Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

23:39 19.04.2025

Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:
Արշակ արքեպիսկոպոսը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ընդգծեց, որ երկու հազար տարվա հեռավորությունից հետո էլ Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։

Այնուհետև, խոսելով Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին օրերի ողբերգական իրադարձությունների մասին, ի մասնավորի նշեց․ «Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։

Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Հարության հրաշքով Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։

Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։

Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզման։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)»»:

Ապա դիմելով հավատավոր ժողովրդին՝ պատարագիչ Սրբազանը նկատեց, որ Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։

«Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ միայն համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։
Եվ ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած»,- ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով հավատացյալներին փորձությունները վերածել կամքի զորացման, մերժել թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենալ, մեղանչելուց հետո չդադարել մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվել հույսից, պայքարել մեղքի դեմ, պայքարել կյանքի ու արժանապատվության, հավատքի և ինքնության, առաջընթացի ու կատարելագործման համար։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

12:52 14.08.2025

Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան

12:45 14.08.2025

«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան

«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։ Լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի շուրջ կես միլիոն ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։ «Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...

Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունը

12:39 14.08.2025

Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունը

Օգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայանքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ […] ...

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

12:31 14.08.2025

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կա­դաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր […] ...

Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթ

12:20 14.08.2025

Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթ

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...

Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվել

12:07 14.08.2025

Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվել

Սերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...

BACK_TO_TOP