Աշխարհը մտել է SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի վտանգավոր փուլ։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ վարակը շարունակում է տարածվել մեծ արագությամբ․ հունիսի 18-ին ԱՀԿ-ում նոր տեղեկություններ են ստացվել COVID-19-ով վարակված ավելի քան 150 հազար նոր դեպքի մասին։ Դեպքերի մեծ մասը հիմնականում գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում։
«Հասկանալի է այն փաստը, որ շատերը հոգնել են տանը մնալուց։ Կարելի է հասկանալ նաև երկրների ցանկությունը՝ բացել տնտեսությունները»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ պետք է, սակայն, պահպանել ծայրահեղ զգուշավորություն և շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը նախազգուշական միջոցառումները պահպանելով։
Նա նաև հիշատակել է, որ վարակը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես փախստականների համար, որոնք սանիտարական անհրաժեշտ պայմաններին հասանելիություն չունեն։
ԱԿՀ-ի տվյալներով՝ վարակը հայտնաբերվել է ավելի քան 8,5 միլիոն մարդու մոտ, որոնցից ավելի քան 450 հազարը մահացել է։