12:20 31.07.2024
ԿԳՄՍ նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հուլիսի 19-22-ն անցկացրել է Հայագիտական միջազգային կոնգրես, որը միավորել էր աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Կոնգրեսին իր մասնակցությունն է բերել նաև Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Պրոֆեսորի հետ զրույցը Վենետիկի համալսարանում ծավալվող հայագիտական գործունեության մասին է:
Երևանի պետական համալսարանից՝ Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարան
Սոնա Հարությունյանը գերազանց ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2006 թ. ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, այնուհետև 2011 թվականին Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանում պաշտպանել դոկտորական ատենախոսության թեզ՝ նվիրված Դանտե Ալիգիերիի հայերեն թարգմանությունների լեզվաբանական առանձնահատկություններին: Եղել է այցելու դասախոս Լոս Անջելեսի (UCLA), Ֆրեզնոյի (CSUF), Նյու Յորքի (CUNY) համալսարաններում, ինչպես նաև զեկույցներով հանդես եկել աշխարհի մի շարք համալսարաններում և գիտական հաստատություններում, այդ թվում’ Հայաստան, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Հոլանդիա, Լեհաստան, Ավստրիա, Մալթա, Թայվան, ԱՄՆ, Կանադա:
Սոնա Հարությունյանը հեղինակ է Հայոց ցեղասպանությանը, հայ դանթեագիտությանը, լեզվաբանությանը, թարգմանաբանությանը նվիրված ավելի քան չորս տասնյակ գիտական հրապարակումների: 2015 թվականին հրատարակվել է Սոնա Հարությունյանի «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» մենագրությունը (ԵՊՀ հրատարակություն): 2018 թվականին նա հեղինակել է «Հայոց ցեղասպանության արձագանքներն Իտալիայում» գիրքը, որում հեղինակն անդրադարձել է 1915 թվականին իտալական մամուլում տեղ գտած հայկական կոտորածների արձագանքներին: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա. Հերմետի և Պ. Ռատտիի «Հայերի Վենետիկը» գիրքը (Ս. Պարթև, 2000 թ.), ինչպես նաև Ա. Արսլանի «Արտույտների ագարակը» (Ս. Պարթև, 2007 թ.), «Զմյուռնիայի ճանապարհը» (Զանգակ, 2012 թ.) և «Մշո գիրքը» (Զանգակ, 2016 թ.) վեպերը:
Հայագիտության ուղին Վենետիկի համալսարանում
Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Վենետիկի համալսարանում հայագիտության ուղին սկսվում է 1976 թվականից’ շնորհիվ պրոֆեսոր Լևոն Զեքիյանի բեղուն գործունեության:
««Եթե ոչ Վենետիկում, էլ որտե՞ղ պետք է հայերեն սովորեցնել». այս խոսքերը պատկանում են օտար լեզուների և գրականության ֆակուլտետի դեկան լուսահոգի Ջանռոբերտո Սկարչիային, որը վճռորոշ դեր է ունեցել Ca’Foscari-ում հայերենի դասավանդման հիմնադրման գործում գրեթե հինգ տասնամյակ առաջ։ Այսօր Վենետիկի համալսարանի Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում դասավանդվում է հայոց լեզու, հայ լեզվաբանություն, հայ գրականություն և գրաբար: Իտալիայում ՀՀ դեսպանության և Վենետիկի համալսարանի միջև ստորագրված պայմանագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ հնարավոր եղավ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների հետ մեկտեղ շարունակել նաև Հայերենի գործնական քերականության դասընթացը, որը պարտադիր առարկա է’ հայերենը որպես հիմնական կամ երկրորդ լեզու ընտրելու պարագայում: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Վենետիկի համալսարանի անունից ԿԳՄՍ նախարարությանն աջակցության համար»,- ասում է Սոնա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Վենետիկի համալսարանում հայերենը «Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի լեզուների, մշակույթներ և հասարակություններ» բակալավրիատի եռամյա կրթական ծրագրով դասավանդվող հիմնական լեզուներից է: «Հայերենը հնարավոր է սովորել որպես առաջին, երկրորդ կամ երրորդ լեզու: Որպես հիմնական կամ երկրորդ լեզու ընտրելու պարագայում ուսանողներն անցնում են հայոց լեզվի եռամյա ուսուցում, իսկ երրորդ լեզվի դեպքում ուսուցումը միամյա կամ երկամյա է: Հայ գրականությունը երկամյա դասընթաց է, իսկ լեզվաբանությունն ու դասական հայերենը նախատեսված են մեկ կիսամյակ’ բակալավրիատի նորաստեղծ «Eurasia» ուսումնական ծրագրի շրջանակում»,- պատմում է Սոնա Հարությունյանը:
Գիտական հետազոտություններ և հրատարակություններ հայագիտական թեմաներով
Դասավանդմանը զուգահեռ Կա’Ֆոսկարի համալսարանում իրականացվում է նաև կարևոր հայագիտական գործունեություն։ Համալսարանի «Edizioni Ca’Foscari» հրատարակչության տարբեր գիտական հանդեսներ անդրադառնում են հայագիտական թեմաների: Օրինակ՝ «Eurasiatica» գիտական հանդեսի շարքում պարբերաբար հրատարակվում է «Armenia, Caucaso e Asia Centrale» հատորյակը’ նաև Հայաստանից գիտնականների մասնակցությամբ: Հանդեսն ունեցել է նաև հատուկ համարներ, այդ թվում’ «From the Paleolithic to the Armenian genocide» (2015), «Studies in Armenian and Eastern Christian Art 2022»: Համալսարանի «Translating Wor(l)ds» հանդեսը ևս սփյուռքի գրականությանը նվիրված իր հատուկ թողարկման մեջ’ «Orienti migranti: tra letteratura e traduzione», ներառել է հոդվածներ հայ հեղինակների մասին: Համալսարանն ունի նաև «Annali di Ca’ Foscari. Serie orientale» հանդեսը, որն ընդգրկված է «Սկոպուս» համակարգում. վերջին շրջանում բազմապատկվել են Հայաստանից ներկայացված դիմումները:
2022 թվականին Իտալիայում հայագիտությանը նոր շունչ հաղորդեց հայագետների ամենամյա գիտաժողովի մեկնարկը և Վենետիկի, Բոլոնիայի, Պիզայի և Ֆիրենցեի համալսարանների հայագետների համաղեկավարությամբ «Armeniaca» միջազգային հայագիտական հանդեսի անդրանիկ համարի ծնունդը («Edizioni Ca’Foscari» հրատ.): Այժմ պատրաստվում է երրորդ համարը: Նշված բոլոր հրատարակություններն առկա են նաև առցանց:
Միջոցառումներ՝ միտված հայագիտության տարածմանն ու հանրահռչակմանը
Դասավանդման, գիտական հետազոտության և հրատարակությունների հետ մեկտեղ շատ կարևոր են թե՛ միջոցառումների կազմակերպումը համալսարանի շրջանակում, և թե՛ Վենետիկի քաղաքապետարանի և Վենետիկում գործող մշակութային ընկերակցությունների միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպվեց միջազգային գիտաժողով «Մեծ Եղեռն. անցյալի և ներկայի մարտահրավերները թեմայով», որին 2018թ. հետևեց «Ճանապարհորդություն դեպի Հայաստան. հին ժամանակներից մինչև մեր օրերը» միջազգային գիտաժողովը’ Կա’Ֆոսկարիի, Սորբոնի, ինչպես նաև Հայկական ուսումների միջազգային ընկերակցության (AIEA) և Իտալիայում Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման ընկերակցության (ASIAC) համագործակցությամբ: Մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած գիտնականներ: Գիտաժողովի իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն հոդվածների հրատարակությունը հասանելի է նաև առցանց’ «Il viaggio in Armenia – Dall’antichità ai nostri giorni» («Edizioni Ca’Foscari» հրատ.):
«2019 թվականից իմ գործընկեր, պրոֆեսոր Դարիո Միկկոլիի հետ իրականացնում ենք «Orienti migranti: tra letteratura e traduzione» սփյուռքի գրականությանը նվիրված սեմինարների շարքը, որը հաճախ ներառում է հանդիպումներ՝ նվիրված հայ գրականությանը, ինչպես նաև գրքի շնորհանդեսներ»,- ասում է Սոնա Հարությունյանը և հավելում, որ հայ կինոգործիչների ֆիլմերն ընդգրկվում են նաև համալսարանի կազմակերպած կինոփառատոներում:
