ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է հակածխախոտային օրենքի դրույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+26.09 oC

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է հակածխախոտային օրենքի դրույթները

21:51 06.03.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը:

Օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների (նարգիլեի, տաքացվող ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների և ցանկացած այլ նոր և նորարական ծխախոտային արտադրատեսակների), դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում նաև նմանակների վրա:

Պահպանվել են նախկինում գործող օրենքով նախատեսված հիմնական սահմանափակող դրույթները` տարածելով դրանք բոլոր ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:

Հիմնական սահմանափակող դրույթներն են.

Պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից արգելվում է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը.

  • 18 տարին չլրացած անձանց,
  • ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելուև մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,
  • մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը,
  • առանց օրենքով նախատեսված թույլտվության,
  • բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմիցհավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ ծխախոտի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ,
  • առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային որոշ կազմակերպություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում և օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների):

Նաև արգելվում է ծամախոտի (այդ թվում սնուս տեսակի) մեծածախ և մանրածախ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում:

Վաճառքի կանոնների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Արգելվում է նաև 18 տարին չլրացած անձանց կողմից վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը: Դրույթի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Արգելվում է օգտագործումը հետևյալ տարածքներում`

  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
  • նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
  • մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
  • համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,
  • պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
  • այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,
  • վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,
  • հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ:

Օգտագործումն արգելող կանոնների խախտման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:

Արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

Գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների իրականցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Օգտագործումն արգելող վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում պետք է տեղադրվեն օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որի վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Նախատեսված որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները տարբեր են:

Օրենքն ուժի մեջ մտնելու պահից երեքամսյա ժամկետում արգելվելու է վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հառավորության վրա:

Ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում արգելվելու է օգտագործումը հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում:

2021 թվականի հունվարի 1-ից արգելվելու է հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների:

Նաև արգելվելու է օգտագործումը`

  • hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ),
  • աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,
  • առևտրի կենտրոններում,
  • ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:

2022 թվականի մարտի 15-ից արգելվելու է օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):

2024 թվականի հունվարի 1-ից արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ):

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և նմանակների շրջանառությանը վերաբերող այլ տեխնիկական կանոնակարգումներ, որոնք ուժի մեջ են մտնում տարբեր ժամանակահատվածներում:

  Սույն օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP