Այվազյանին հարց են ուղղել Պոպովի հայտարարության առնչությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Այվազյանին հարց են ուղղել Պոպովի հայտարարության առնչությամբ

20:55 14.01.2021

ԱԳ նախարար Արա Այվազյանի ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման արդյունքներով:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հարց. Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության հետ կապված. նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը: Մինչդեռ մենք հիշում ենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն այլ հայտարարություն էր արել: Երևանից այլ հայտարարություններ են հնչում: Համանախագահի հայտարարությունը խնդրում եմ, մեկնաբանեք, և եթե ավելի բարձր մակարդակով կան դրան հակասող  հայտարարություններ, ինչպե՞ս է Իգոր Պոպովի հայտարարությունն այս դեպքում ընկալվում: Իսկապե՞ս նման փաստաթուղթ եղել է, և նրա ասածը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

Արա Այվազյան.  Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին: Ինչպես բոլորդ գիտեք, ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ կազանյան փաստաթղթի մերժումից հետո էլ աշխատանքները, բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Ասեմ ավելին, նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ:

Հարց. Իսկ կարգավիճակի հարցը կար, թե՞ չկար:

Արա Այվազյան. Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը: Եվ կավելացնեմ. եղել է և մնում է կարևորագույն սկզբունքը: Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ․ այն հրադադարի մասին, զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը: Սակայն հակամարտությունը չի կարող համարվել կարգավորված, քանի որ չեն իրականացվել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ինքնորոշման սկզբունքը: Այդ առնչությամբ ուզում եմ նաև ընդգծել համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ին ընդունված հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը։

Հարց. Այդ դեպքում վարչապետի ասածը և գրառումը ինչի՞ն են վերաբերում։ Չեն հակասու՞մ իրար։ Եթե Դուք հաստատում եք համանախագահի հայտարարությունը, ստացվում է վարչապե՞տն է իրականությանը չհամապատասխանող գրառում արել։

Արա Այվազյան. Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածները և ուրիշ մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից։ Ես ուղղակի շեշտում եմ, որ կարգավորման սկզբունքների հիմնարար տարր է եղել կարգավիճակի հարցը։

Հարց. Ըստ էության, Պոպովը հակադարձել է վարչապետին: Արդյոք հակասում է Պոպովի հայտարարությունը վարչապետի գրառմանը, թե՞ ոչ, որովհետև, ըստ էության նա հակադարձել է և պնդել է, որ կարգավիճակի հարցը միշտ եղել է, իսկ այնտեղ, վարչապետն իր գրառման մեջ՝ հոդվածում, նշում էր, որ հարցը դրվել էր շրջանները վերադարձնելու մասին, սակայն որևէ հարց կարգավիճակի մասին չի եղել: Պոպովի արձագանքը հենց այդ հարցին էր վերաբերում, որ չի շրջանցվել Արցախի կարգավիճակի հարցը, պարոն նախարար:

Արա Այվազյան. Խնդրում եմ ուշադիր կարդացեք՝ ինչ էր գրել վարչապետը, և ինչ էր ասել Պոպովը: Եկեք չկենտրոնանանք մեկնաբանությունների վրա: Մեզ համար եկեք ամրագրենք, որ կարգավիճակի հարցը եղել, կա և մնում է հիմնահարցի կարգավորման հիմնական, կարևորագույն տարրը:

Հարց. Ռուսաստանի կողմից սա ազդա՞կ էր, պարոն Այվազյան, որ իրենց համար ևս հարցը շարունակում է մնալ օրակարգում:

Արա Այվազյան. Ոչ միայն Ռուսաստանի, այլև նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից. համանախագահների կողմից եղել է երկու հայտարարություն, և նրանցում նշված է, որ պետք է հասնել համապարփակ կարգավորմանը՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա:

Հարց. Պարոն նախարար, բանակցային սեղանի վրա մշտապես եղել է կարգավիճակի հարցը․ 7 շրջանների վերադարձ, կարգավիճակ:

