Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 83 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 83 տարեկան

11:14 27.01.2022

«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»:

Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին:

Տիգրան Եղիայի Մանսուրյան 

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»:

Եվ ծնվեց հանճարը …

1939, հունվարի 27, Բեյրութ:

Հայկական ընտանիքում, բայց ոչ Հայաստանում ծնվեց Տիգրանը:

«Մորս հայրը… Մարաշում մարագի մեջ այլ տղամարդկանց հետ այրել են թուրքերը։ Մայրս հայտնվել է որբանոցում։ Նրա եղբայրն է փրկվել։ Մայրը հասել է Հալեպ, այնտեղ մահացել։ Հայրս նույն ճանապարհն է անցել։ Սա մեր ընտանիքի փաստագրությունն է»:

1940-ականներին ընտանիքը հայրենադարձության ճանապարհն էր բռնելու: Հասցեն` Հայաստան, Արթիկի շրջան:

«Ես ծնվել եմ Բեյրութում, Հայաստան գալն ինձ համար ճակատագրական էր։ Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելն առանց Հայաստանի: Իհարկե, կան արվեստագետներ՝ Գառզուն, Ժանսեմը, Ազնավուրը, ովքեր կայացել են արտասահմանում, բայց չեմ կարծում, որ իմ պարագայում այդպես կլիներ: Այդ տարիներին հեշտ չէր ինտեգրվել Հայաստանում, բայց ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար։ Մարդը պետք է չարչարանք էլ տեսնի: Այդ ամենն Աստծու տվածն են»:

Կրթությունը կարևոր է

Նախնական մասնագիտական կրթություն չունեցող հայրենադարձ պատանին հետո պիտի տաղանդին ավելացներ կրթության շեշտերը:

«Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Ես երաժշտություն չեմ սովորել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նվագել. մեկը չկար, որ երաժշտության հետ կապված մի բան հարցնեի»:

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան,  ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Ղազարոս Սարյանի դասարան, որի ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։

Պարտաճանաչ ուսանողից խստապահանջ դասախոս և նվիրյալ ռեկտոր՝ 1992-1995 թվականներին:

«Իմ անցած ստեղծագործական ուղին ծայրահեղ հագեցած էր՝ երաժշտության ճանապարհ մտնելու ամենասկզբից մինչև էսօր, մի լուրջ կռիվ է, տևական մի մեծ կռիվ է կայացման, և էդ պահը, որ պիտի վերջապես թողնեմ ինձ ազատ, դեռ չկա: Վերջին տարիներս էնքան բաներ եմ հայտնաբերել, որ պետք է սովորած լինեի, պետք է դրանով զբաղված լինեի։ Երազանքներ ունեմ, որ էդպես էլ մնացին անկատար։ Երբ մարդը գիտի լատիներեն լեզու, նա ուրիշ մարդ է։ Դա չեղավ: Ես անգլերեն չսովորեցի, շատ եմ ցավում, մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ։ Հինգ պիես է թողել, որոնք աշխարհում համարվում են Շեքսպիրից հետո ամենաշատ ընթերցվող պիեսները։ Հետաքրքրությունները շատ են, ես սրանցով զբաղվում եմ հիմնականում գիշերները, երբ ոչ մի զանգ չի լինում… 

Մի բան, սակայն, լավ եմ սովորել, Ֆոլկներից եմ սովորել: Պարտվել իմանալ է պետք։ Ես 10 տարի տվել եմ Ֆոլկներին, այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ մեկը չի սովորեցրել՝ գավառի այդ հսկան, Նոբելյան մրցանակի հասած։ Պետք է կարողանալ պարտվել հանուն հիմնականի, որ չկորցնես հիմնականի հետ քո կապը, քո եռանդը, քո հավատքը»։

Կոտրելով սահմաններ

Նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկը և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ ներմուծեց Հայաստան։

«Դեռ ուսանողության տարիներից մի օր հստակորեն զգացի, որ երաժշտություն գրելը այսպես չի լինում. չի կարող այսքան կարճ ու անխոտոր լինել ճանապարհը մտահղացումից մինչև իրագործում։ Մի օր իսպառ հավատս կորցրի բոլոր գրածներիս ու դրանց հետ կապված գովեստների հանդեպ։ Ինձ անխնա գովում էին, բոլո՛րը։ Ես ճանաչում էի այդ երաժիշտներին, երաժշտագետներին, գիտեի նրանցից շատերի նախասիրությունն ու հավատամքը երաժշտության մեջ։ Դրանք  հաճախ իրարից ծայրահեղ տարբեր էին լինում։ Այս համընդհանուր գնահատանքն ինձ ավելի շատ վիրավորում էր։ Մի օր հեշտ գրելու և գովելի լինելու դեմ ըմբոստացա։ Եվ փնտրեցի երաժշտություն գրելու առավել լուրջ դիմադրության ճանապարհ։ Այս ձևով շուտով հայտնաբերեցի Խորհրդային Միության տարբեր քաղաքներում ապրող և «հակասովետական» երաժշտություն գրող երիտասարդ կոմպոզիտորներից շատերին։ Նորագույն երաժշտության յուրացման այդ ժամանակաշրջանն իմ կյանքի ամենահագեցած և, միևնույն ժամանակ, ամենադժվար ժամանակաշրջանն է եղել»։

