Ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը. վարչապետին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

Ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը. վարչապետին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

10:57 12.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք:

Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները:

Վարչապետին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։

Ազդակիր համայնքներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր՝ նախատեսվածի 38,8%-ի չափով։ Իրականացվել են 226 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Հիմնադրվել է 8 հա տնկարան, աճեցվել են փակ արմատային համակարգով 250․000 հատ տնկանյութ։

Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։ Նշվել են ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես, վարձակալական մեկնարկային նոր գները՝ մոտարկված շուկայականին, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերի ռեկրեացիոն գոտու հողամասերի վարձակալությունները, վարձակալության պայմանագրերի նոր չափորոշիչները՝ համապատասխանեցում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նոր «Սևան» ազգային պարկի 4 հանրային լողափերի ստեղծման, դրանց շահագործման նպատակով մրցույթների կազմակերպման, Նորաշենի արգելոցի և արգելավայրի մուտքի-ելքի կանոնակարգավորման, էկոզբոսաշրջություն՝ նոր երթուղիներ և եղած երթուղիների բարեկարգման ուղղությամբ իրականցված աշխատանքները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել ազգային պարկերի, հանրային լողափերի գործունեության ու արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Վերջինիս վերաբերյալ վարչապետն ընդգծել է. «Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ այնտեղ, որտեղ զարգացման դինամիկա չկա, որն արտահայտվում է ոչ պետական եկամուտներից, տնօրենները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Սա հստակ գիծ է: Եթե չկա եկամուտ՝ ուրեմն չի կառավարվում ընկերությունը: Դրանք հազարավոր հեկտարներով տարածքներ են և մենք, իհարկե, կառավարում ասելով նկատի ունենք, այսպես ասած, պրոբնապահպանական կառավարումը: Նկատի չունենք, որ պետք է հողեր օտարեն, ծառերը կտրեն, կենդանիների կոտորած անեն այնքան, որ եկամուտներն աճի: Դա տնտեսություն է:

Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք և սա կարևոր տրամաբանություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են աշխատանքներ ըստ հետևյալ ոլորտների՝ հիդրոօդերևութաբանական ծառայություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում, անտառային պետական մոնիթորինգի իրականացում։ Ձեռք է բերվել 20 ավտոմատ օդերևութաբանական կայան, որից 9-ը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Դրանցից 5-ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2 կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշիացման դիտարկման տպիչներ։

ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացվի օդի մոնիթորինգի ավտոմատ 2 կայանի ձեռքբերման նպատակով։ Կայանները կտեղադրվեն Երևան քաղաքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել իրական ժամանակում տվյալների հավաքագրում և վերլուծություն, բարձրացնել տվյալների ճշգրտությունը և հուսալիությունը։

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում շահագործվող օդերևութաբանական համակարգերն ամբողջությամբ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մասնակի, փոխարինվել են նորերով և տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շահագործման են հանձնվել ամպրոպ տեղորոշիչ տվիչներ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ներդրվել է նոր MESSIR-SADIS համակարգ։ «Շիրակ» միջազգային օդանավակայանի թռիչքադաշտում անցկացվել է շուրջ 3000 մետր օպտիկամանրաթելային կապուղի, եղանակի կանխատեսումների արդարացվելիության գործակիցը կազմել է 91.8%, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, սպասարկվել է 20509 ավիաթռիչք, որից «Զվարթնոց»-ում` 20216, «Շիրակ»-ում` 272 և «Սյունիք» օդանավակայանում` 21 ավիաթռիչք։ Ընկերության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում շահույթն ավելացել է շուրջ 105 %-ով։

Տրվել են բուսական և կենդանական օբյեկտների թույլատվություններ, պայմանագրեր, լիցենզիաներ, ընդհանուր թվով 4634 հատ, բնօգտագործման վճարը կազմել է 90,3 մլն դրամ, պետ․ տուրքը՝ 4,07 մլն դրամ։ Տրամադրվել է 1018 թափոնների և մթնոլորտ արտանետումների թույլատվական փաստաթուղթ։ 2024 թվականի հունվարի երրորդ տասնօրյակից բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացումը կթվայնացվի։

Նշվել է, որ հանրապետությունում հաստատված է 233 բնության հուշարձան, որից 32-ը՝ անձնագրավորված: Իրականացվում են տեղադիրքի ճշգրտման, ներկա վիճակի գնահատման և գույքագրման աշխատանքներ։

Խոսելով բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի վերջո, մեր որոշումների կայացման հիմքում պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացման շահը: Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ կարող ենք տնտեսական զարգացում և տնտեսական աճ գեներացնել, չմոռանալով միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն ու մեր էկոմիջավայրում շարունակական ներդրումներ ապահովելը, պետք է գնանք այդ լուծումներին: Որովհետև դա շղթայական խնդիր է, կապված է տնտեսական ակտիվության և աղքատության հաղթահարման հետ և այսպես շարունակ: Երբ մշակութային կամ պատմական հուշարձաններն ավիրվում են, ոչ ոք դրա մասին առանձնապես չի անհանգստանում: Երբ մեկը հայտնվում է այդ հուշարձանի կողքին՝ ամբողջ Հայաստանը «հարձակվում» է, թե այս ի՞նչ եք անում: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք՝ այդ հուշարձանները գիտության համար պահպանել հնարավոր չի լինելու, որովհետև վերանալու են: Հուշարձանը հուշարձան է՝ մարդու հետ հարաբերությունների մեջ, այսինքն, եթե չկա մարդ՝ հուշարձանը հուշարձան չէ: Հուշարձանը մարդով է հուշարձան: Այն բոլոր դեպքերում, երբ մենք հուշարձանն ընկալում ենք մի տեղ, որտեղ ոչ մի մարդ պետք է մոտ չգա և մարդը հաղորդակցության մեջ պետք է չլինի՝ մենք ոչնչացնում ենք այդ հուշարձանը»:

Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի, «Սևան» ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական մուտքերի հետ կապված հարցերին: Ներկայացվել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումները։ Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։

Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը: «Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված վարչապետը շեշտել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»:

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացվել է ոլորտի 60 միջոցառում։ Պետական բյուջեով իրականացվել է 6 ծրագիր և 42 միջոցառում։

Ընդունվել է ոլորտային 21 օրենք, 34 կառավարության որոշում, վարչապետի 3 որոշում, 39 գերատեսչական ակտ։ Շրջանառության մեջ են գտնվում ևս 17 օրենքի և 22 կառավարության որոշման նախագծեր։

Մասնավորապես, ընդունվել են՝«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Ընթացիկ տարում մշակվել են առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը՝ փորձարկվել է ջրաչափիչ սարքերի հարթակը՝ 2024թ. հունվարի 1-ից սահմանված օրենսդրական պահանջն ապահովելու համար: Ըստ ջրառի կետերի շուրջ 5000 տեղադրման ենթակա ջրաչափիչ սարքերից ներկայումս ընդհանուր առմամբ տեղադրվել և կնքվել է 520-ը, որից 210-ը՝ հաշվետու տարում: Ջրային օրենսգիրքը լրացվել է փակ շրջանառու համակարգ հասկացությամբ և լիազորվել է կառավարությանը մշակել կարգ, մշակվել է փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։ Նշվել է, որ բոլոր կարգավորումների վերաբերյալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրման պահանջի մասին ծանուցվել են բոլոր ջրօգտագործողները (շուրջ 748)։

2023-ի մայիսից՝ 1 տարի ժամկետով, մեկնարկել են ջրային պետական կադաստրի թարմացման և վերազինման աշխատանքները։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

18:52 15.05.2025

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...

Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնել

18:48 15.05.2025

Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնել

Ֆրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...

ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողով

18:42 15.05.2025

ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողով

Երևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը […] ...

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

18:36 15.05.2025

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...

Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում

18:30 15.05.2025

Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում

Լեգենդար ֆուտբոլիստ Կական կարող է ընդգրկվել Կառլո Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իտալացի մասնագետը ցանկանում է, որ Կական լինի իր օգնականներից մեկը։ Անչելոտին արդեն կապ է հաստատել նախկին ֆուտբոլիստի հետ։ Կական Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»։ 65-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը կստանձնի մայիսի վերջին: ...

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

18:24 15.05.2025

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP