12:40 06.10.2019
Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձինք «Հայելի» մամուլի ակումբի մոտ ակցիա են իրականացրել։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Ներկայացնում ենք հասարակական և քաղաքական գործիչների արձագանքները միջադեպի հետ կապված:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
«Քիչ առաջ վերադարձա Ստրասբուրգից և ֆեյսբուքից տեղեկացա «Հայելի» ակումբի միջադեպի մասին: Միանշանակ դատապարտում եմ այս դեպքը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ կիրականացնեն: Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից: Ինչպես Թոմաս Ջեֆֆերսոնն էր ասել. «Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից, և վերջինս չի կարելի սահմանափակել առանց այն կորցնելու»»:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
«Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես Հայելի ակումբի, դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, Հայկական Ժամանակը: Սրա՞ համար»:
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան
«Զորակցությունս եմ հայտնում Անժելա Թովմասյանին՝ «Հայելի ակումբ»-ի վրա այսօրվա հարձակման կապակցությամբ։
Վերջին մեկուկես տարում անընդհատ բարձրաձայնել եմ, որ, եթե միջոցներ չձեռնարկվեն ատելության խոսքի տարածումը, այլակարծության նկատմամբ անհադուրժողականությունը կանխելու համար, շատ մեծ է հավանականությունը, որ դրանք առցանց տիրույթից ներթափանցելու են իրական կյանք։Այսօրվա հարձակումը ասածիս վկայությունն է։ Այս հարձակումը փորձաքար է իշխանությունների համար՝ մասնավորապես, թե ինչպես է պետությունը արձագանքում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությանը՝ անկախ տվյալ զանգվածային լրատվության միջոցի եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ իշխող ուժի ունեցած վերաբերմունքից։ Այս հարցում իշխանության ցանկացած տապալում տապալում է խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների, արդյունքում՝ իրավական պետության համար»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
«Րոպեներ առաջ վերադարձա Ստրասբուրգից և հենց օդանավակայանում տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել լրատվամիջոցի վրա: Որպես քաղաքացի, որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ ցանկանած ոտնձգություն: Ազատ խոսքը մեր երկրում այլընտրանք չունի, սա պիտի հասկանան բոլորը, և ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան
«Բացարձակ մերժելի բան է լրատվամիջոցի վրա հարձակումը, որքան էլ այդ լրատվամիջոցի լրատվությունը կամ հաղորդածը, կամ խմբագրի կամ հիմնադրի մտքերը անընդունելի, կամ տհաճ լինեն այս կամ այն խմբի, մեծամասնության կամ փոքրամասնության համար:
«Հայելի» խմբագրության դեմ հարձակումը պիտի վերջինը լինի, իսկ հարձակվողները պետք է պատշաճ պատասխանատվության ենթարկվեն արածների համար, խուլիգանության հոդվածով»:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյան
«Հենց նոր հեռախոսակապ հաստատեցի Անժելա Թովմասյանի հետ։ ՀՀ-ից բացակայում է մինչև երկուշաբթի։
Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ։
Ամենևին վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը»։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան
«ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, ՄԻՊ-ին, “հարձակում”, “ոտնձգություն” ու նմանատիպ բառեր օգտագործողների համար թեթև լիկբեզ անեմ.
Հարձակումն այն է, երբ Երևանի կենտրոնի փողոցներից մեկի վրա՝ ՀԿ գրասենյակի դիմաց “կայանած” սպիտակ ավտոմեքենայում մի անբարոյական կին, մեկ գյադա, որը գիշերվա 22:30-ին մուգ արևային ակնոցներ է կրում որ չճանաչվի, կապ են տալիս մասիվ՝ շենքերից մեկի կողքը կայանած մեկ այլ սպիտակ ավտոմեքենայի՝ կրկին մեկ անառակ-մեկ գյադա զույգով, որ թիրախը Կենտրոնից բարձրանում է Մասիվ, իսկ երկու նարկոշ մոլախոտ էլ 20-30 րոպե դարանակալում են շենքի մուտքի մոտ, ու թիրախի տեղ հասնելուն պես հարձակվում նրա վրա, հափշտակում հեռախոսն ու թաքնվում, քանի որ թիրախը նրանց այլ ընտրություն չի թողնում, նրանք չեն էլ կարողանում կայանած ավտոմեքենայով փախչել, ընկնում են տեսախցիկների տակ, քանի որ թիրախը նրանց հետապնդել էր 500 մետր:
Կամ հարձակումը այն է, երբ երկու նարկոշ ողջ օրը հետևում են դատավորին, սիլիկոնե տասնապետուհու օնլայն հրահանգներով երեկոյան բռնացնում տուն գնացող դատավորին, ամբողջ մոլախոտ բոյով փորձում մտնել նրա բերանը, ահաբեկել, հոգեբանական բռնության այլ ձևեր են գործադրում նրա նկատմամբ:
Իսկ ակումբի դեմը տեսախցիկի առջև պատի ու փակ դռան վրա ձվեր նետելն ու դժգոհություն հայտնելը, երբ կատարողները չեն թաքցնում իրենց ինքնությունը, չեն փախչում դեպքի վայրից, հաստատ հարձակում չէ, այլ լավագույն դեպքում՝ չհամակրելի կամ չաջակցելի ակցիա:
Դատապարտեմ ձեր դատապարտված ու մերժված դատապարտումը: Ձեր ընտրությունն է այդքան ընկնելը: Իսկ եթե ձեր համար ակցիան ուղղված է եղել ԶԼՄ-ի դեմ ու դուք այն ԶԼՄ եք համարում, ապա կրկին ընտրությունը ձերն է: Եթե նա ԶԼՄ է, ես էլ ուրեմն տիեզերագնաց եմ»:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյան
«Այս անգամ էլ պետք է ասեմ` Անժելա ջան և «Հայելի» ակումբի ողջ աշխատակազմ ջան, ներողություն։
Ասեմ նաև, որ մի հետաքրքիր բան եմ նկատել։ Այսօր քաղաքական գործիչներից որևէ մեկը երբ դատապարտում է, անպայաման ենթարկվում է ֆայքերի կամ ոչ այդքան ֆեյքերի հարձակումների։ Իմ համար ցավալի մշակույթ է սա: Բայց զարմանալի է նաև, որ սա իմանալով` մեր քաղաքակական կուսակցությունները դատապարտումներն իրենց անունով չեն անում։ Մենք պառլամենտական կառավարման մոդելի երկիր ենք, ու կուսակցությունների դերը ոչ միայն տեսլականներից խոսելն է, իշխող, ընդիմադիր կամ արտախորհրդարանական լինելն է, այլ նաև իր անդամների համար արժեքային դաշտ ձևավորելն է, որը նաև ուժի ու կայացվածության դրսևորում է։ Պաշտպանեք ձեր իսկ կուսակիցներին, անկախ նրանից իշխող եք թե ընդիմադիր։ Ակնկալում եմ, որ շուտով նաև քաղաքակական միավորումները կասեն իրենց խոսքը։ Պետական ինստիտուտների մի մասինը տեսել եմ, բայց հիմա կարևոր է, որ օրենքների պաշտպանները կազմակերպեն գործողություն, ու բոլոր մեղավորները խստագույնս կրեն իրենց պատիժը»։
Փաստաբան Նորայր Նորիկյան
«Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել:
Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն:
Սա ամոթ ու խայտառակություն է:
Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել:
Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ:
Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը…»։
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...
21:53 08.07.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:44 08.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...