Տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի փակման հետ կապված. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի փակման հետ կապված. վարչապետ

12:25 15.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ինչպես արդեն ասվել է բազմիցս, Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Սա, ըստ էության, ուղիղ մեջբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Եվ հայտարարությունը մի փաստաթուղթ է, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Ինչպես առիթ ունեցել եմ նշելու, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում: Եվ այդ խախտումները հետևյալն են՝ հայտարարության առաջին կետում արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով: 2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի գյուղ հասնող հատվածում և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել:

Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախատում է նաև Ադրբեջանի կողից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առաջին կետի դրույթների կոպիտ ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Վերը նշված գործությունները խախտում են նաև եռակողմ հայտարարության երրորդ կետը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում ձևավորվում է շփման գիծ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո:

Ադրբեջանի շարունակական պնդումենրը, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, ինչի մասին խոսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտումների մասին արդեն նշեցի վերևում՝ կապված Լաչինի միջանցքի գործունեության հետ:

Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձանակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն:

Ուզում եմ ուշադրություն դարձնենք եռակողմ հայտարարության վերը նշված հոդվածի ձևակերմանը: Մեջբերում եմ հոդվածից. «Փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք»: Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք և ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և չընդունելով նման միավորի տարածքային գոյությունը, Ադրբեջանը, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախատում է:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է միջանցք տրամադրի: Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և հետևաբար՝ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաև շահագործմանը, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հարգելի ներկաներ,
սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումներ են միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկան ենթարկելու նպատակ ունեն:
Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը: Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով:

Լիարժեք պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Մեր դիվանագիտական ծառայությանը, Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին:

Ասեմ նաև, որ մշտական կապի մեջ եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով: Առայժմ այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

19:46 07.07.2025

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

BACK_TO_TOP