Ռուսաստանի հարցերով ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան, քաղաքագետ Ջորջ Բիբին իր գրքում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին զգուշացրել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի հնարավոր հարձակումների մասին։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։

Բիբին գրել է, որ ահաբեկչություններից 2 օր առաջ Պուտինը զանգահարել է Բուշին՝ նախազգուշացնելու, որ ՌԴ-ի հետախուզությունը պատրաստվող ահաբեկչական հարձակումների վերաբերյալ տեղեկություններ ունի։ Պուտինը հայտնել էր, որ ահաբեկչությունները նախապատրաստվում են վաղուց և Աֆղանստանում։

Գրքում նշվում է նաև, որ Պուտինը սեպտեմբերի 11-ին արտասահմանյան առաջնորդներից առաջինն էր, որ զանգահարել է Սպիտակ տուն՝ ցավակցելու և աջակցություն հայտնելու։

Բիբիի գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ին։ Գրքի անունն է՝ «Ռուսական ծուղակ․ ինչպես Ռուսաստանի հետ մեր ստվերային պատերազմը կարող է հասցնել միջուկային աղետի»։