Կոմպոզիտոր, ում համար խորհրդային տարիներին կային փակ սահմաններ, բայց սահմաններ չունեին նրա ստեղծագործությունները: Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Միլան, Վիեննա, Մոսկվա, Վարշավա, Նյու Յորք, Լոս Անջելես , որտեղ էլ հնչում էր նրա ստեղծագործությունները, ընդունվում էին ծափերով: Մինչև իր համար էլ կբացվեին սահմաններ:

«Մեծ կորուստների գնով ունեցանք այս անկախությունը, թեև հիմնականում եղավ Արցախը։ Դա մեծագույն երևույթն էր, որ մեր ժողովրդի կյանքում, մեր պատմության ընթացքում տեղի ունեցավ»:

Մանսուրյանական սերը

Կնոջը սիրահարվել է առաջին հայացքից: 47 տարի միասին կիսել են սեր ու ներդաշնակություն, հաց ու անկողին՝ մեծացնելով 2 երեխայի:

«Ես հիմա միայնակ եմ ապրում: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 16 տարի է՝ ինձ հետ չէ: Մենք միասին ենք Կոնսերվատորիա ընդունվել, միասին ավարտել, ինքը՝ կարմիր դիպլոմով, ես՝ կապույտ: Նա շատ հասուն երաժշտագետ էր և կարող էր օգտակար լինել տարբեր ասպարեզներում, օրինակ՝ գրախոսություններ գրել, բայց կարծում էր, որ ոչ մի հոդված իրավունք չունի գրելու. կարծում էր՝ ինչ էլ գրի, ասելու են, թե իմ կարծիքն է, և երբևէ չփորձեց մանկավարժության ոլորտից դուրս գալ։

Լավ կյանք ապրեցինք միասին: Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, և երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի տասը բանաստեղծություններով «Արվեստ քերթության» շարքն էի վերջացնում։ Ասացի՝ ուզում եմ քեզ նվիրել, կցանկանա՞ս, ասաց՝ իհարկե, չէ՞ որ երբ մենք երիտասարդ տարիներին այգի էինք գնում, միշտ ձեռքի տակ Չարենց ունեինք։ Ես դա չէի հիշում, բայց շատ տպավորվեցի»։

Այսօր էլ կարևոր հանդիպումներին և մեծ համերգներին կինը իր հետ է՝  ծոցագրպանում խնամքով պահվող լուսանկարի տեսքով:

Մարդ ում համար սերը մեկնաբանվում է այնպես, ինչպես Պողոս առաքյալի առաջին թուղթն էր կորնթացիներին.

«Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում …

Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»։ (գլուխ 13, 1-8,13)

Մանսուրյանը

Երաժշտության պրոֆեսորից մինչև բոլոր հնարավոր վաստակներ: Ստեղծագործական լայն ներկապնակ, որոնք ամփոփում են Տիգրան Մանսուրյանի ապրած 82 տարին՝ բնավորությամբ, ապրումներով, զղջումներով, պայքարով ու հաղթանակներով, չվերջացող լավատեսությամբ ու Մանսուրյանական պարզությամբ:

«Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի, սակայն իմ մեջ միշտ հանդարտություն է եղել։ Ես չգիտեմ՝ դա որտեղից է գալիս, դա իմ էությունն է։ Հավանաբար դա ծնողներիցս եմ ժառանգել։ Մայրս տանել չէր կարողանում բարձր ձայն։ Քույրս մայրիկիս հրավիրել էր իր մասնակցությամբ «Անուշ» օպերային։ Այն տեսարանում, երբ քույրս Անուշի դերում պիտի գետը նետվեր, ճիչ կար։ Այդ ճիչից մայրս այնպես էր բարկացել… Սա բնություն է»։

Բնության ու բնականի հետ միշտ ներդաշնակ նա միավորեց արևմտյան և հայկական երաժշտության սկզբունքները՝ դասական երաժշտությունը դարձնելով լսելի և սիրելի արդեն մի քանի տասնամյակ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP