19:30 12.06.2019
Մեր ժամանակի հերոսը
Լեգենդար հերոս դեռևս կենդանության օրոք, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի հնագիտության և ասիական պատմության մագիստրոս, 8 լեզուների իմացությամբ, Ամերիկայում ծնված անգլիախոս մեծ հայ, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո խորհրդանիշ: Եվ խորհրդանիշ հայրենասիրության:
Մոնթե Մելքոնյան
Անունը
Մոնթեի անունը անգլիական ծագում ունի, «Mountain» բառից: Թարգմանաբար նշանակում է «սար», «լեռ»:
Մեծ ծնունդը
1957թ., նոյեմբերի 25, ԱՄՆ:
Մեծ եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայերի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը:
Ընտանիքում չորս երեխա էին` երկու քույր, երկու եղբայր: Մայրը` Զաբել Մելքոնյանը տարրական դպրոցի ուսուցչուհի էր, հայրը` Չառլի Մելքոնյանը, կահույքագործ: Ծնողները ծնվել էին Ամերիկայում, իսկ պապերը Օսմանյան կայսրությունից ԱՄՆ էին եկել 1883թ.: Նրանք առաջին ներգաղթյալներից էին, որ հաստատվել էին Ֆրեզնոյի շրջանում:
Դեռ մանկուց Մոնթեն արտասովոր ընդունակություններ ուներ: Տասներորդ դասարանում նա արդեն մաթեմատիկայի մասնավոր դասեր էր տալիս՝ տասներկու դոլար ժամավճարով: Նա նաև նվագում էր կլառնետ ու հրաշալի բեյսբոլ խաղում: Հայի ընտանիքում ծնված տղան, սակայն, ստացավ ոչ հայեցի կրթություն, չէր խոսում հայերեն, չգիտեր հայերի մասին մինչև 12 տարեկանը:
Հայկականի ծնունդը
15 տարեկանում ծնողների հետ Մոնթեն մեկնեց ճանապարհորդության, որը հիմնովին պիտի փոխեր իր կյանքը: Ճանապարհորդությունը երկար էր. Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքներ։ Նաև Արևմտյան Հայաստան՝ իր պապերի երկիր …
Այդ շրջագայությունը շրջադարձային եղավ. անգլիախոս տղան զգաց՝ ինչ ասել է հայ և որոշեց` իր հայրենիքի զինվորն է դառնալու: Բայց մինչ հայրենիք հասնելը դեռ ճանապարհ ուներ անցնելու:
Անցնելիք ճանապարհը
1972թ. ամռանը տասնհինգամյա Մոնթեն ավարտեց միջնակարգ դպրոցը։ Եվ քանի որ աչքի էր ընկնում արտասովոր ընդունակություններով, դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնեց Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր Tokyo Kamata բարձրագույն դպրոցում ուսումը շարունակելու։ Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա՝ աշակերտելու բուդդայական վանականներին, ապա` Վիետնամ, որտեղ պատերազմ էր: Այստեղ նա աշխատում էր որպես լուսանկարիչ, միաժամանակ ծանոթանում ռազմավարական գաղտնիքների: 1,5 տարի հետո, երբ վերադառնում է Ամերիկա, արդեն լիովին տիրապետում էր ճապոներենին ու մարտարվեստների։
Դեպի հայկականը
20 տարեկան էր արդեն, երբ որոշեց շարունակել ուսումը և ընդունվեց Կալիֆոռնիայի Բրքլիի համալսարանի՝ Հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժին: Սա առաջին քայլն էր իր ժողովրդի պատմությունը բացահայտելու և իր արմատները ճանաչելու ճանապարհին:
Նրան հատկապես հետաքրքրում էին հայոց պատմության հնագույն շրջանը և, իհարկե, 1915-ի արյունոտ էջերը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ նա 4-ամյա դասընթացն ավարտեց 2,5 տարում` միաժամանակ ստանալով 2 վկայական «Հնագիտության» և «Ասիական ժողովուրդների պատմության» մասնագետի:
Ազատագրական պայքար. առաջին փորձ
22 տարեկանում, տիրապետելով 8 լեզվի՝ անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին և քրդերենին, լինելով խոստումնալից գիտնական ու դասախոսական կազմի կողմից գնահատված ուսանող, Մոնթեն, այնուամենայնիվ, թողնում է ուսումը և վերջակետ դնում պատմաբան-հնագետի մասնագիտական կարիերային: Փոխարենը 1978-ի աշնանը մեկնում է Պարսկաստան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Ու հենց այստեղ է, որ Մոնթեի մեջ խոսեց հայկական արյունը: Նա անմիջապես անդամագրվում է Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Դա առաջին քայլն էր դեպի ազատագրական պայքար:
