Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

21:08 18.03.2023

«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից:

Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է:

Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով իրականացնում է վերաբնակեցման ծրագրեր՝ փորձելով վերացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներից: 90-ականների սկզբին նման ճակատագրի արժանացել են նաև Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, հայկական հոծ բնակչություն ունեցող այլ բնակավայրեր:

Ադրբեջանի վերը նշված գործողություններն ուղիղ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, համաձայն որի ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:

Ապօրինի վերաբնակեցման քաղաքականությամբ և Լեռնային Ղարաբաղի հայությանն ահաբեկելու գործելակերպով պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է եռակողմ հայտարարության վերը հիշատակված դրույթի կատարումն անհնարին դարձնելու համար:

Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին:

Ադրբեջանը ոչ միայն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի Հանրապետության 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին, 2022թ. սեպտեմբերին ապօրինի բռնազավթած ինքնիշխան տարածքները, այլև ներմուծել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ տարածքը հայտարարում է ադրբեջանական հող:

Սա նշանակում է բացահայտ նկրտումների արտահայտում Հայաստանի Հանրապետության գործնականում ողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանը նաև սպառնում է Հայաստանին, եթե վերջինս այդ նկրտումները չընդունի:

Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած:

Դեռ ավելին, Ադրբեջանի նախագահը խախտել է 2023 թվականի փետրվարի 18-ին իր իսկ կողմից բարձրաձայնած պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության հետ քննարկել նրանց իրավունքների և երաշխիքների հարցը:

Այդ հայտարարությունից ընդամենը մի քանի շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց, թե պատրաստվում է քննարկել «Ղարաբաղի հայության ինտեգրացիայի» հարցը, իսկ Թալիշում արած հայտարարությունները, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, մարտի 5-ի ահաբեկչությունը վկայում են, որ Ադրբեջանի մտադրությունն է լուծել Լեռնային Ղարաբաղի հայության առնվազն ասիմիլյացիայի հարցը, և պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու նախապատրաստությունների մասին Հայաստանի ահազանգերը չպետք է անտեսվեն միջազգային հանրության կողմից:

Վերջին շրջանի խոսույթում Ադրբեջանը նոր մեղադրանք է գտել Հայաստանի Հանրապետության հասցեին՝ նրան մեղադրելով մոնոէթնիկ լինելու մեջ և փորձ անելով ստեղծել տպավորություն, թե, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բազմաէթնիկ երկիր է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն 4 ազգային փոքրամասնությունները մանտադ ունեն երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության կազմում, իսկ իրեն բազմազգ համարող Ադրբեջանում որևէ նման կարգավորում չկա:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

BACK_TO_TOP