18:16 21.04.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս առիթով այսօր Գյումրու Մտորումների թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը և նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծել է, որ մշակույթի ապակենտրոնացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է, և այս փառատոնն ասվածի լավագույն դրսևորումներից է.
«Առաջնորդվում ենք այն գիտակցմամբ, թե որքան կարևոր է մեր հանրության կյանքում նման նախագծերի իրականացումը, որոնց նպատակն է մայրաքաղաքից դուրս՝ մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումը: Արդեն քանի տարի է՝ սկզբունքորեն պետական դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են մայրաքաղաքից դուրս, և պահանջ ունենք, որ դրանք լինեն որակապես նույն տիրույթում, ինչ մայրաքաղաքում: Լավագույն օրինակներից են Տավուշի մարզի Չինարի բնակավայրում կազմակերպված միջազգային գիտաժողովը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի այցը Վանաձորի հոբելյանական թատերաշրջանին և այլն»:
Անդրադառնալով փառատոնի՝ ապրիլի 24-ի մեկնարկին, փոխնախարարն ասել է.
«Հենց ապրիլի 24-ին սկսելով՝ հաստատում ենք մեր ստեղծարար ու արվեստասեր լինելը, մեր վերածնված և հեռանկար ունեցող ազգ լինելու գաղափարը»:
Փառատոնին կմասնակցեն ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից:
Ընդհանուր առմամբ՝ փառատոնին կմասնակցեն շուրջ 500 արտիստներ ու թատերական ոլորտի ներկայացուցիչներ:
Արա Խզմալյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ ի թիվս մի շարք միջազգային թատերական կառույցների՝ ծրագրում մեծ տեղ է զբաղեցնում նաև հայ թատրոնը:
«Մենք կարիք ունենք ճանաչելու նաև մեր թատերական արտադրանքը, և այս հարթակը լայն հնարավորություն է տալիս ճանաչելու, համեմատելու և գնահատելու»,-ասել է Ա. Խզմալյանը:
Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերն են, ներկայացումներ կլինեն նաև թատերական այլ հարթակներում. նախատեսված են բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն թատերական քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ: Այս մասին խոսելիս ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է.
«Ի վերջո, պետական քաղաքականությունը հիմնվում է այսպիսի մասնագիտական քննարկումների, մասնագիտական հանրության դիտարկումների և հանրային արձագանքների վրա: Անաչառ որոշումները հենց այս արդյունքով են կայացվում»:
Նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը փառատոնի մասին խոսելիս նախ անդրադարձել է ասուլիսի անցկացման վայրին.
«Պատահական չէ, որ Մտորումների թատրոնում ենք այս փառատոնին նվիրված ասուլիսն անցկացնում: Այստեղից սկսած՝ ցանկանում ենք մարդկանց ճանաչելի դարձնել այս հասցեն»:
Տիգրան Վիրաբյանի գնահատմամբ՝ այս փառատոնը կենսական կարևորություն ունի Գյումրու համար՝ գյումրեցի հանդիսատեսին առավելապես հարաբերելու թե՛ մայրաքաղաքի, թե՛ այլ քաղաքների ներկայացումներին ու թատերական կյանքին: Ներկայացումների մասին կնկարահանվեն հաղորդումներ, որոնք կհեռարձակվեն՝ այդպիսով հասանելի դառնալով նաև հեռուստադիտողի քննարկումների համար:
«Գյումրին թատերական խաչմերուկ» քննարկումների շրջանակում նեղ մասնագիտական ոլորտի համար քննարկումներ կկազմակերպվեն՝ բանախոսությամբ Իրանից և Ֆրանսիայից ժամանած թատերական գործիչների:
«Փառատոնը հետաքրքիր առաքելություն ունի. մշակութային մայրաքաղաք Գյումրին պետք է բովանդակությամբ ևս հենց այդպիսին լինի, որպեսզի զբոսաշրջիկները հեռանան քաղաքից՝ տպավորված մշակութային իրադարձություններով և միջավայրով»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև «Երևանյան հատուկ ծրագիրը»՝ մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ՝ գյումրեցի հանդիսատեսի համար լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը:
Նախատեսվում են 18 ներկայացում և ևս 4 խմբերի նեղ մասնագիտական քննարկումներ «Գյումրին թատերական խաչմերուկ» միջոցառման շրջանակում, որի ընթացքում խմբերը կխաղան փոքր հատված և կքննարկեն այն:
Արտասահմանից կլինի 6 ներկայացում, որից 4-ը՝ մասնագիտական քննարկումների, 2-ը՝ հանդիսատեսի համար:
Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ ևս՝ փառատոնը կարևոր նախաձեռնություն է հայ մշակութային կյանքում.
«Պետք է այնպես անել, որ մշակութային հաղորդակցությունը մեր համայնքների միջև հաճախադեպ լինի՝ սեղմ և մտերմիկ միջավայրում. սա է մշակույթի զարգացման նախադրյալը»:
Նա հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ամենամյա և կիրականացվի նաև այլ համայնքներում:
Փառատոնի շարունակականության մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է.
«Շարունակության մասին ավելի առարկայական կարող ենք խոսել դրա ավարտից հետո՝ արդյունքներն ամփոփելով: Հաջորդ տարիներին իրականացման տարբեր ձևաչափեր կարող են լինել, որոնք կքննարկվեն»:
Բանախոսներն անդրադարձել են նաև թատրոններին, ներկայացումներին, թատերական կյանքին առնչվող մի շարք խնդիրների:
«Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծն իրականացնում է «Բարեկամ» հասարակական կազմակերպությունը՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների աջակցությամբ:
18:50 11.08.2025
Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքելԻրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...
18:40 11.08.2025
Հայաստանում նշվել է Շինարարի օրըՀայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...
18:27 11.08.2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդինԱյսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...
18:20 11.08.2025
ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունԿանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին: ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։ Այդ […] ...
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետՀարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...