ԱՍԱԼԱ
1980 թվական. Հայկական հարցից ու Հայաստանից արդեն բավական իրազեկ Մոնթեն Սփյուռքում ծանոթանում ու անդամագրվում է «Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակին»՝ ԱՍԱԼԱ-ին։ Դառնում է նախաձեռնողներից ու գաղափարախոսներից մեկը:
Առաջին ձերբակալությունից մինչև արտաքսում
1981 թվական: Նոյեմբերի 11: Փարիզի Օրլի օդանավակայան: Մոնթեի առաջին ձերբակալությունը` Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով: Դա հերքվեց, բայց Մոնթեն չխուսափեց բանտարկությունից: Այս անգամ էլ մեղադրանքը կեղծ անձնագիր ունենալն էր: Ի պատասխան մեղադրանքի` դատարանի դահլիճում Մոնթեն հայտարարեց․
«Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն…» :
Սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, սակայն հետո որոշումը փոխվեց և 1 ամիս բանտախցում անցկացնելուց հետո Մոնթեին վտարեցին Ֆրանսիայից: Ուղղությունը Լիբանանն էր: Այստեղ նա անմիջապես ներգրավվեց տեղի հայության պաշտպանական գործին՝ ընդդեմ իսրայելական բանակի ներխուժման: Այդ ընթացքում նա նաև որոշեց` այլևս չի լինի ԱՍԱԼԱ-ի անդամ` հայկականը պաշտպանել պետք է միասնական ճակատ ստեղծելով: Ու ստեղծեց «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ հեղափոխական շարժում» կազմակերպությունը, որը պիտի տեղափոխեր Հայաստան: Բայց մինչ այդ նրան դեռ սպասում էր երկրորդ ձերբակալությունը` կրկին Ֆրանսիայում, կրկին կեղծ անձնագիր ու նաև զենք ունենալու մեղադրանքով: Սակայն այս անգամ մի ամսով գործը գլուխ չեկավ:
Բանտախուցը
Կյանքի 4 տարին Մոնթեն անցկացրեց ֆրանսիական բանտում` մինչև 1989թ. հունվարի 16-ը։ Ազատատենչ Մոնթեի համար բանտային տարիները շատ ծանր էին, բանտի ղեկավարության կողմից էլ հատուկ վերահսկողություն էր սահմանվել: Նրան արգելված էին մարդկային տարրական պահանջմունքները` գիրք կամ լրագիր կարդալ, իսկ գրելու մասին երազելն անգամ անիմաստ էր: Բայց պարտվում է նա, ով հանձնվում է, իսկ Մոնթեն հանձնվողներից չէր:
Ֆրանսիական բանտում ղեկավարների հետ սեփական իրավունքների պաշտպանության համար տևական բախումներից հետո նա կարողացավ հասնել նրան, որ ստացավ ոչ միայն իր պահանջած գրականությունը, այլև թուղթ ու գրիչ, որ գրեր ու գրածներն էլ ուղարկեր տպագրության: Անազատ, բայց ստեղծագործական կյանք, որոնք ուղղված էին հայ ազատագրական պայքարի ոգու բարձրացմանը: Ի դեպ՝ հոդվածներից մեծ մասի առաջին հարցը մեր սահմանների ճշգրտման հարցն էր:
Սերը
Իր կյանքի միակ սիրուն նա հանդիպեց, երբ 21 տարեկան էր և մասնակցում էր բեյրութահայերի ինքնապաշտպանությանը: Այդ ժամանակ նա հաճախ էր հյուրընկալվում բեյրութահայ մի ընտանիքի: Եվ հենց այստեղ էլ ծանոթանում է ընտանիքի կրտսեր աղջկա` 15-ամյա Սեդայի հետ: Սեդայի քույրերն առաջինն են նկատում, որ հյուրը հետաքրքրված է իրենց փոքր քրոջով…
Սակայն Սեդան մեկնում է Հայաստան՝ համալսարանական կրթություն ստանալու: Մոնթե Մելքոնյանը, երկրից երկիր անցնելով, շարունակում էր իր քաղաքական ու հասարակական գործունեությունը: Եվ անգամ Փարիզում ձերբակալության տարիներին էլ շարունակում էր նամակագրությունը Սեդայի հետ:
Երևանի պետական համալսարանի լիբանանահայ ուսանողուհին առաջիններից էր, որը Փարիզյան բանտում այցելեց ապագա անկախ Հայաստանի Ազգային հերոսին:
Եվ այդ տարիներին ու այդպիսի պայմաններում նրանք որոշեցին ամուսնանալ: Եվ, չնայած Մոնթե Մելքոնյանն այսօր չկա, Սեդան էլ արդեն ամուսնացել է, բայց նրա կյանքը շարունակում է կապված մնալ արտասովոր ճակատագրի տեր մի մարդու, որը մահվանից հետո էլ դեռ ապրում է:
Դեպի հայրենիք
Հարուստ փորձ ու փորձառություն, հստակ նպատակադրում ու հաղթանակի հստակ որոշում: Ահա այսպես, 1991-ին, կեղծ անձնագրով` որպես իռլանդացի, Թիմոթի Մք’քորմիք անուն-ազգանունով, առաջին անգամ Մոնթեն եկավ հայրենիք: Առաջին կանգառը Երևանն էր, այստեղ յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու համար։ Սակայն Հայաստանում արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Եվ Մոնթեն, կիսատ թողնելով իր գիրքը, հիմնեց «Հայրենասերների» ջոկատը ու մեկնեց ճակատ:
Դեպի պատերազմ
1991-ի սեպտեմբերին նա Արցախում էր: Սփյուռքահայի համար երկար ժամանակ չպահանջվեց տեղանքին ծանոթանալու, հայկականը զգալու և շրջապատի սիրելին դառնալու համար. հետո ինչ, որ սկզբում նրան թերահավատորեն էին վերաբերվում:
Նա գիտեր բոլոր զինատեսակները, բոլոր հնարավոր ելքերն ու ուղղությունները, պատերազմական հաշվարկներում անգերազանցելի էր, անգերազանցելի ոգևորող ու ոգևորվող էր: Շահումյանի պաշտպանությունից հետո զինակից ընկերների կողմից նա ընկալվում էր որպես առաջնորդ ու հետո, ինքն էլ չիմացավ՝ ինչպես ու ինչու, ստացավ Ավո անունը, դարձավ հրամանատար ու իրեն վստահվեց Մարտունու պաշտպանական շրջանը։
Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, որտեղ մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի զորավարական տաղանդը։
1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
Մոնթեի հաղթանակը
Մոնթեի համար կարևորը ոչ թե այդ պահի հաղթանակն էր, այլ հաղթանակն առհասարակ: Իսկ դրա համար պետք էր կանոնավոր բանակ:
Այդ հարցում նրա ներդրումը մեծ էր, նրան հավատում էին, նրան հետևում էին, նրանից օրինակ էին վերցնում: Սակայն իր ամենամեծ հաղթանակը Մոնթեն համարում էր Մարտունիում դպրոցների վերաբացումը, այնտեղ առօրյա կյանքի բնականոն ընթացքն ու առանց կրակոցների լուսացնելը:
Իսկ Քարվաճառի գործողություններից հետո, Մոնթեն տեղի ադրբեջանցի խաղաղ բնակչությանը հնարավորություն է տալիս լքել տարածքը` առանց վնասելու նրանց գույքը, առավել ևս՝ կյանքը:
Մահացու գնդակը
1993թ. հունիսի 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը 4 հոգով և 1 մեքենայով բարձունքից իջնում են՝ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին, սակայն, անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Սկսվում է հրաձգություն և անհավասար պայքար: Այդ պայքարում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։
Մոնթե մարդը
Անհանդուրժող, երբ ձախողվում էր ծրագիրը, խիստ, կարգապահ ու միշտ զգոն: Այսպիսին են հիշում Մոնթեին:
Միևնույն ժամանակ խիստ հոգատար ու մտահոգ յուրաքանչյուր զինվորի համար: Երբ ընկերները, հարազատները հագուստ և անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Փոխարենը բավարարվում էր լվացված ու կարկատված իր հագուստներով:
Ընկերները հիշում են, երբ մի անգամ կշտամբել են, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես, պատասխանել է. «Այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ»:
Իսկ երբ իր մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էր բերել, որ Մոնթեն հագներ իր մաշվածի փոխարեն, Մոնթեն ոչ միայն մերժել է, այլև բարկացել.
«Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»:
Սակավապետ, ամենաքչով և անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում ու պահանջում էր մյուսներից։
Մոնթեից հետո
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոս՝ հետմահու: Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։ Նրա անունով են կոչել Մարտունու շրջկենտրոնը` վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան-կիսանդրին։ Նրա անունն է կրում նաև Սեդայի որդին:
Հ.Գ.
«… Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Մոնթե Մելքոնյան
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...