13:38 10.02.2018
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրկին ստանձնել է Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդի պաշտոնը: Պատրիարքարանը կատարել է Ստամբուլի նահանգապետարանի ցանկությունը՝ վերադառնալով 2010 թվականի նախարարների խորհրդի կողմից վավերացված որոշմանը, ըստ որի՝ ընդհանուր փոխանորդն Աթեշյանն է, մինչև տեղի կունենա նոր ընտրություն:
Ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի՝ այս որոշմամբ չեղարկվում է 2017 թվականի մարտի 15-ին տեղի ունեցած կրոնական ժողովի շրջանակում Պոլսո պատրիարքի նոր տեղապահի ընտրությունը, որի ժամանակ տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Չեղյալ են համարվում նաև Բեկչյանի տեղապահության օրոք կայացված բոլոր որոշումները:
Ներկայացնում ենք Արամ արք. Աթեշյանի հայտարարությունը՝ ստացված Պոլսից.
«Սիրելի հոգևոր եղբայրներ,
Մեր հաստատութիւններու յարգարժան վարիչներ և Մերազն համայնքի սիրեցեալ զաւակներ, Ներկայիս պատրիարքական ընտրութեան ցաւալի գործընթացի անկիւնադարձային կէտերէն մէկուն վրայ կը գտնուինք։
1 Փետրուար 2018, Հինգշաբթի, յետմիջօրէին այցելեցինք մայրաքաղաք Անգարա։
Հնարաւորութիւն ունեցանք հանդիպելու Ներքին Գործոց Նախարար Տիար Սիւլէյման Սոյլուի հետ։ Մեզի տեղեկացուեցաւ, որ 02.08.2010 թուականին Եկեղեցականաց համագումարի կողմէ ընդունուած որոշումը վաւերացուած էր Նախարարաց Խորհուրդի կողմէ, ուստի ուժի մէջ կը մնայ այդ 18.08.2010 թուակիր և համար 2010/853 ո րոշմնագիրը։ Աւելի վերջ 05.02.2018 թուակիր և 15342297-164.02- .1.1595 համար պաշտօնական գրութիւնը Պատրիարքարան ուղարկուեցաւ Իսթանպուլի Կուսակալութեան կողմէ և անոր բովանդակութիւնը վերահաստատեց վերոյիշեալ հանգամանքները։ Անմիջապէս վերջ Պարոն Նախարարը հանդիպում մը ունեցաւ մեր համայնքի աշխարհական ներկայացուցիչներուն հետ։ Ի շարունակութիւն Պատկառելի Կրօնական Ժողովն ալ երէկուան նիստին ընթացքին վերահաստատեց իր իսկ կողմէ 02.08.2010 թուականին առնուած որոշումը։ Շուրջ տարիէ մը ի վեր մեր Պատրիարքութեան և Պետութեան պատկան մարմիններուն միջև ամբողջութեամբ վերացած է ներդաշնակութիւնն ու համընթացութիւնը։
Եթէ հաշուի առնենք այս պարագան, ապա կարելի է շատ լաւ թափանցել այս վերջին իրադարձութիւններու նշանակութեան։ Անցեալ տասն տարիներուն ընթացքին, այն բոլոր փուլերուն, երբ մեր համայնքէն ներս չկրցանք հասնիլ ընդհանուր համաձայնութեան մը, յաչս մեր պետութեան արտայայտուեցան հակասական ակնկալութիւններ։ Պատկան մարմինները խուսափեցան միջամտական մօտեցումներէ ու միշտ կատարեցին կարգադրութիւններ, որոնք հետամուտ էին մեր համայնքի ներքին ներդաշնակութեան գետին պատրաստելու։ Այս վերջին իրադարձութիւնն ալ կ՚արժևորենք նոյն ծիրին մէջ։
