ՀՀ ՍԱՊԾ-ից հայտնում են, որ համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տեսանյութը գրանցվել է որպես ահազանգ և արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից և առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է  միսը վաճառել միայն սառնարանից:

Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են և լուծումը կարող է լինել միայն համակարգային:

ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է չգնելոչ սառնարանային պայմաններում վաճառվող միս:

Ավելի վաղ, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Անուշ Հարությունյանը հայտնել էր, որ նախորդ երկու տարիների աշխատանքների արդյունքում Գումի և Հարավարևմտյան թաղամասում գտնվող մսի շուկաներում տնտեսվարողների մոտ 50 տոկոսը միսը վաճառում է սառնարաններից: