Վարչապետը հորդորել է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Վարչապետը հորդորել է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը

19:47 29.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։

«Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, ինքը տեղյակ է, որ մեր շատ քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ: «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է և բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,- նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոն Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել և կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Ըստ նախարարի՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։

«Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավալման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա ընթացքում այն նորից նույն ծավալով աշխատեցնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել ու հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու»,- ասել է նախարարը։

Թորոսյանի խոսքերով՝ Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Նրա խոսքերով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։

«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», – ասել է Արսեն Թորոսյանը։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ առաջիկայում մի շարք ոլորտների գործունեության հետ կապված կընդունվեն պարետի որոշումներ, որոնք հնարավորություն կտան հստակ կանոնների պահպանմամբ վերսկսել գործունեությունը:

Եզրափակելով ճեպազրույցը՝ վարչապետը նշել է, որ ներկայիս իրավիճակը հուսադրող է, բայց այդ հույսը կարող է հօդս ցնդել, եթե մենք այդ հույսը, հնարավորությունը չօգտագործենք: «Կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ մենք կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով: Իսկ եթե չպահպանենք, ցավոք սրտի, այս բրիֆինգների շարքը կշարունակվի:

Եկեք այնպես անենք, որ այս բրիֆինգների շարքը չշարունակվի, և մեր բրիֆինգները լինեն բոլորովին ուրիշ հարցերի՝ մեր տնտեսական և այլ խնդիրների լուծման վերաբերյալ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:37 09.07.2025

Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

14:24 09.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք  ներնետվել է բջջային հեռախոս

14:15 09.07.2025

Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոս

Հուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված  մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

14:08 09.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողի

Հուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

14:00 09.07.2025

Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

BACK_TO_TOP