Մեր պետութեան այս վերջին քայլն ալ ուղղուած է ապահովելու մեր հաւաքականութեան կամքի դրսևորման, առանց ենթարկուելու որևէ ճնշումի կամ ազդեցութեան։ Երբ որ ժամանակը գայ, պիտի կարենանք իրականացնել նոր պատրիարքական ընտրութիւն մը թէ՛ մեր պետութեան ընթացակարգերուն և թէ աւանդութիւններուն ու նախընթացներուն համապատասխան։ Այս ուղղութեամբ ունինք ամէն տեսակ երաշխիք և անկարելի է կասկածիլ այս առումով։ Մնաց որ մենք պէտք է հաւատարիմ մնանք Սուրբ Գիրքի ուսուցումներուն։ Այս փուլին կը վերյիշենք Սուրբ Պետրոսի կողմէ հռովմէացիներուն գրուած նամակի հետևեալ արտայայտութիւնները. «Ամէն մարդ իր վրայ եղած իշխանութիւններուն թող հնազանդի, վասն զի չկայ իշխանութիւն մը որ Աստուծմէ չըլլայ և անոնք որ կան Աստուծմէ կարգըւած են։ Ուրեմն ով որ իշխանութեան դէմ կը կենայ՝ Աստուծոյ հրամանին դէմ կը կենայ և անոնք որ դէմ կը կենան, անձերնուն դատապարտութիւն կ՚ընդունին։ Վասն զի իշխանները բարիք գործողները չեն վախցներ, հապա չարը։ Կ՚ուզե՞ս չվախնալ իշխանութենէն, բարիք գործէ ու անկէ գովութիւն պիտի ստանաս…
Ասոր համար պէտք է հնազանդ ըլլալ, ոչ միայն բարկութեանը համար, հապա խղճմտանքի համար ալ։ Այս պատճառաւ է որ տուրք ալ կու տաք» (Հռովմայեցիս 13. 1-6): Այս հաւաքական դժուարին փորձութենէն բաց ճակատով դուրս գալու յոյսով՝ ձեր բոլորին կը փոխանցենք մեր օրհնութիւնները և առ Աստուած կ՚աղօթենք՝ որպէսզի մեր համայնքէն, Պատրիարքարանէն ու Պետութենէն չզլանայ իր ողորմութիւնը։ Մեր հաւաքականութեան կամքի դրսևորման ուղղեալ կարգադրութիւններուն համար պարտք կը զգանք շնորհակալութիւն յայտնել մեր ամբողջ պետական աւագանիին, գլխաւորութեամբ Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Րէճէպ Թայյիպ Էրտողանի։
Յառաջիկայ շրջանին պարտաւոր ենք ձեռք ձեռքի աշխատելու՝ հին վէրքերու այլևս սպիացման, միութեան ու միասնականութեան ոգիով մեր Պատրիարքարանի վերակենդանացման, մեր համայնքի ապագային և մեր հաստատութիւններու շահերուն համար։ Վստահ ենք, թէ այս առումով բոլորը իրեն վիճակածը պիտի ընէ ու մերազն համայնքի սիրեցեալ զաւակները մեզմէ պիտի չզլանան իրենց աղօթքները։
Անհատական կամ հաւաքական կեանքի մէջ դժուարութիւններու դէմ հազիւ, թէ դիմադրել կարելի ըլլայ առանձին և առանձնութեան զգացումը մի միայն կը խորացնէ յոռետեսութիւնը։ Եկէ՛ք, իրարու տէր կանգնելով, ձեռք ձեռքի տալով փարատենք մեր հաւաքական կեանքի առկայ յոռետեսութիւնը ու բոլորով ապրինք մեր միասնականութեան արդիւնքներն ու բարիքները։ Բաց աստի, մօտաւոր անցեալի ալեկոծեալ գործընթացին մէջ մեր համայնքի կայունութեան համար գործադրած անսակարկ ջանքերը և դրսևորած ղեկավարման ընդունակութիւնները հաշուի առնելով՝ մեր բարձր գնահատանքը կ՚արտայայտենք Սուրբ Փրկիչ Ազգային Հիւանդանոցի Պատուարժան Հոգաբարձութեան Ատենապետ Տիար Պետրոս Շիրինօղլուի նկատմամբ։
Չենք կասկածիր, թէ մեր համայնքային հաստատութիւններու վարիչները յառաջիկայ շրջանին զօրակցութեան մէջ պիտի ըլլան թէ՛ իրարու և թէ մեզի հետ։ Վստահ կրնաք ըլլալ, թէ մենք՝ հոգևորականներս յառաջիկայ շրջանին պիտի ընենք մեզի վիճակածը՝ մեր համայնքէն ներս միասնականութեան հասկացողութեան ամրապնդման համար։ Մեր Պատկառելի Կրօնական Ժողովին կողմէ որդեգրւած հասուն դիրքորոշումը մեծագոյն ապացոյցն է այս ուղղութեամբ։ Ձեր բոլորին կը փոխանցենք մեր օրհնութիւնները և առ Աստուած կ՚աղօթենք, որպէսզի մեր համայնքէն, Պատրիարքարանէն ու Պետութենէն չզլանայ իր ողորմութիւնը։
ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԷՇԵԱՆ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...