Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ

12:20 06.01.2022

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ․

««Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ,
որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ»
(Շարական Սուրբ Ծննդյան):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։

Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշազարդ խորհրդով այսօր փրկության հույսն ու շնորհն է վերստին իջնում արհավիրքներից ու աղետներից խռովահույզ աշխարհի վրա։ Բեթղեհեմյան աստղի պայծառ շողարձակումով, Մանուկ Հիսուսի Ծննդյան շնորհով Բեթղեհեմ դարձած հոգիներից ցրվում է անհուսության խավարը։ Աստված Իր Միածին Որդու հայտնությամբ հրավեր է ուղղում ողջ մարդկությանը՝ իրենց սրտերը դարձնելու աստվածային անսահման սիրո հայտնության վկայարան, մեղքերից սրբվելու, վերափոխվելու և նորոգության միջոցով փրկվելու: «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ»,- հորդորում է առաքյալը (Եփ. 4.22-24):

Մարդու նորոգության ու փրկության ուղին Աստծո պատվիրաններով ապրելն է, մեղքի կապանքներից ազատագրումը, ինչը հաստատուն երաշխիքն է մարդկության հարատևության և գրավականը հավիտենական երանության։ Փրկիչ մեր Տերը, որպես Աստծո առ մարդն ունեցած անսահման սիրո և հոգատարության առհավատչյա, հավաստում է, որ աշխարհը կարող է վերափոխվել, տառապանքի ու անարդարության իրականությունը կարող է վերածվել երանության վայրի՝ ըստ Եսայի մարգարեի վկայության. «Դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը» (Եսայի 40.4-5)։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը այս օրերին՝ աղետալի պատերազմի կորուստների ցավով մորմոքվող, բեկված ու տագնապած, անորոշություններով անհանգիստ մեր սրտերին մխիթարություն ու սփոփանք է բերում, որ Տիրոջ փրկարար շնորհներով զորանանք, հավատով փոխակերպվենք և հույսով հաղթանակենք։ Այսպիսի ոգով ու ընթացքով, անտարակույս, պիտի կարողանանք հաղթահարել պատուհասներն ու նեղությունները և հզորանալ որպես ժողովուրդ ու պետություն, հայրենիք և սփյուռք։ Մեր հայրերը մեզ ուսուցանել են, որ աննկուն լինենք աղետների ու փորձանքների դեմ, թույլ չտանք, որ մեզ պարտության մատնեն հոգսերն ու կարիքները, հայրենիքի ապագայի հանդեպ տագնապները։ Թե՛ հայրենիքում և թե՛ աշխարհասփյուռ մեր համայնքներում լինենք միաբան ու միասնական։ Մեր անմիաբանությունն ու անհամերաշխությունը ծնունդ են տալու նոր կորուստների՝ ոտնակոխ անելով մեր մեծ ու փոքր հաղթանակները։ Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք, մերժենք Աստծուց մեզ հեռացնող ընթացքները և մեր կյանքն ամրորեն խարսխենք դարերի փորձություն անցած, մեր ժողովրդի հարատևությունը երաշխավորած ազգային և հոգևոր արժեքների վրա։ Ամենքս սրբազան պարտք ունենք հայրենիքի համար նահատակության պսակն ընդունած մեր զավակների հիշատակի առջև՝ անձնուրաց ջանքեր ներդնելու հանուն հայրենի մեր երկրի, հանուն Արցախի ազատ կյանքի, հանուն հայոց պետականության անսասանության ու ազգային մեր ինքնության անխաթար պահպանության։ Միշտ հիշենք՝ հայրենիքի շահը վեր է ամենից, մեր ժողովրդի ազատ ու ապահով կյանքը՝ առաջնահերթություն։ Հզոր ու շեն հայրենիքի տեսլականի իրագործումը պահանջում է հանձնառության և անձնազոհության ոգի ու գիտակցություն, ազնիվ ու արդար գործելակերպ և հոգևոր, բարոյական արժեքների վրա հիմնված կենսակերպ։ Այդ առաքելությունը հնարավոր է իրականություն դարձնել մեր Տիրոջ լուսավոր օրինակով, ով, ըստ Իր խոսքի, չեկավ պաշտոն, ծառայություն և պատիվ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28)։ Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի: Մինչ ազգաշահ ու հայրենանվեր բարի գործերով, միմյանց հանդեպ հոգածություն, սեր ու խնամք ցուցաբերելով է, որ ուժ ու զորություն կունենանք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, երկիր շենացնելու։ Փրկչի Սուրբ Ծննդյան խորհրդով նորոգված կյանքով, հավատում ենք, կարող պիտի լինենք կերտելու նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն փոխհասկացողությունն ու համերաշխությունը, ուղղամտությունն ու հայրենանվիրումը. նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր ժողովրդի իղձերի ու ձգտումների իրագործմանը։ Այս տեսլականով և Քրիստոսի պարգևած փրկության շնորհով, սիրելի հավատացյալներ, վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք վերելքի ու սիրո կենարար ճանապարհով։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգեպարար օրը աղոթենք միասին, որ Բարձրյալն Աստված օրհնի, խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհը համայն։ Աղոթենք, որ մեր հայրենիքը դառնա մսուր աստվածային ներկայության, և մեր ժողովրդի զավակների հոգիները զորանան հավատով ու լավատեսությամբ։ Թող Տերը Իր ամենախնամ Սուրբ Աջի օգնականությամբ մեզ առաջնորդի ընթանալու հավատո բարի գործոց շավիղներով և փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

BACK_TO_TOP