Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի

21:00 06.09.2018

The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը

«Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս հոդվածում անանուն աղբյուրը բացահայտում է, որ Սպիտակ տանը Թրամփին հակազդող խումբ կա, որն աշխատում է թույլ չտալ Թրամփին իրագործել իր օրակարգի որոշ հատվածներն ու վատ մտադրությունները: Ինքն էլ այդ խմբի անդամ է: Խումբը դեմ է արտահայտվում այն որոշումներին, որոնք համարում է սխալ և վնասակար, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը:

Սպիտակ տան ղեկավարն անձամբ է արձագանքել այդ հրապարակմանը և պահանջել  բացահայտել աղբյուրը: Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Արդյո՞ք իրականում գոյություն ունի, այսպես ասած, «վարչակազմի բարձր դասի ներկայացուցիչը», թե՞ դա «Նյու Յորք Թայմզ»-ի ձախողումն է՝ հերթական կեղծ աղբյուրով: Եթե վախկոտ անանունը իսկապես գոյություն ունի, ապա ազգային անվտանգության նկատառումներով առաջնորդվելով՝ «Նյու Յորք Թայմզ»-ը պետք է հանձնի նրան»:

Դժվար թե «Նյու Յորք Թայմզ»-ը գնա այդ քայլին՝ նախ՝ պաշտպանելով իր աղբյուրի գաղտնիության իրավունքը, ապա նաև նման դեպքում դա կարող է պարզապես խոչընդոտել երկրի համար կարևոր բացահայտումների իրականացմանը: Մինչդեռ դա կարող էր հենց նույն՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը ծառայել:

Սա վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ նախագահին ամերիկյան ԶԼՄ-ի կողմից մատուցվող արդեն երկրորդ տհաճ անակնկալն է: Ընդամենը մեկ օր առաջ Թրամփի մասին սկանդալային բացահայտումներ էր արել «Վաշինգտոն Փոստ» թերթը՝ հրապարակելով հատվածներ թերթի հետաքննող լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գրքից: Դրանում սկանդալային բացահայտումներ են արվում, այդ թվում այն, որ ըստ Վուդվորդի աղբյուրի՝ Թրամփն Ասադին սպանելու հրաման է տվել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին:

Վուդվորդի հրապարակումները հիմնված են ականատեսների և դեպքերին անմիջական մասնակցություն ունեցող անձանց հետ հարյուրավոր ժամերի հարցազրույցների վրա՝ օգտագործելով նաև անձնական օրագրեր և պետական փաստաթղթեր:

Սպիտակ տանը դա հորինվածք են անվանել: Որքանո՞վ է դա իրական: Փաստորեն, Սպիտակ տունը առաջատար երկու լրատվամիջոցների հրապարակումների հավաստիությունն էլ հարցականի տակ դրեց:

Գաղտնիք չէ, որ երկու լրատվամիջոցներն էլ, մեղմ ասած, լավ վերաբերմունք չունեն նախագահ Թրամփի նկատմամբ, բայց ստահոդ տեղեկությունների վրա սկանդալ ստեղծելը քիչ հավանական է:

Բացի այդ, երկու լրատվամիջոցների պատմության մեջ առաջինը չեն խոշոր հետաքննությունները, որոնք ԱՄՆ-ի պատմության մեջ հետաքրքիր զարգացումների տեղիք տվեցին՝ բացահայտումներ անելով ԱՄՆ տարբեր նախագահների մասին: Դրանց բոլորի դեպքում ԶԼՄ-ները գործեցին հանուն արդարության ու երկրի շահի՝ ամեն կերպ պահպանելով իրենց աղբյուրների գաղտնի մնալու իրավունքը:

 

«Խոր կոկորդն» ու  Ուոթերգեյթյան սկանդալը

Սպիտակ տան մասին բացահայտումներ արած Բոբ Վուդվորդն այժմ 75 տարեկան է: Նա այն երկու լրագրողներից է, ում շնորհիվ 70-ականների սկզբին բացահայտվեց Ուոթերգեյթյան սկանդալը:

Բոբ Վուդվորդն ու Կարլ Բերնսթայնը

1974թ. ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը կարող էր հրաժարական չտալ, եթե չլինեին «Վաշինգտոն Փոստ» թերթի լրագրողներ Բոբ Վուդվորդի և Կարլ Բերնսթայնի գաղտնի աղբյուրի տրամադրած գաղտնի տեղեկությունները:

Լրագրողները նրան «Խոր կոկորդ» անվանեցին: Հենց նրա շնորհիվ հաջողվեց բացահայտել նախագահ Նիքսոնի ապօրինի գործողություններն ու սկիզբ դրվեց Ուոթերգեյթյան սկանդալին:

ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պատրաստվում էր իր վերընտրության քարոզարշավին: Նրա նախընտրական շտաբը դարձել էր երկրի ամենահզոր կառույցներից մեկը և ուներ հատուկ ստորաբաժանում, որը տեղավորվել էր մայրաքաղաք Վաշինգտոնի Ուոթերգեյթ կոչվող վարչական շենքերից մեկում (այն հիմա հյուրանոց է): Այստեղ անօրինական գործակալները պահում էին պետական փաստաթղթեր, գաղտնալսում էին բարձրաստիճան պաշտոնյաներին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, իրականացնում էին ֆինանսական գործարքներ: Գաղտնալսումներն ԱՄՆ նախագահի գրասենյակից տեղափոխվում էին Ուոթերգեյթ և այնտեղ մշակվում:

«Վաշինգտոն Փոստ» թերթի բացահայտումները աղբյուր էին նաև մյուս լրատվամիջոցների համար: Ուոթերգեյթի գործն սկսեցին հետաքննել նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Նյու Յորք Թայմզ»-ը: Կասկածներն ավելանում էին: 1972 թվականի հունիսի 17-ին, երբ Սպիտակ տանը գաղտնի տեղադրված ձայնագրող սարքը և ժապավենները փոխում էին, մի պահակ նկատեց կեղծարարներին և աղմուկ բարձրացրեց: Ոստիկանությունը, կարծելով, թե գողություն է կատարվում, ձերբակալեց այդ մարդկանց: Լուրը մեծ աղմուկ առաջացրեց լրատվամիջոցներում: Կասկածները, որոնք առաջացել էին լրագրողների հոդվածներից, սկսեցին փարատվել: Պարզվեց, որ ձայնագրող սարքը փոխողները անօրինական աշխատող գործակալներն էին: Այսպես բացահայտվեց Ուոթերգեյթի ամբողջ ցանցը:

Բայց «Վաշինգտոն Փոսթ» թերթի տեղեկատվական աղբյուրի՝ «Խոր կոկորդի» ինքնության մասին մոտ 30 տարի այդպես էլ ոչ ոք չիմացավ: Նրա անունը հայտնի դարձավ միայն 2005թ. մայիսի 31-ին, երբ 90 տարեկան հասակում որոշեց բացահայտել իրեն՝ Մարկ Ֆելթ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի բարձրաստիճան աշխատակիցը պարզապես հանուն արդարության ու նույն ազգային անվտանգության շահերի՝ դեմ էր գնացել համակարգին ու տեղեկություններ տրամադրել լրագրողներին:

 

 Պենտագոնի փաստաթղթերը

«Վաշինգտոն Փոստի»ու «Նյու Յորք Թայմզ»-ի հետաքննությունը, որի արդյունքում դադարեցվեց Վիետնամի պատերազմը

70-ականներին նախ՝ «Նյու Յորք Թայմզ»-ը, ապա՝ «Վաշինգտոն Փոստ»-ը հետաքննական նյութերի շարք սկսեցին: Դրանք լույս տեսան «Պենտագոնի փաստաթղթեր» ընդհանուր անվամբ:

«Պենտագոնի փաստաթղթեր» հավաքական անունն էր կրում «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ, 1945-1967թթ. Հետազոտություն» անունն ստացած փաստաթղթերի հավաքածուն: Այն պատրաստված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին օգտագործման համար, բայց 1971–ին, երբ դեռ Վիետնամը պատերազմի մեջ էր, դրանց մի մասը հրապարակվեց ամերիկյան մամուլում:

Այդ գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է միջոցներ ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացման համար: Ավելին, ըստ այդ փաստաթղթերի՝ նախագահ Ջոնսոնի և Քենեդիի վարչակազմերը պարզապես ստել են հասարակությանը Վիետնամի պատերազմի հարցում:

 

Դենիել էլսբերգ. Բեն Բաղդիկյանի հրապարակումների գաղտնի տեղեկատուն

Այդ ժամանակ «Վաշինգտոն Փոստ» թերթի խմբագրի տեղակալը մեր հայրենակից Բեն Բաղդիկյանն էր: Նրա միջոցով այդ փաստաթղթերը հայտնվեցին թերթի էջերում:

Նրա տեղեկատվության գաղտնի աղբյուրը Պենտագոնի փորձագետ Դենիել Էլսբերգն էր: Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիտենամում ԱՄՆ դեսպանատանը երկու տարի աշխատելու ընթացքում նա հենց առաջին ձեռքից էր տեղյակ, որ ԱՄՆ-ն Վիետնամի պատերազմում չի հաղթի: Երկար ժամանակ մտածելուց հետո, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ պատերազմից, միակ միջոցը համարել էր հասարակական կարծիքի միջոցով Սպիտակ տան վրա ազդելը: Ուստի, նա պարզապես գողացել էր «Պենտագոնի փաստաթղթեր» կոչվող տրցակը, պատճենել և լրատվամիջոցներին հանձնել:

«Նյու Յորք Թայմզ»-ն ու «Վաշինգտոն Փոստ»-ը կանգնեցին դատարանի առաջ, բայց ԱՄՆ գերագույն դատարանը որոշում կայացրեց նրանց օգտին՝ նշելով, որ նրանք իրավունք ունեին հրապարակելու այդ փաստաթղթերը:

Լրատվամիջոցների փաստարկված այդ հրապարակումներն ավելացրին ԱՄՆ իշխանությունների նկատմամբ անվստահությունը: Ծայր առավ հակապատերազմական մի մեծ շարժում, որն ավարտվեց 1973–ին Վիետնամի պատերազմի ավարտով:

 

https://www.youtube.com/watch?v=VJVxQETW-YU

Էլսբերգը դատարանի առաջ կանգնեց դավաճանության մեղադրանքով, սակայն ավելի ուշ «Վաշինգտոն Փոստ»-ին դարձյալ հեղինակություն բերած հետաքննական մեկ այլ հրապարակումից հետո, որը հայտնի դարձավ «Ուոթերգեյթի սկանդալ» անվանումով, դատախազությունը քննություն իրականացնելիս եկավ այն եզրահանգման, որ Նիքսոնի վարչակազմը դիտավորյալ փորձել է վարկաբեկել Էլսբերգին:

Պենտագոնի փաստաթղթերի սկանդալից 40 տարի անց այդ փաստաթղթերն ամբողջությամբ գաղտնազերծվեցին ու հրապարակվեցին:

 

Տեղեկատվության աղբյուրներն ու մասնագիտական պատասխանատվությունը

Այսպիսի բացահայտումները հետք թողեցին համաշխարհային ողջ լրագրության մեջ՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով մի շարք կարևոր հանգամանքների. 

  1. Ամեն կերպ պահպանել տեղեկատվության աղբյուրի անվտանգությունը և պաշտպանվածությունը: Լրագրողի գործունեության ընթացքում լինում են դեպքեր, երբ տեղեկություն տրամադրող անձը համաձայնում է խոսել միայն չբացահայտվելու պայմանով։
  2. Սա իր հետ բերում է նաև պատասխանատվություն հենց լրագրողի համար, որ պարզի աղբյուրի գաղտնի մնալու շարժառիթը և միայն դրանից հետո խոստանա չբացահայտել։
  3. Պատասխանատու լինել սեփական խոսքի հանդեպ և անանուն աղբյուրին դիմել՝ միայն բացառիկ դեպքերում, հակառակ դեպքում դա կարող է նվազեցնել լրատվամիջոցի նկատմամբ վստահելիությունը: Քիչ չեն դեպքերը, երբ տեղեկատվության աղբյուրի պաշտպանությանը հղում անելով՝ ստահոդ տեղեկություններ ու բամբասանքներ են տարածվում:
  4. Առաջնային համարել «հանրային հետաքրքրությունը», բայց հանրային հետաքրքրությունը չշփոթել հանրային հետաքրքրասիրության հետ: Հանրային հետաքրքրություն` նշանակում է, թե որքանով է այն ոչ թե, ուղղակի, հետաքրքիր, այլ կարևոր հանրության համար, որքանով է արտահայտում հանրային շահը:
  5. Գործել հանուն պետության շահի՝ բարձր պահելով մարդկային արժանապատվությունն ու մասնագիտական բարձր պատասխանատվությունը:

 

Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

18:48 25.07.2025

Էնդրիկը չի ուզում հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։ «Ռեալը» մտադիր է բրազիլացուն վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Մադրիդյան թիմի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը Լա լիգայի որևէ այլ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։ Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել […] ...

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

18:41 25.07.2025

Արդարադատության նախարարը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 ծրագրի մասնակիցների հետ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Իրավունքի ամառային դպրոց» 2025 կրթական ծրագրի ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ։ Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ պետությունը որդեգրել է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ գաղափարը: Հանդիպման ընթացքում նախարար Գալյանը պատասխանել է նաև ուսանողների […] ...

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

18:33 25.07.2025

Ստամբուլում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի բանակցությունների երկրորդ փուլը

Ստամբուլում ավարտվել է Իրանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԳ փոխնախարարների մակարդակով բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է մոտ 3.5 ժամ: Հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում: Իրանը ներկայացրել են ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտի-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։ «Միասին մենք լուրջ, անկեղծ և մանրամասն քննարկում ունեցանք: Քննարկվել և վերլուծվել են պատժամիջոցների վերացմանն […] ...

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

18:24 25.07.2025

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

18:18 25.07.2025

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

18:12 25.07.2025

62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...

BACK_TO_TOP