Համալսարանի պրոֆեսորի ներկայացմամբ՝ 2022 թվականից Վենետիկի քաղաքապետարանի և մշակութային տարբեր ընկերակցությունների համագործակցությամբ իրականացվում է միջոցառումների երկամսյակ’ նվիրված Հայոց ցեղասպանությանը. «Ամեն տարի սեպտեմբերի 27-ին «Լեզուների եվրոպական օրվա» շրջանակում Վենետիկի համալսարանում տեղի է ունենում սփյուռքի գրականությանը նվիրված փառատոն, որին ակտիվորեն մասնակցում են նաև հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողներ’ ներկայացնելով հայ հեղինակների: Այս տարի «Լեզուների եվրոպական օրվա» շրջանակում բացվելու է վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոյի մահվան 700-ամյակին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվելու են Մարկո Պոլոյի «Աշխարհի նկարագրությունը. հրաշքների գիրքը» հատորյակի տարբեր լեզուներով հրատարակությունները: Կներկայացվի, բնականաբար, նաև գրքի հայերեն հրատարակությունը: 2022 թվականից սկսվեց համագործակցություն Վենետիկի «Incroci di Civiltà» («Քաղաքակրթությունների խաչմերուկ») գրականության միջազգային փառատոնի հետ: Փառատոնին նախկինում մասնակցել են հայ գրողներ սփյուռքից (Անտոնիա Արսլան, Վարուժան Ոսկանյան, Ահարոն Փուչիկյան, Ավետիս Հաճյան), բայց ոչ Հայաստանից: Հայաստանը փառատոնին հայ ժամանակակից գրողի միջոցով տեսնելու մեծ ցանկությունից մղված՝ 2022 թվականի ընթացքում նախաձեռնեցի և ղեկավարեցի Դիանա Համբարձումյանի պատմվածքների ժողովածուի իտալերեն թարգմանությունը’ Վենետիկի համալսարանում հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողների մասնակցությամբ: Երբ արդեն թարգմանությունը պատրաստ էր, հայտ ներկայացրեցի «Քաղաքակրթությունների խաչմերուկ» փառատոնին, որն ընդունեց առաջարկությունը, և «Cafoscarina» հրատարակչատունն իրականացրեց պատմվածքների հայերեն և իտալերեն երկլեզու հրատարակությունը: 2023 թվականի ապրիլին Վենետիկ ժամանեց հայ հեղինակը, և փառատոնի շրջանակում մեծ շուքով տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը»:
Հայերը և Վենետիկը
Սոնա Հարությունյանն ամփոփ անդրադարձել է Իտալիայի կրթության նախարարության կողմից վերջին տարիներին հատուկ ուշադրության արժանացած Terza Missione «Երրորդ առաքելություն» նախագծին: «Երրորդ առաքելություն» եզրը վերաբերում է գիտական, տեխնոլոգիական և մշակութային գիտելիքների փոխանցման գործընթացներին, որոնց միջոցով համալսարանն անմիջականորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության և ձեռնարկատիրական կառույցների հետ՝ տարածաշրջանի տնտեսական և սոցիալական բարգավաճմանը նպաստելու նպատակով:
Երրորդ առաքելությունը, ըստ Իտալիայի կրթության նախարարության սահմանման, պետք է դառնա համալսարանների առաքելություններից մեկը՝ ուսուցման և հետազոտության ավանդական առաքելություններին զուգահեռ: Երրորդ առաքելությունը ոչ այլ ինչ է, քան համալսարանի հանրային ներգրավվածություն’ գիտելիքների, հետազոտության արդյունքների արժևորման և դրանք լայն հանրությանը մատչելի կերպով ներկայացնելու միջոցով: Երրորդ առաքելությունը ներառում է մեծահասակների կրթություն, շարունակական կրթություն, հետազոտություն-արդյունաբերություն համագործակցություն և մշակութային միջոցառումներ:
«Եվ հենց այս երրորդ առաքելության կամ հանրային ներգրավվածության ծրագրի շրջանակում Վենետիկի համալսարանում 2023 թվականին իրականացվել է «Հայերը և Վենետիկը» նախագիծը, որը տարբեր միջոցառումների միջոցով նպատակ ուներ հանրությանը ներկայացնել հայ մշակույթն ու ինքնությունը՝ ամենատարբեր արտահայտություններով: «Վենետիկը և հայերը» նախագծի առաջին միջոցառումը տեղի ունեցավ Վենետիկի Սանտա Մարտա թատրոնում. ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը: Կոստան Զարյանին նվիրված ևս մեկ միջոցառում պատրաստել էինք սփյուռքի գրականությանը նվիրված փառատոնի շրջանակում, երբ թարգմանվեց և ընթերցվեց Կոստան Զարյանի «Քաղաքներ» վիպակից մի հատված’ Վենետիկի համալսարանում հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողների կողմից: Ամիսներ անց, երբ Տիենե քաղաքի պետական թատրոնում մասնակցեցի Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության բեմականացման պրեմիերային, մեծ ցանկություն առաջացավ այն իրականացված տեսնելու նաև Վենետիկի բեմերից մեկում: Եվ շատ ուրախ եմ, որ բանակցությունների արդյունքում դա հնարավոր եղավ: Վենետիկի Սանտա Մարտայի «Կա’Ֆոսկարի» թատրոնում ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը՝ Թերեզա Տենտորիի ղեկավարած թատերախմբի և հայ դերասանուհիներ Լիանա Ավետիսյանի և Փիրուզա Նազարյանի մասնակցությամբ: Հետաքրքիր էր, որ Կոստան Զարյանի դերում գրողի թոռն էր՝ ճարտարապետ Արա Զարյանը: Հատկապես հուզիչ էր ներկայացման ավարտը, երբ Թերեզա Տենտորիի որդին՝ կոմպոզիտոր Կլաուդիո Ֆանտոնը, որը նաև բեմադրության երաժշտության հեղինակն էր, դուրս եկավ բեմ, և Փիրուզա Նազարյանը Կլաուդիոյի դուդուկի մեղեդու ներքո երգեց Կոմիտաս’ «Քելեր, Ցոլեր»: Եվ այսպես ավարտվեց ներկայացումը…
Կարևոր է նշել, որ արդեն տարիներ է՝ ինչ Թերեզա Տենտորին՝ իր հայ տատիկի հիշատակին հավատարիմ, մեծ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ օժանդակելով Գյումրիի հաշմանդամություն ունեցող երեխաներին: Երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ համալսարանի ակադեմիական սենատի «Berengo» սրահում, որտեղ իրականացվեց գործարար համաժողով՝ իտալացի և հայ գործարարների մասնակցությամբ: «Վենետիկը և հայերը» նախագծի երրորդ միջոցառման շրջանակում Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանում գյումրեցի նկարիչ Տարոն Մանուկյանն իրականացրեց «Ներդաշնակ բնություն» որմնանկարը»,- պատմում է պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:
Համալսարան-դպրոց համագործակցություն
Հանրային ներգրավվածության ծրագրերի շրջանակում համալսարանն իր դռներն է բացում նաև դպրոցների աշակերտների համար: Օրինակ՝ այս ուսումնական տարվա ընթացքում երկու դասընթաց է իրականացվել Վենետիկի տարրական և ավագ դպրոցների աշակերտների համար: Մեկ ամիս տևողությամբ դասընթացին մասնակցած դասախոսներից յուրաքանչյուրը երեք ժամ տևողությամբ դաս է անցկացրել իր դասավանդած լեզվի, մշակույթի և երկրի վերաբերյալ՝ կամավորության սկզբունքով:
Դաս–էքսկուրսիա. Վենետիկի հայկական հետքերը
«Առիթը բաց չենք թողնում ուսանողների հետ ուսումնասիրելու Վենետիկի հայկական հետքերը: Դաս – էքսկուրսիա անցկացրեցինք Սուրբ Ղազարում, որին մասնակցեցին ոչ միայն հայագիտություն ուսումնասիրող մեր ուսանողները, այլ նաև «Translation and migration» դասընթացի մագիստրատուրայի ուսանողները: Սուրբ Ղազարում ուսանողները մասնակցեցին նաև Ներսես Շնորհալի Հայրապետի մահվան 850-րդ տարելիցի միջոցառմանը. նրանք ընթերցեցին «Հավատով Խոստովանիմ»-ի թարգմանությունները տարբեր լեզուներով, այդ թվում՝ չինարեն, պարսկերեն, կորեերեն, խորվաթերեն, հին սլավոներեն, շվեդերեն, հոլանդերեն, հին հունարեն, լատիներեն և այլն: Ուսանողներից մեկն այնքան էր տպավորվել, որ իր կորեերենի դասին որպես հանձնարարություն ներկայացրել էր Սուրբ Ղազարը կորեերենով: Վենետիկի արվեստի Բիեննալեի շրջանակում Կա’Ֆոսկարիի ուսանողները մասնակցեցին նաև Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված կրթական ծրագրին, որի միջոցով տաղավարի համադրող Արմեն Եսայանցը և կրթական ծրագրերի ղեկավար Ելիզավետա Շիրինյանը մասնակիցներին ներկայացրեցին ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագիծը: Հանդիպման ավարտին ուսանողներն իրենց հույզերն արտահայտեցին նկարչության միջոցով՝ թղթին հանձնելով այն բոլոր ապրումները, ինչ զգացել էին այցելության ժամանակ: Սա դարձավ նաև գործնական դաս, քանի որ թարգմանության տեսական դասընթացի ժամանակ բազմիցս անդրադառնում եմ միջնշանային (ինտերսեմիոտիկ) թարգմանությանը, և այս պարագայում, ըստ էության, ուսանողներն արեցին հենց միջնշանային թարգմանություն՝ իրենց հույզերը վերածելով նկարի»,- տեղեկացնում է Սոնա Սարությունյանը և հավելում, որ հանդիպման ավարտին էլ մասնակիցները երգել են Մաշտոցի շարականներից հատված:
Համագործակցություն Վենետիկի Կա’Ֆոսկարի և ԵՊՀ-ի միջև
2016 թվականից Վենետիկի Կա’Ֆոսկարի և Երևանի պետական համալսարանների միջև գործում է Erasmus+ ICM ծրագիրը: Ընդգրկված ոլորտներն են’ լեզվաբանություն, գրականություն, թարգմանաբանություն, պատմություն, տնտեսագիտություն, հնագիտություն, միջազգային հարաբերություններ: Մինչ այժմ իրականացված ծրագրերի ընդհանուր ֆոնդը գրեթե կես միլիոն եվրո է կազմել:
«Կրթական այս ծրագրի շրջանակում ԵՊՀ-ից արդեն հյուրընկալել ենք գրեթե հիսուն ուսանողների, դասախոսների և աշխատակիցների: Այցելու դասախոսները հնարավորություն են ունեցել նաև հրատարակելու իրենց ուսումնասիրությունները Կա’Ֆոսկարիի գիտական հանդեսներում: Իրականացնում ենք նաև թեզերի համաղեկավարություն, ինչպես նաև տալիս գիտական խորհրդատվություն ԵՊՀ ուսանողներին: ԵՊՀ-ի դասախոսներն էլ հաճախ փորձագիտական կարծիք են տրամադրում Կա’Ֆոսկարիի գիտական հանդեսներին ներկայացված նյութերին»,- եզրափակել է Սոնա Հարությունյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
14:35 24.06.2025
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀԳործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, նա պատասխանել է. «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ»։ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ քրեական […] ...
14:25 24.06.2025
Yandex Armenia-ն գործարկում է Ultima պրեմիում ծառայությունը. այժմ Yandex Go հավելվածում հասանելի է նաև ուղղաթիռի պատվերըՆոր՝ Ultima ծառայության գործարկմամբ Yandex Go հավելվածում այժմ հնարավոր է պատվիրել ուղղաթիռով թռիչք՝ անհատական երթուղի՝ Copter սակագնով կամ ճանաչողական զբոսաշրջություն՝ Sky Tour սակագնով։ Օդային փոխադրումներն իրականացնում է ծառայության գործընկեր Armenian Helicopters ընկերությունը։ Ուղղաթիռային տուրերը հասանելի են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Դիլիջան, Սևան, Մեղրի, Գորիս, Երևանի ջրամբար, Քարերի սիմֆոնիա, Գառնու կիրճ և այլ վայրեր։ Copter սակագնով […] ...
14:18 24.06.2025
Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններն «անլուրջ» է անվանելՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններն «անլուրջ» է համարում: Այս մասին նա հայտարարել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում: «ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել, որ Ուկրաինան գտնվի հնարավորինս ուժեղ դիրքում, երբ սկսվեն լուրջ բանակցություններ, և այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստամբուլում, լուրջ չէ», – ասաց Ռյուտեն։ Նա չի բացատրել, թե […] ...
14:13 24.06.2025
Յամալը` աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստTransfermarkt-ը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքները. կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը դարձել է 200 միլիոն եվրո: Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe-ի վարկածով նույնպես Յամալն այսօրվա դրությամբ համաշխարհային ֆուտբոլի ամենաթանկարժեք խաղացողն է։ 180-ական միլիոն եվրո տրանսֆերային արժեքով Յամալին հաջորդում են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող […] ...
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...