12:17 25.04.2021
ՀՀ վարչապետըշն ուղիղ եթերով հեռարձակված իր ուղերձում նշել է, որ կարևոր է համարում, որ իր ուղերձը տեղի ունենա հենց Քաղաքացու օրը։Ուղերձում ասվում է․
«Սիրելի ժողովուրդ՝
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն
Սույն թվականի մարտի 18-ին, Հանրապետության նախագահի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքներով ես հայտարարեցի 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժող համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից:
Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:
Սիրելի հայրենակիցներ,
հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր: Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով:
Այսօրվա ուղերձում չեմ ուզում անդրադառնալ 2018 թվականից ի վեր մեր ունեցած հաջողություններին ու ձախողումներին, հաղթանակներին ու պարտություններին: Այդ թեմաների մասին բազմիցս խոսել եմ, և առաջիկա նախընտրական շրջանը նման բազմաթիվ առիթներ տալու է:
Այս պահին ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, թե ինչու ենք անհրաժեշտ համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
2020 թվականին մենք անցել ենք աղետալի իրադարձությունների միջով: Կատարվածի պատճառների, հիմքերի, լուծումների մասին արտահայտվել են գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, կառավարության անդամներ, մտավորականներ, հոգևորականներ, հասարակական կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր:
Միակ սուբյեկտը, որը կարծիք արտահայտելու ինստիտուցիոնալ հնարավորություն չի ունեցել` ժողովուրդն է, և ուրեմն՝ ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի ու ներկայի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Արտահերթ ընտրություններն անցկացվում են՝ այդ հնարավորությունն ստեղծելու համար:
2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը առաջարկել եմ դեռևս 2020 թվականի վերջին: Բայց մի շարք ուժերի կողմից այն մերժվում էր, որովհետև արտահերթի գաղափարը մերժող այդ շրջանակները համարում էին, թե իշխանության ճակատագիրը պետք է որոշվի չակերտավոր էլիտար փակ սենյակներում, և ժողովուրդը պետք է մեկուսացված լինի այս գործընթացից:
Այդ ուժերը նման մոտեցում ցուցաբերում էին ոչ միայն այն պատճառով, որ հասկանում են, որ Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի կողմից վստահության արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի չակերտավոր էլիտայի կողմից կայացված որոշումները:
Մեր հավատամքը, սակայն, բոլորովին այլ է. ժողովրդի ազատ կամարտահայտությունը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է, և իշխանության հետագա ճակատագիրը պիտի որոշի միայն ու միայն, բացառապես ժողովուրդը, և ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը:
Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:
Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը:
Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին: Զորակցություն հայտնել անհետ կորած համարվող մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են, եւ մենք պիտի ուժ և կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար:
Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն
Ոչ մի րոպե չկասկածեք, իմացեք, վստահ եղեք՝
Հայաստանում և Արցախում ապագա կա, կա ապագա, և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր:
Եվս մեկ անգամ խոնարհվելով մեր բոլոր նահատակների առաջ՝ բոլորիս շնորհավորում եմ Քաղաքացու օրվա առիթով։
Եվ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախը,
Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ ու Երջանիկ Հայաստանում, Ազատ ու Երջանիկ Արցախում»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...