Արա Այվազյան. Ես հատուկ անդրադարձա Կազանյան փաստաթղթին, որովհետև դա եղել է վերջին փաթեթային ամբողջական կարգավորման առաջարկը: Դրանից հետո եղել են տարբեր առաջարկներ՝ տարբեր պարամետրերի շուրջ, բայց Կազանը եղել է վերջին ամբողջական փաթեթը:

Հարց. Ռազմագերիների վերաբերյալ: Ինչպե՞ս այս հարցը կարող է ի վերջո հանգուցալուծվել, քանի որ տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցն այս առումով խնդիրը չլուծեց: Նա հայտարարեց, որ այդ հարցը լուծում չի ստացել: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք միջազգային կառույցների աջակցությամբ հնարավոր է խնդիրը լուծել: Մյուս կողմից, գիտենք, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե հայ ռազմագերիներն «ահաբեկիչներ» են․ ինչպե՞ս կորակեք նաև նրանց այս հայտարարությունները:

Արա Այվազյան. Վարչապետը հունվարի 11-ին և՛ եռակողմ, և՛ երկկողմ ձևաչափերում հատուկ անդրադարձել է գերիների խնդրին, և դա մեզ համար առաջնային խնդիր է այսօր, և պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով մենք աշխատանք ենք տանում: Արտաքին գործերի նախարարությունը նույնպես յուրաքանչյուր առիթը բաց չի թողնում, որպեսզի այս հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը, և եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մենք դժվար ենք պատկերացնում, որ մնացած բոլոր խնդիրները կարող են կյանքի կոչվել:

Հարց. Հնարավո՞ր է՝ ժամկետներ սահմանվեն, թե՞ դա պետք է արվեր դեռևս նոյեմբերի 9-ին ստորագրվող հայտարարության մեջ:

Արա Այվազյան. Ես Ձեզ կոչ եմ անում վստահել մեր ջանքերին և հուսով եմ, որ այդ հարցը կստանա իր դրական լուծումը:

Հարց. Պարոն Այվազյան, իսկ ի՞նչու չի հաջողվել այդ օրը լուծել գերիների հարցը։

Արա Այվազյան. Ես հատուկ ասացի, որ բոլորս հասկանում ենք, որ այդ հարցը մեկ օրվա մեջ լուծման հարց չէ: Բոլորս հասկանում ենք, եթե այդ հարցը մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա այդ հարցը շուտ լուծված կլիներ:

Հարց. Պարոն Այվազյան, իսկ ո՞րն է երաշխիքը, ի՞նչը կարող է Ադրբեջանին դրդել, որ կրկին այս հարցը քննարկման առարկա դառնա, եթե Ադրբեջանը շատ ակտիվորեն աշխատում է, որ մեր այնտեղ եղած գերիները որպես դիվերսանտներ ներկայացվեն, և նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը գերիների մասին էր, իսկ Ադրբեջանը, կարծես թե, տանում է նրան, որ նրանք ոչ թե ռազմագերիներ, այլ դիվերսանտներ են:

Արա Այվազյան. Այդ հարցի կապակցությամբ նախարարությունն արել է հայտարարություն, և ես կոչ եմ անում Ձեզ մեկ անգամ ևս կարդալ այդ հայտարարությունը:

Հարց․ Պարոն Այվազյան, Ձեր՝ Ստեփանակերտ այցելությունից հետո Իլհամ Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, և ասաց, որ այսուհետ ոչ մի հայ պաշտոնյա առանց Ադրբեջանի թույլտվության չի կարող այցելել Արցախ։ Ձեր մեկնաբանությունը, խնդրեմ։

Արա Այվազյան. ՀՀ ԱԳ նախարարությունը նույնպես արել է հայտարարություն. մեկ անգամ ևս կրկնեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների, ցանկացած մարդու՝ Արցախ այցի վրա, և նույնպես որևէ տարր չի պարունակում կարգավիճակի հստակեցման ուղղությամբ։ Հետևաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից, և եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ՝ միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

14:57 17.08.2025

Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

14:40 17.08.2025

Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

14:22 17.08.2025

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ Բաղայի

Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:57 17.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. Politico

13:30 17.08.2025

Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. Politico

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

12:58 17.08.2025

Հրդեհ՝ Սարդարապատ գյուղում

Օգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

BACK_TO_TOP