16:36 19.10.2023
Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի պատվիրակները: Քննարկումների առանցքում եղել է բնական աղետների կանխարգելման եւ անհապաղ օգնության ոլորտում ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդման թեման: Նիստը վարել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սերգեյ Բագրատյանը, ով նաեւ ՍԾՏՀ ԽՎ վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահն է:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ՝ կապելով արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով:
«Հայաստանում այս նախագիծը մենք անվանում էինք Խաղաղության խաչմերուկ: Հույս ունեմ, որ անդամ երկրները կցանկանան մաս կազմել այս Խաղաղության խաչմերուկին եւ ներդրում ունենալ դրա կայացման ու զարգացման գործում: Ճանապարհների ապաշրջափակումը կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շահագրգռված է խորհրդարանական վեհաժողովի շրջանակում փոխգործակցության ամրապնդմամբ: Նա ցավով է նշել այն հանգամանքը, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների:
Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման, Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության անմարդկային պաշարումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին: Դրա հետեւանքով հարյուրավոր սպանվածներ եւ վիրավորներ կան, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100.000 մարդ, բռնի տեղահանվել է եւ ապաստանել Հայաստանում:
«Ցավալի է, որ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վրա: 2021 թվականին, այնուհետեւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով՝ ներխուժելով եւ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնց մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն է՝ ուժի միջոցով Հայաստանին պարտադրել իր նախընտրած լուծումները»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով ավելի քան երեք տարի Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ նման ագրեսիվ գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հեռանկարը. Հայաստանի դեմ ուժի եւ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար:
Անդրադառնալով հանձնաժողովի նիստի թեմայի կարեւորությանը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարերային աղետների վտանգի կանխարգելման եւ արտակարգ օգնության ցուցաբերման թեման արդիական է: Այդ մասին են վկայում այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչպես նաեւ անտառային հրդեհները, ջրհեղեղները, որոնց բախվեցին սեւծովյան տարածաշրջանի որոշ երկրներ: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւս անմասն չմնաց Թուրքիա փրկարարական ջոկատ եւ մարդասիրական բեռ ուղարկելու հարցում:
Ողջույնի խոսքում ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւս անդրադարձել է անվտանգային լուրջ մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած է մեր երկիրը: Հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի անդառնալի հետեւանքների, էթնիկ զտումների քաղաքականության մասին: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է եւ ապաստանել Հայաստանում ու հավելել՝ մեր հայրենակիցներին ապաստան տրամադրելու հարցում ՀՀ-ն բախվել է արտակարգ իրավիճակի: Այս իրավիճակը եւս Բաբկեն Թունյանը բնութագրել է որպես հումանիտար աղետ: Նրա գնահատմամբ կազմակերպության անդամ որեւէ պետության ռազմատենչ հռետորաբանությունն ու ապակառուցողական մոտեցումը մյուսի նկատմամբ անվտանգության սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար՝ խաթարելով հարաբերությունները կարգավորելու յուրաքանչյուր փորձ: «Չնայած դժվարություններին եւ մարտահրավերներին՝ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ընդգծել է պատգամավորը:
Անդրադառնալով քննարկվող թեմային՝ Բաբկեն Թունյանը շեշտել է աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների օգնության ոլորտում խորհրդարանական համագործակցության ամրապնդման կարեւորությունը եւ արդյունավետ աջակցության ու ռիսկերի կառավարման իրավական դաշտի կատարելագործումը:
«Քանի որ մեր տարածաշրջանը հաճախ բախվում է տարատեսակ բնական եւ տեխնածին աղետների, հետեւանքների կանխարգելումն ու չեզոքացումը հաճախ հնարավոր չէ միայն ազգային մակարդակով: Վստահ եմ, որ այս ոլորտում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը կարող է շատ արդյունավետ լինել»,- փաստել է ՀՀ ԱԺ ներկայացուցիչը:
Նիստի մասնակիցներին ողջունել են ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Միլտիադիս Մակրիյանիսը եւ ՍԾՏՀ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար, ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ Իվան Բեչիչը:
Քանի որ նիստում քվորում չի ապահովվել, կազմակերպվել են քննարկումներ, սակայն որոշումները կկայացվեն առաջիկայում տեղի ունենալիք գլխավոր վեհաժողովի ժամանակ: Քննարկվել են օրակարգային հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել «ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդումը բնական աղետների կանխարգելման եւ անհապաղ օգնության ոլորտում» զեկույցի նախագծի շուրջ: Անդրադարձ է եղել բնական ու տեխնածին աղետների պատճառով մարդկանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց կանխարգելման անհրաժեշտությանը եւ դրանց դեմ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների համատեղ պայքարի կարեւորությանը: Նշվել է, որ ՍԾՏՀ-ն պետք է կարողանա օրենսդրական հիմքեր ապահովել այս ոլորտում պայքարի կայուն ու համալիր մեխանիզմներ կիրառելու համար: Ներկայացվել են այս բնագավառում ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները, անդրադարձ է եղել պատերազմական իրավիճակներում աղետների դեմ պայքարի մեթոդների կարեւորությանը:
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է արտակարգ իրավիճակներում ՍԾՏՀ պետությունների արձագանքումը, կարողությունների գնահատումն ու վերհանումը: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է այս բնագավառում մեր երկրում իրականացվող քայլերը ե՛ւ օրենսդրական մակարդակում, ե՛ւ Կառավարության գործունեության ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ Հայաստանը, պայմանավորված աշխարհագրական եւ բնակլիմայական պայմաններով, բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում, կան նաեւ տեխնոլոգիական գործարաններ, որոնց անվտանգությունը եւս կարեւոր է: ՀՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է ոլորտի օրենսդրական կարգավորումներին, Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրից բխող գործողություններին, կարեւորել տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը:
«Մեզ համար կարեւոր է ե՛ւ միջազգային, ե՛ւ տարածաշրջանային մակարդակում մասնակից լինել կանխարգելմանը եւ հետեւանքների վերացմանը: Այս առումով վերջին օրինակը Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժն էր, որին Հայաստանն իր ուժերի առավելագույն չափով մասնակցեց՝ որպես հետեւանքների վերացման աջակից երկիր: Բոլոր պետությունների նպատակը մեկն է՝ կանխարգելել ոչ միայն չափորոշիչների, այլ նաեւ՝ մարդկանց իրազեկվածության բարձրացման միջոցով»,- նշել է Գեւորգ Պապոյանը:
Քննարկվել են օրակարգային այլ հարցեր, ներկայացվել են տեղեկություններ ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին: Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Կիեւում՝ լիագումար նիստին ընդառաջ:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...