Նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը

18:20 29.05.2020

««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին

Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին:

Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է զոհերի պաշտպանության համար:

Հայաստանն ավելի քան 20 տարի անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ այդ ընթացքում նաև բազմաթիվ կոնվենցիաների միջոցով ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այս կարևորագույն կազմակերպության և դրա 47 անդամ պետությունների համար ընդհանուր արժեքները՝ միաժամանակ, ներդաշնակորեն հավատարիմ մնալով իր ազգային արժեհամակարգին և պահպանելով այն:

Այդ արժեհամակարգում ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, և դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:

Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաև Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:

Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին: Առավել շահեկան կլիներ, իհարկե, եթե Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվեր հենց այդ խոստումներին համահունչ, նախապես մշակված հստակ, որոշակի և կանխատեսելի հայեցակարգ ներկայացնելով:

Հասարակության մտահոգությունները փարատելու և հենց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները լավագույնս կատարելու նպատակով է, որ իրավասու մարմինները պետք է մանրամասն և մասնագիտորեն ուսումնասիրեն ու վերլուծեն Կոնվենցիայի կիրառման միջոցներն ու հնարավոր հետևանքները, Հայաստանի առողջապահական, սոցիալական, իրավապահ համակարգերի կարողություններն ու հնարավորությունները և մշակեն Կոնվենցիայով նախատեսվող օրենսդրական և գործնական միջոցառումների իրականացման հստակ ծրագիր:

Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների և սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ և հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները մշակելիս խստորեն պետք է պահպանվեն երեխաների կրթության և դաստիարակության հարցում ընտանիքի/ծնողների առաջնային դերակատարման և պատասխանատվության սկզբունքը, պետական մարմինների, կրթական հաստատությունների կողմից նրանց հետ համագործակցելու և համաձայնեցված գործելու անվերապահ պայմանը:

Ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ պետք է իրականացվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված «վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում», և «..անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին»:

Հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի ստորագրման հարցում Հանրապետության նախագահի դիրքորոշումը շատ հստակ է՝ Կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու որոշման առկայության պայմաններում հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ Հանրապետության նախագահի ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:

Այս առումով Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորությունը, նշելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են, մեր երկրի ապագան, և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում արտահայտվում է մեր երկրի նկատմամբ մեր սերը, հարգանքը և հոգատարությունը:

Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա Կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը:

Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, այդ թվում նաև իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է:

Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:

Հանրապետության նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ և պատասխանատու կատարման գործընթացը և խստորեն հետևել դրան՝ ելնելով ընտանիքի և երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

19:46 07.07.2025

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

BACK_TO_TOP