2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ․ Փաշինյան

16:48 09.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Կոնգրեսի հարգելի մասնակիցներ.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և Եվրասիական զարգացման բանկին այս մեծածավալ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։

Արդի հարցերի շուրջ բարձր մակարդակով մտքերի փոխանակումը հնարավորություն է տալիս ոչ միայն «ձեռքը զարկերակին պահել» և բացահայտել մեր տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, այլև համատեղ ջանքերով գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ մեր երկրների կայուն զարգացման։

Վերադառնալով քննարկման անմիջական թեմային՝ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն նշեմ, որ մեզ համար սա հնարավոր առավելագույնը չէ։

Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն:

Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Մեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց։

Նաև սկզբունքորեն կարևոր է շարունակել աշխատանքը ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունն այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Պատահական չէ, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։

Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը։

Այս համատեքստում քննարկման հետաքրքիր թեմա եմ համարում նաև վերականգնվող էներգիայի ներուժի զարգացումն ու առավելագույն օգտագործումը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են` արևային, քամու և հիդրոէներգիան հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:

Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև Միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։

Գործընկերներ,

Նշեմ, որ համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչն առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։

Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ: Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:

Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը ։

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ,

Մենք կարող ենք անվերջ բանավիճել «Ապագայի Եվրասիան» թեմայով, որը շատ հետաքրքիր և բազմակողմանի է, բայց ընդհանուր առմամբ, Եվրասիայի ապագան, ամենայն հավանականությամբ, որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ, և մեր հաջողությունը կախված կլինի այս մարտահրավերներում ու հնարավորություններում կողմնորոշվելու մեր կարողությունից:

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, համագործակցության և երկխոսության նպատակաուղղվածությունը եվրասիական տարածաշրջանի բնորոշ հատկանիշներն են և ապագայում կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP