ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը

23:57 12.06.2024

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությունը։

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է համընդհանուր արժեքներին համահունչ Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների իրականացման շարունակական հանձնառությունը։

Կողմերը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին՝ համագործակցության բոլոր ոլորտներում սահմանելով հավակնոտ նպատակներ, որոնց ֆինանսական հենքը կապահովվի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցներով՝ 2024-2027 թթ. համար նախատեսվող 270 մլն եվրո գումարի չափով։ Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին՝ ներդրումներ ապահովելով գործարար ոլորտի զարգացմանը աշխատատեղերի քանակի ավելացման և տնտեսական աճի համար: Կողմերը ողջունել են Տնտեսական և ներդրումային պլանի իրականացման դրական ընթացքը, որի շրջանակում արդեն հավաքագրվել են 600 մլն եվրո ծավալի ներդրումային միջոցներ։

Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները: ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը, ներառյալ «Եվրոջասթ» գործակալության հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով:

ԵՄ-ն ողջունել է դատական ​​համակարգի անկախության բարելավման և հակակոռուպցիոն և անձեռնմխելիության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ առաջընթացը՝ միաժամանակ ընդգծելով բարեփոխումների շարունակականության, դատական ​​համակարգի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը:

ԵՄ-ն ընդգծել է ցանկացած հիմքով խտրականության վերացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը բոլոր ոլորտներում: ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին շարունակել ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունից հետո բռնի տեղահանված հայ բնակչության ներառմանը, ինչպես նաև բնակարանային ապահովման և զբաղվածության հարցերում ԵՄ աջակցությանը։

Գործընկերության կոմիտեն նաև վերանայել է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և աղետների ռիսկերի կառավարման առաջընթացը։ Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են փոխկապակցվածության խթանման, էներգետիկ անվտանգության հզորացման և Հայաստանում էներգետիկ փոխակերպմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի և «Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությանը նպաստելու միջոցով: Հայկական կողմը ընդգծել է տարածաշրջանային փոխկապակցվածության այլ ծրագրերի խթանման անհրաժեշտությունը։ Ողջունելով Հայաստանի ջանքերը շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ԵՄ-ն միաժամանակ խրախուսել է Հայաստանին ջանքեր գործադրել՝ մեծացնելու վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները, հասնելու կլիմայի չեզոքությանը և բարելավելու ջրային ռեսուրսների կառավարումը։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու համագործակցությունը միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ:

ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին առաջնահերթություն տալ տարբեր ոլորտներում ռազմավարական ծրագրերին՝ համաձայն նոր Գործընկերության օրակարգի առաջնահերթությունների և «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ շարունակվող քննարկումների:

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և օդային անվտանգության, հաղորդուղիների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծել են «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» վարչական կիրարկման կարևորությունը: Կողմերը քննարկել են Հայաստանի հյուսիսում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղներին արտակարգ արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերանայելու համագործակցությունը մաքսային և տնտեսական զարգացման ոլորտում։ Կողմերը պարտավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ կանխելու ԵՄ համապատասխան պատժամիջոցների շրջանցումը։ Քննարկումն ամփոփել է նաև զբաղվածության և սոցիալական քաղաքականության զարգացումները: Կողմերը ողջունել են սպորտի, մշակույթի, կրթության և գիտահետազոտական ​​ոլորտներում փոխանակումների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Գործընկերներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ բարձր գնահատելով նրա դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: ԵՄ-ն ողջունել է սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության հարցերում իրենց երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև Խաղաղության Եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանի ընթացիկ հայցը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը՝ երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

09:10 24.05.2025

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 24.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

BACK_TO_TOP