծիք, որ Ռուսաստանն իրականում հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ, որովհետև չկարգավորված հակամարտությունը թույլ է տալիս Մոսկվային ազդեցություն գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա: Դուք, ընդհակառակը, ասում եք, որ Ռուսաստանը հետաքրքրված է վերջնականապես կարգավորելու խնդիրը: Որո՞նք են ձեր դիրքորոշման փաստարկները:

– Առաջին հերթին ասեմ, որ ես չունեմ շահերի բախում. Ես կառավարության մաս չեմ այլևս և իմ ներկա աշխատանքի ընթացքում ես չեմ ներկայացնում Հայաստանի կառավարությունը կամ Ադրբեջանի կառավարությունը: Ես ինքս իմ մասին դատում եմ որպես լիովին անկախ և միևնույն ժամանակ անկեղծ դիտորդ, որը կցանկանար առաջընթաց տեսնել: Այն պահից, երբ ես ստանձնել էի համանախագահի պաշտոնը, ես անընդհատ լսել եմ, որ ռուսներն այլ օրակարգ ունեն, որ իրականում խաղաղ կարգավորման չեն ցանկանում հասնել, և ես լսել եմ դրա հետ կապված բոլոր պատճառները: Սակայն, որպես համանախագահ աշխատելու ավելի քան երեք տարիների ընթացքում ես դրա համար որևէ հիմք չեմ նկատել: Մենք խոսեցինք արտգործնախարար Լավրովի մասին. Ռուսաստանի կառավարության հետ աշխատելիս, ես տեսել եմ կարգավորմանը հասնելու հետաքրքրություն: Եվ այստեղ կա տրամաբանություն. ռուսներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում և իրենց տարածաշրջանում և ամենավերջին բանը, որը նրանք կցանկանային, կլիներ անկայունությունն իրենց հարավային սահմանի մոտ, հատկապես՝ իրենց ավանդական բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մոսկվան հետաքրքրված չէ լայն հակամարտությամբ, որը կարող է ազդել իր հարավային սահմանի վրա: Տևական խաղաղությունը հենց Կրեմլի շահերից է բխում: Անշուշտ համանախագահների միջև տարբեր հարցեր են քննարկվում, սակայն, ընդհանուր առմամբ ես հավատում եմ, որ ռուսները նվիրված են տևական կարգավորմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

11:48 10.07.2025

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

BACK_TO_TOP