ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն. այն կնպաստի Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետների պատրաստմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+21.09 oC

ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն. այն կնպաստի Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետների պատրաստմանը

15:26 26.03.2024

Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, պաշտոնատար այլ անձինք, բուհի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի բացման փաստը: Նրա խոսքով՝ դեռևս անցած տարվա մարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, և ստորագրվել համագործակցության հուշագրեր՝ էլ ավելի ամրապնդելու հայ-վրացական բարեկամական հարաբերությունները:

«Ի ապացույց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այսօր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի է ունենում վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը, վստահաբար, կնպաստի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։ Կենտրոնի ստեղծումը մեզ համար կարևոր է նաև Հայաստանում բարեկամ Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների խորացմանն ու ընդլայնմանը և, վերջին հաշվով, մեր տարածաշրջանում այդքան սպասված խաղաղության հաստատմանը։ Ընդ որում՝ սա ՀՀ կառավարության շարունակական քաղաքականությունն է՝ խորացնել տարածաշրջանի իմացությունը, այդ թվում՝ լեզուների ուսուցանման միջոցով, որի շրջանակում ՀՀ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցման ծրագիրը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վրաց գործընկերոջ հետ քննարկվել է ծրագրի ընդլայնման հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել հայագիտության զարգացման դրական փորձի ներկայացմամբ աջակցել վրաց գործընկերներին՝ աշխարհում վրացագիտության զարգացման գործում։

«Կարծում եմ, որ մեր երկու հինավուրց պետությունների ու ժողովուրդների ուսումնասիրությունները մեծապես հետաքրքրիր են համապատասխան գիտական հանրությունների կողմից, և այս առումով մենք կարող ենք դիտարկել նաև համագործակցային ջանքերի գործադրումը։ Նոր աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում շատ կարևոր են տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների, հեռանկարների ու միտումների վերաբերյալ գիտական վերլուծություններն ու գալիք մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը: Այս համատեքստում ԵՊՀ նորաբաց կենտրոնը մեծապես կնպաստի նշված խնդիրների կարգավորմանը»,-շեշտել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Երևանի պետական համալսարանին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Ողջունելով ներկաներին՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին նշել է, որ իր համար կարևոր է ներկա լինել այս պատմական իրադարձությանը. «Վրացագիտության զարգացման առումով նոր կենտրոնի բացումը ԵՊՀ-ում դեպի առաջ մեծ քայլ է: Վրաստանը և Հայաստանը բարիդրացիական, բարեկամական և ընկերական բազմադարյա պատմություն ունեն, ինչը համագործակցության զարգացման և խորացման հաստատուն հիմք է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը: Մեզ համար կարևոր է վրացական և հայկական համալսարանների միջև սերտ համագործակցությունը: Ինչպես ՀՀ-ի համար է կարևոր հայագիտության զարգացումը, այնպես էլ Վրաստանի համար՝ վրացագիտության, և կենտրոնի բացմամբ առկա բազմադարյա հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացնելու: Մեր ընդհանուր պատմական անցյալը հաշվի առնելով՝ կարևոր է վրացագիտական և հայագիտական շրջանակների համատեղ աշխատանքը, և վստահ եմ, որ դուք էլ պատրաստակամ եք այդ հարցում»,-նշել է Գիորգի Ամիլախվարին՝ ընդգծելով, որ Թբիլիսիի պետական համալսարանում հաջողությամբ աշխատում է հայագիտության կենտրոնը, որտեղ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ բուհի համար կարևոր և խորհրդանշական իրադարձություն է վրացագիտության կենտրոնի բացումը. «Վրաստանի ԿԳԵ նախարարի հետ արդեն քննարկել ենք բարձրագույն կրթության ոլորտում կրթական և գիտական տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում երկար տարիներ գործում է հայագիտության կենտրոնը, որը բավականին մեծ թվով հայագետներ է պատրաստել այս ընթացքում: Հույս ունենք, որ երկու մայր բուհերի համագործակցությամբ համատեղ նոր գաղափարներ և ծրագրեր կծնվեն, և ևս մեկ աստիճանով կբարձրանա համագործակցության մակարդակը»,-նշել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, երկու երկրների դեսպաններին, պրոֆեսորադասախոսական կազմին և պատմության ֆակուլտետին՝ այս ամենն իրականություն դարձնելու համար:

Կենտրոնի բացման արարողությունից հետո երկու երկրների նախարարները հանդես են եկել ճեպազրույցով: Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հատկապես կրթության ոլորտում երկու երկրների միջև առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ. «Ուրախ եմ, որ նախորդ տարվա մեր պայմանավորվածություններից մեկն էլ այս տարի իրականություն դարձավ. սեպտեմբերից կմեկնարկի համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր, որը երկու երկրների ուսանողներին հնարավորություն է տալու ուսանելու Հայաստանի և Վրաստանի բուհերում: Այդ նպատակով հատկացվել է 10 կրթաթոշակային տեղ: Մենք բազմաթիվ գործակցություններ ունենք թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության, թե՛ մյուս ոլորտներում: Եվ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ կրթական բարեփոխումների ինտենսիվ փուլում են, նաև շատ կարևոր հնարավորություն ունենք միմյանց փորձը կիսելու, քննարկելու ու հասկանալու, թե ինչպես կարող ենք մեկս մյուսից սովորել, միմյանց աջակցել: Մեծ հնարավորություններ կան նաև գիտնականների համար՝ համատեղ հետազոտություններ կատարելու, ինչպես նաև միջազգային հարթակներում համատեղ հայտեր ներկայացնելու առումով»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ունեցել է շատ հագեցած հանդիպում հայ գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության բոլոր ուղղությունները, ապագա պլաններն ու ընթացիկ ծրագրերը: «Անշուշտ, Վրաստանը շահագրգռված է ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում. ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, երկկողմ և համատեղ ծրագրերի իրականացումը լինելու են մեր ապագա պլանները: Վրաստանի կառավարությունը լիովին պատրաստ է աջակցելու վրացագիտության կենտրոնին նյութերով և մասնագիտական ներուժով: Նույնը վերաբերում է Թբիլիսիի համալսարանում հայագիտական կենտրոնին»,-նշել է Վրաստանի ԿԳԵ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հագեցած օրակարգի համար:

Հավելենք, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին ԵՊՀ վրացագիտության ամբիոնին նվիրել է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» գիրքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

10:13 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

10:00 20.06.2025

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

Ուրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական ​​կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

BACK_TO_TOP